Ինչպես հայտնի է, Լոնդոնում ավարտված ամառային 30-րդ օլիմպիական խաղերի պատվիրակները հավաստիացրել էին, թե գերազանցելու են նախկին արդյունքները, սակայն այդպես էլ չարդարացրին հույսերը: Անհասկանալի է, թե ինչու օլիմպիադային չմասնակցեց Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ): ՀԱՕԿ-ը դա բացատրեց վնասվածքով, որը նա ստացել է վերջին մարզման ժամանակ: Անհասկանալի ու նաեւ շատ ցավալի էին Առաքել Միրզոյանի (69 կգ), Մելինե Դալուզյանի (69 կգ) եւ Արա Խաչատրյանի (85 կգ) ձախողումները… Այս ամենի արդյունքում հրաժարական տվեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ԺՊ նշանակվեց ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Շահազիզյանը:
Հիշեցնենք, որ այս մարզաձեւից Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ բրոնզե մեդալ նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը: Ձեր կարծիքով՝ նա վա՞տ նախագահ էր:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ նա լավ է կատարել իր աշխատանքը: Իսկ թե ինչն է եղել նրա հրաժարականի պատճառը, չգիտեմ: Երեւի հիմնական պատճառն այն էր, որ նա Գագիկ Ծառուկյանին ոսկե մեդալներ էր խոստացել, բայց չստացվեց: Ճիշտ է, նախագահի դերը մեծ է մարզիկի գործում, բայց պետք է ասեմ, որ ամենամեծ դերը մարզիկի համար ունի իր մարզիչը: Նոր նախագահին չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ նա նույնպես մեր թիկունքին կանգնած կլինի:
ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆ
ծանրորդուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Ողջունում եմ, որ Սամվել Խաչատրյանը հրաժարական տվեց: Չէի ասի, թե վատ նախագահ էր, բայց միայն ասում էր՝ ե՛ս եմ, մենակ ե՛ս, մարզիկն ի՞նչ է անում որ… Իմ անհաջողությունների մեծ մասի պատճառը նա է եղել: Եթե ես 30 տարեկան եմ, դա չի նշանակում, որ ես պետք է սպորտից հրաժարվեմ: Մինչեւ 35 տարեկանը ես կարող եմ սպորտով զբաղվել եւ արդյունք տալ: Նպատակ ունեմ, որ մյուս օլիմպիական խաղերի հաղթող եմ լինելու. կտեսնեք, թե ինչպես կծաղկենք:
ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ծանրամարտիկ
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե իրեն հանել են, հասկացել են, որ դա ճիշտ է, ու այդպես էլ վարվել են: Չգիտեմ՝ իրեն ստիպել են, թե նա է ինքնակամ գնացել այդ քայլին, հարցը կարող եք իրեն տալ: Կարծում եմ, եթե Սամվել Խաչատրյանը թիվ մեկ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, եւ արդյունքները գոհացնող չեն եղել, ուրեմն ինքն է մեղավոր: Նոր նախագահին անձամբ ճանաչում եմ եւ իր հետ մեծ հույսեր եմ կապում:
ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ծանրամարտիկ
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ տխրեցի, երբ լսեցի նրա հրաժարականի մասին, չէի ցանկանա, որ նա հրաժարական տար: Իր՝ նախագահ լինելու տարիներին ես ինքս շատ նվաճումներ եմ ունեցել: Սամվել Խաչատրյանի հրաժարականը կապված է այն բանի հետ, որ Գագիկ Ծառուկյանին խոստացել էր շատ մեդալներ բերել, սակայն այդպես չեղավ, եւ նա հրաժարական տվեց, ոչ ոք իրեն չի ստիպել դա անել: Նոր նախագահին չեմ ճանաչում. հուսով եմ, որ նա էլ լավը կլինի ծանրամարտի համար:
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
ծանրորդուհի Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ