ՍՆՆԴԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին ահազանգել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի նախկին գլխավոր մասնագետ, տեսուչ Անուշ Մնացականյանը եւ «Դոսի» ՍՊԸ-ի անասնաբույժ Լեւոն Գեւորգյանը: Նրանք մեզ հետ զրույցում դժգոհեցին ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի պետ Համբարձում Մաթեւոսյանից: Տեղեկացնենք, որ Մաթեւոսյանն ունի թռչնաբուծարան եւ հացի արտադրամաս, իսկ ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի պետ է նշանակվել երկու ամիս առաջ:
Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքով՝ Հ. Մաթեւոսյանը «Փորձաքննություն» ՍՊԸ է բացել, որը չունի լաբորատորիա եւ մասնագետ փորձաքննություններ անցկացնելու համար: Այն բացելուց հետո Մաթեւոսյանի աշխատող Գնել Մանուկյանը շրջել է խանութներով եւ սպառնացել տնտեսվարողներին, որպեսզի խզեն իրենց կնքած պայմանագրերը «Դոսի» եւ «Վարդգես-Վահագն» ՍՊԸ-ների հետ: «Սպառնացել են խանութներին, ճնշում են գործադրել տնտեսվարողների վրա, որպեսզի խզեն կապը մեզ հետ: Խզել են ու նոր պայմանագիր կնքել «Փորձաքննություն» ՍՊԸ-ի հետ: Մաթեւոսյանի անունով գնացել է ու սպառնացել, թե մեզ հետ պետք է կնքեք պայմանագիր: Բայց շատերը հրաժարվել են, որովհետեւ հասկացել են, որ Գնելի սպառնալիքները սուտ են»,-իրավիճակը ներկայացրեց «Դոսի» ՍՊԸ-ի անասնաբույժը:
Տիկին Անուշը, որը 15 օր առաջ է ազատվել աշխատանքից, մեզ հետ զրույցում նկատեց. «Նելլի անունով մի անասնաբույժ ունեն, որն ամեն օր շրջում է խանութներով, իբր թե ուսումնասիրում կամ ստուգում է, բայց առանց սարքավորումների ու լաբորատոր փորձարկումների: Հետո մսավաճառներին վաճառքի թույլտվության կտրոններ է տալիս ու վերջ: 20 օրից ավել է, ինչ այս վիճակն է»: Նախկին տեսուչի պատմելով` իր ազատման պատճառը եղել է այն, որ չի կատարել Համբարձում Մաթեւոսյանի պահանջները: Թե կոնկրետ ինչ պահանջների մասին է խոսքը, մեր զրուցակիցը խուսափեց հստակեցնել:
«Ինքը նոր է նշանակվել մեզ մոտ: Իրենից առաջ պետ չենք ունեցել, բոլորը գլխավոր մասնագետներ են եղել: Չկատարեցի նրա պահանջները, դրա համար կրճատվեցի»,-առանց կոնկրետացնելու ասաց տիկին Անուշը:
Զրույցի ընթացքում նա մեզ պատմեց, թե ինչպես են անցկացվել Շիրակի մարզում օգոստոս ամսին կատարված ուսումնասիրությունները: «Ձվի շուկայում ուսումնասիրություն կատարեցին առանց լաբորատորիայի` ձուն ականջի մոտ թափ տվեցին ու արձանագրեցին, թե հոտած է: Եւ տնտեսվարողին տուգանեցին 50 հազար դրամով: Մինչդեռ ըստ հրամանի՝ իրենք իրավունք ունեին միայն ուսումնասիրության, այլ ոչ թե վարչական տուգանք նշանակելու: Անիմաստ տուգանեցին Հովհաննես Մարգարյանին պատկանող խանութին: Երբ մի ապրանքատեսակի նմուշառում են վերցնում, ապա դրա նմանը տալիս են տնտեսվարողին, իսկ այդ ժամանակ չեն տվել»,-վրդովված պատմեց նախկին տեսուչը:
Ներկայացված խախտումների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի պետ Համբարձում Մաթեւոսյանին, որը զայրացած պատասխանեց. «Անուշը մեր նախկին աշխատակիցն է, որին մենք հանցանքի մեջ բռնեցինք: Այդ պատճառով նա ինքնակամ ազատվեց աշխատանքից: Բացի այդ, մենք նաեւ քաղծառայությունում միջնորդագիր գրեցինք, եւ նրան զրկեցին աշխատանքից»:
Կենտրոնի ղեկավարի  խոսքով՝ ծառայության կողմից արված ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ «Դոսի» ՍՊԸ-ն իրականում երբեւէ ոչ մի ստուգումներ էլ չի անցկացրել: «Միայն փող է հավաքում: Դրա համար մենք խնդրեցինք տնտեսվարողներին, որպեսզի պայմանագիր կնքեն այնպիսի ընկերությունների հետ, որոնք իսկապես ստուգումներ կանցկացնեն կամ ճիշտ կսպասարկեն: Ով որ ասում է, թե «Փորձաքննություն» ՍՊԸ-ն ճիշտ փորձաքննություն չի անցկացնում, գլուխը պատին է տալիս: Գնելն ո՞վ է, որ գնա ու սպառնա մարդկանց: Եթե նա նման բան անի, ապա պետությունը Գնելի ականջը կկտրի: Իսկ Անուշիկը բոլորին կտանի ծովը ու ծարավ հետ կբերի: Այդ աղջիկն այնպես է ուզում անի, որ ինքն իրեն խլուրդի նման գցի փոսը, իսկ էդ «Փորձաքննություն» ՍՊԸ-ն իմը չէ»,-բարկացած նկատեց ծառայության պետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս