ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվա եւ ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում 2013թ. հունվարի 28-ին կազմակերպվող տոնական հանդիսության համար հայտարարել է 1 ժամ 30 րոպե տեւողությամբ համերգային միջոցառման սցենարի մրցույթ: Ինչպես ասում են` պաշտպանության նախարարությունը բոլոր խաղերը խաղացել է, մնացել է սարի սմբուլը: Ինչ խոսք, Բանակի օրվա տոնակատարությունը շատ, չափազանց կարեւոր միջոցառում է, որին պետք է պատրաստվել հավուր պատշաճի` դեռ ամիսներ առաջ: Առավել եւս, որ այդ միջոցառման ընթացքում առաջին շարքերում նստած հիմնական հանդիսատեսը հայրենի էլիտարիատի փափկասուն ներկայացուցիչներն են, որոնք ոչ միայն չեն ծառայել հայոց բանակում, այլեւ երբեւէ անգամ կիլոմետրով մոտ չեն եղել ՀՀ զորամասերին, էլ չասած` սահմանային դիրքերի մասին: Հետեւաբար, համերգային ծրագրին պետք է պատրաստվել ամենայն նրբաճաշակությամբ` գոհացնելու համար ժելեոտած մազերով երիտասարդ պաշտոնյաների գլամուրային ճաշակը: Իսկ բանակում օրումեջ գրանցվող մահերն ու «ինքնասպանությունները», ինչպես միշտ, որեւէ մեկին չեն հուզում: Միեւնույն է, դրանց համար պատասխանատվություն կրելու հարցում որեւէ ճնշում չկա ո՛չ հանրության, ո՛չ էլ, բնականաբար, իշխանությունների կողմից: Ազգովի զբաղված ենք շա~տ ավելի կարեւոր գործով` Վարդան Օսկանյանին քաղաքական հալածյալ դարձնելով: Հետաքրքիր է, իսկ Աղվան Հովսեփյանը ե՞րբ է մի օր էլ վերջապես զբաղվելու բանակում տիրող խայտառակ իրավիճակով: Ի վերջո, հենց վերջերս պարզվեց, որ հայոց բանակի «փառապանծ» գեներալներից մեկը` Արշալույս Փայտյանը, ամիսներ, իսկ գուցե եւ տարիներ շարունակ մեր զինվորներին, մեր աչքի լույսին ու ազգի որձակին կերակրել է ժամկետանց, իսկ գուցեեւ` սատկած գոմեշի մսով: Բայց դրա դիմաց նա ընդամենն ազատվել է պաշտոնից: Ընդ որում, սա այն նույն գեներալն է, որի «հայրենանվեր» գործունեությունն ավելի քան տասնհինգ տարվա պատմություն ունի, եւ որի մասին մամուլը, նաեւ մենք` մեկ անգամ չէ, որ գրել ենք: Իսկ բանակում տիրող խայտառակ բարքերի, զինվորների խոշտանգումների, ոչ կանոնադրական հարաբերությունների, սպայակազմի կամայականությունների եւ նման «մանր-մունր» բաների մասին խոսելն անգամ ավելորդ է: Այդ ամենն արդեն մեր բանակի սովորական առօրյան է: Եւ զարմանալիորեն, երկար տարիներ երկրի պաշտպանության նախարար աշխատած Սերժ Սարգսյանն այդպես էլ իր «ատկատային» փի-առ կամպանիայի շրջանակներում ժամանակ կամ ցանկություն չի ունենում լրջորեն զբաղվել նաեւ բանակի բարեփոխմամբ եւ այստեղ էլ «գլխից բռնել» մեղավորներին: Փոխարենը նա իրեն շրջապատում է զինվորական ծառայությունից խուսափած երիտկարիերիստներով, որոնց միակ առնչությունը բանակի հետ հունվարի 28-յան համերգներն են:
ՀԱՄԵՐԳԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ