Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքի ժամանակ, որում անդրադարձել է հայ-իտալական հարաբերություններին եւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: «Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից, ծնունդ են առնում նոր բարբարոսներ: Այս օրերին Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները հետեւանքն են հենց ամենաթողության, անպատժելիության, – շեշտել է Սարգսյանը՝ շարունակելով, – որպես մի ազգի ներկայացուցիչ, որը հարյուր տարի շարունակ պայքար է մղում ցեղասպանությունների կրկնության դեմ, հավատացնում եմ ձեզ, որ այդ հանցագործությունն արդյունք չէ քրիստոնյա եւ մահմեդական, հրեա եւ գերմանացի, հայ եւ թուրք, հութու եւ թութսի տարանջատման, այլ արդյունք է այն ջրբաժանի, որ առկա է համընդհանուր հիմնարար արժեքներ կրողների եւ դրանք ժխտողների միջեւ»:
Այնուհետեւ շնորհակալություն հայտնելով Իտալիայի այն քաղաքներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` Հռոմ, Միլան, Վենետիկ, Ֆլորենցիա, Տոսկանա, ինչպես նաեւ հիշատակելով Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման փաստը` Ս. Սարգսյանը հույս է հայտնել, որ Իտալիայի օրենսդիր մարմինը կընդունի նաեւ ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագիծը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-իտալական հարաբերությունների հետագա զարգացման հարցերին, ապա հայտնել, որ առաջիկայում՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, կձեւավորվի Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական հիմք, որից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները կմտնեն նոր փուլ: Նա, իհարկե, չի մոռացել նաեւ կրկնել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ Հայաստանի կամուրջ դառնալու հնարավորությունների եւ պատրաստակամության մասին` վերստին հիշատակելով 170 միլիոնանոց ԵՏՄ շուկան, որտեղ դեռեւս ինքը` Հայաստանը, մուտք չունի:
Նկատենք, որ չնայած իր տպավորիչ ելույթներին` ոչ միայն Իտալիայում, այլեւ, առհասարակ, տարբեր եվրոպական երկրներում Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց գոնե Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ապահովել որեւէ շռնդալից քաղաքական քայլ, որն ի ցույց կդներ Ցեղասպանության ճանաչման հարցում եվրոպական քաղաքակրթական կենտրոնների աջակցությունը: Եվ ապրիլի 24-ից ընդամենը օրեր առաջ Իտալիա կատարած այս այցը եւս դժվար է համարել հաջողված ոչ միայն Հռոմի Պապի` Հայաստան այցելելու հրավերքի մերժման, այլեւ Իտալիայի Հանրապետության առաջին դեմքերի կողմից այդ օրը Ծիծեռնակաբերդում լինելու հրապարակային հայտարարության բացակայության պատճառով: