ՕԵԿ-ի` Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու 3 պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ը չի պահանջում Սերժ Սարգսյանի հեռացումը, ընտրությունների միջոցով ժողովուրդը պետք է որոշի, թե ում է ընտրում և ով պետք է հեռանա ասպարեզից: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ արտահայտեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու է ՕԵԿ-ն իրեն ընդդիմություն հռչակել,  պատգամավորը պարզաբանեց, թե իրենք դեմ են քաղաքական մոտեցումներին, որոնցով կառավարվում է երկիրը, այլ ոչ թե կոնկրետ մարդուն: ՕԵԿ պատագամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու մի քանի պատճառ կա:

Նա նշեց, որ դրանցից մեկը բարոյական հարցն է, քանի որ ՕԵԿ-ը 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Պատճառներից երկրորդն, ըստ Մարգարյանի, այն է, որ Սարգսյանը հեռացող նախագահ է, իսկ երրորդ պատճառը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, երբ քննարկվում է իմպիչմենտի հարց, այն հաստատվում է մեծամասնության կողմից, իսկ ԱԺ-ում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, հետևաբար իմպիչմենտի գաղափարն այս դեպքում անիրագործելի է դառնում:

Հովհաննես Մարգարյանը, արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է «ջեմերի և մուրաբաների» շնորհիվ ընտրություններ կազմակերպել` նկատի ունենալով նախորդ ընտրություններին ՕԵԿ-ի կողմից բաժանված ջեմերն ու մուրաբաները, Հովհաննես Մարգարյանը վրդովվեց՝ նշելով, թե իրենք իրենց ունեցածի չափով աջակցել են իրենց կուսակիցներին, իսկ դա որևէ կապ չունի ընտրակաշառքի հետ:




Լրահոս