ԿԱՊ ՉՈՒՆԻ
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի պաշտոնից իր եղբորն ազատելու վարչապետի որոշմանը, ասել է. «Իմ եղբոր ղեկավարած կառույցը 2010 թվականից գնումների հետ ընդհանրապես կապ չունի»: Հարցին՝ այսինքն գտնում եք, որ Ձեր եղբորն աշխատանքից անիմաստ են ազատել, նա չի պատասխանել:
ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը կոչ է արել Պետդեպարտամենտին արգելափակել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին՝ ի պատասխան Ալիեւի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Բերմանի բավական կոշտ բովանդակությամբ նամակը տարածել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
ԶՐԿՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ
ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, երեկվանից այլեւս ԱԺ պատգամավոր չէ: Երեկ ուժի մեջ մտավ նրա հրաժարականի դիմումի տասնհինգօրյա ժամկետը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը եւ այն ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե թիվ 1 ընտրատարածքում երբ կլինեն ԱԺ ընտրություններ: Նշենք, որ այնտեղ առաջադրվելու մասին էին հայտարարել «Ժառանգություն»-ից Ստեփան Սաֆարյանն ու ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
ՆԱԵՎ ԲՀԿ-Ի ԴԵՄ
ԲՀԿ քաղխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված իր կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազի միջնորդության հետ: «ԲՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ ԲՀԿ դեմ»,-ասված է հայտարարության մեջ: Ըստ նրանց՝ միջնորդագրում ներկայացված մեղադրանքներն անհիմն են եւ զուրկ որեւէ իրավական հիմնավորումից: Իսկ մինչ այդ Օսկանյանը երեկ հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Բրազիլիայի դեսպանների հետ: Նրանք քննարկել են Օսկանյանի դեմ հարուցված քրգործի մանրամասներն ու պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազի միջնորդագիրը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԵՄ դեսպանը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:
ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐ
Երեկ երեւանում ձերբակալվել է երկու օրենքով գող: Նրանց ձերբակալել են Ռուսաստանից Երեւան ժամանելիս «Զվարթնոց» օդանավակայանում։ News.am-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել են Արտեմ Առաքելյանն ու Թեմուրի Միրզոեւը։ Ա. Առաքելյանը մեկ այլ քրեական հեղինակություն Հասան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կողմնակիցներից է ու Երեւան է ժամանել, որպեսզի ծանոթանա Հայաստանի քրեական հեղինակությունների հետ օրենքով գողի կարգավիճակով։ Առաքելյանին հայաստանյան քրեականներին պետք է ներկայացներ Դեդ Հասանի ազգական Թեմուրի Միրզոեւը՝ Թիմուր Սվերդլովսկի մականունով: Արտեմ Առաքելյանին քրեական աշխարհում ճանաչում են Արտյոմ Լիպեցկի մականունով։