ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ԱԺ վերջին քառօրյային այդպես էլ չմասնակցեց: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին ժամանակներս Ա. Աղաբաբյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամների հարաբերությունները լարվել են: Բանն այն է, որ պատգամավորը սրտնեղել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը վերջերս ստուգումներ է իրականացրել իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում 60 մլն դրամի տուգանք սահմանել, իսկ այդ ընթացքում իր թիմակիցներից որեւէ մեկը քայլ չի արել իրեն պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Աշոտ Աղաբաբյանի միջեւ «պայքար» էր սկսվել, քանի որ «Հրազդան» տոնավաճառի բարձր վարձավճարներից դժգոհող առեւտրականներին Ծառուկյանն առաջարկել էր առանց վճարի տաղավարներ Աբովյան քաղաքում: Առեւտրականները որոշել էին հրաժարվել Ա. Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում աշխատելուց եւ տեղափոխվել էին Աբովյան քաղաք: Նշենք, որ մինչ օրս Աբովյանում Գ. Ծառուկյանի «հսկողությամբ» ընթանում են տոնավաճառի շինարարական աշխատանքները:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչի՞ց է վիրավորված, որ որոշել է խորհրդարանի աշխատանքներին չմասնակցել:
-Պարո՛ն Աղաբաբյան, ինչո՞ւ այս շաբաթ չմասնակցեցիք խորհրդարանական քառօրյային, բոյկոտեցիք, ինչ-որ խնդիրներ ունե՞ք Ձեր հարազատ խմբակցության հետ:
-Նման բան չկա, ի՞նչ բոյկոտի մասին է խոսքը, հիվանդ եմ եղել: Ես որեւէ մեկից նեղացած չեմ, ընդամենը հիվանդ եմ եղել, առողջական խնդիրներ եմ ունեցել, ինչի համար խորհրդարանական աշխատանքներին չեմ մասնակցել: Հիմա նոր եմ մի քիչ լավացել, գրիպոզ վիճակ է մոտս: Մի քիչ լավացել եմ, անգամ չգիտեմ՝ կկարողանամ վաղը (այսօր Ս.Գ.) գնալ Եռաբլուր, թե չէ: Բուլետենի մեջ եմ եղել ու արդեն Ազգային ժողով ուղարկել եմ, թե ինչի համար եմ բացակայել նիստերից:
-Օրերս ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Ձեզ պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում 60 մլն դրամի չափով տուգանք է սահմանել: Նշվում է, որ այս օրերին Դուք հանդիպումներ եք ունենում տարբեր պաշտոնյաների հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են նման կերպ վարվել Ձեզ հետ: Ի վերջո, ինչ-որ արդյունք տվե՞լ են այդ հանդիպումները, թե Դուք պետք է այդ գումարը վճարեք:
-Ես բազմիցս արդեն այդ մասին հայտարարել եմ, տուգանքի հետ կապված մենք արդեն դիմել ենք դատարան: Իրենց թվում է, թե մենք սխալ ենք, իսկ մեզ էլ թվում է, որ մենք ճիշտ ենք, դրա համար էլ մենք դիմել ենք դատարան, թող դատարանը որոշի, թե իրականում ինչ է կատարվել, եւ ով է ճիշտը: Ես կարծում եմ, որ այս հարցը կարելի է լուծել իրավական ոլորտում, ես միշտ էլ իրավական ոլորտում եմ փորձում հարցը տեսնել, իմ գլխի ոչինչ չեմ անում: Ճիշտ տարբերակը սա է, թող դատարանը որոշում կայացնի: Թող ամեն ինչ լինի օրենքի սահմաններում: Մենք ունենք փաստաբան, ու բոլոր հարցերին կտրվի պատասխան: Պետք է սպասել:
-Ամեն դեպքում, Դուք նեղսրտա՞ծ եք Ձեր խմբակցությունից, նշվում է, որ նեղված եք այն իրավիճակից, որն այս օրերին ստեղծվել է Ձեր շուրջ:
-Իսկ եթե նեղվեմ, բա՞ն է փոխվելու, այսօր մենք բոլորս էլ նեղված ենք: Հիմա այսպիսի խնդիր է տոնավաճառում, որ եթե անգամ 10 առեւտրական մնա, ես չեմ կարող այդ մարդկանց ասել` թողեք, գնացեք, այսինքն՝ տոնավաճառը պետք է աշխատի: Իսկ ինչ մնում է ֆինանսական մեր վիճակին, իհարկե… մարդիկ ոչ թե իմ մոտից գնացել են մեկ այլ տեղ, այլ ուղղակի որ առեւտուր չկա, գնացել են տուն: Ո՞ւմ բողոքեմ, կամ ինչի՞ բողոքեմ, վիճակը հիմա սա է, պետք է բոլորս էլ յոլա գնանք: Ես նորից եմ կրկնում, որ այսօր բոլորն էլ խնդիրներ ունեն, այսօր իրավիճակը սա է, առավել եւս, ես համարում եմ, որ խորը ճգնաժամի մեջ ենք:
-Իսկ այս խնդրի հետ կապված փորձել եք խոսել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, արդյո՞ք փորձում եք հանդիպում ունենալ նրա հետ ու հասկանալ, թե ինչո՞ւ են նման կերպ վարվում Ձեզ հետ:
-Գիտեք ինչ, դեռ չեմ փորձել, բայց ուզում եմ փորձել, որ անպայման լինի հանդիպում: Երբ հանդիպեմ, այդ ժամանակ էլ կասեմ:
-Փաստորեն, այդքան դժվա՞ր է հանդիպել Ձեր կուսակցության ղեկավարի հետ, մի՞թե խնդիր ունեք Սերժ Սարգսյանի հետ, նա Ձեզ չի ընդունո՞ւմ:
-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ