«Իր բոլոր հանդերձանքը, զենք-զինամթերքը թողել է ու անցել հակառակորդի կողմը: Պատճառներն ուսումնասիրվում են, կհետազոտվեն: Ինչ վերաբերում է տեսանյութերին, երևի ռեժիսուրայի բնագավառից է»,- այսպես էր մեկնաբանել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի` մարտի 22-ին հակառակորդի սահմանն անցնելու դեպքը: Փոխնախարարը նկատել էր, որ քննության ընթացքն ու ուսումնասիրությունները բոլոր հարցերին կպատասխանեն:
Իսկ այս դեպքից հետո առաջացած հարցերի հարցը մնաց անպատասխան` ինչպե՞ս կարողացավ զինծառայողն անվնաս «տեղ հասնել», եթե երկու սահմանների միջև ականներ կան տեղադրված:
Հիշեցնենք, որ երեկ «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն Armlur.am-ի հետ զրույցում նկատել է, որ ականապատված տարածքներում կան անցումներ, որոնք հստակեցված են, ինչն ինչ-որ տեղ անցնողի «գործը հեշտացնում է»:
Նշված հարցի շուրջ Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ ՊԲ-ից, սակայն ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սենոր Հասրաթյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Իսկ լրատվական բաժնի աշխատակիցներից մեկը, ով հրաժարվեց նշել իր անունը, մեր հարցին ի պատասխան միանշանակ բացառեց այն հանգամանքը, որ հնարավոր է պայմանագրային զինծառայողի մոտ համապատասխան քարտեզ լիներ, որում նշված կլինեին ականների գտնվելու վայրերը: Ինչ վերաբերում է անվնաս անցնելուն, ապա մեր զրուցակիցը նշեց, որ քանի որ հիմա քննություն է ընթանում, իրենց կողմից սխալ կլինի որևէ պաշտոնական նախնական մեկնաբանություն անելը:
Թե ինչ կպարզի քննությունը, պարզ կդառնա առաջիկայում, այդուհանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել նաև նախորդ տարվա հունիսի 22-ին Քաշաթաղի հյուսիսային մասում տեղի ունեցած ողբերգական դեպքը: Այդ ժամանակ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան նշված հատվածում ականապատ տարածքում պայթել է, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 3-ը ստացել էին մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Բարեբախտաբար մարտի 22-ին զորամասը լքած մեր հայրենակիցը նման վիճակում չհայտնվեց, սակայն փաստ է, որ հակառակորդի հետախույզները կամ, առհասարակ, զինուժի ծառայողներն անարգել կկարողանան մտնել ԼՂՀ կամ ՀՀ տարածք, իսկ շարքային քաղաքացիները, ցավոք, անփութության կամ մեկ այլ պատճառներով տուժում են: