Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հայաստանյան որոշ գործիչների եւ գործարարների համար թատերական ներկայացում կազմակերպելու առիթ է դարձել: Նման գործարարներից մեկն այսօր մի խումբ տղամարդկանց՝ ենթադրվում է իր աշխատակիցներին կամ մի գուցե բարեկամներին, հայկական հին տարազներ է հագցրել, նստացրել ձիերը ու երթով գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Իր «զորքին» շարել է անմար կրակի մոտ եւ լուսանկարել ու տեղադրել համացանցում՝ «Հզոր ենք` հզոր, մեր ոգին չեն կարող կոտրելլլլ…» մակագրությամբ: Այսինքն, այս մարդու համար Հայոց ցեղասպանությունը դա ինքնադրսեւորման միջոց է, տեսեք-տեսեք, ես սենց ներկայացում կարող եմ կազմակերպել:
Այս գործարարն այն մարդն է, որն առաջիններից օբյեկտ կառուցեց Երեւանի կենտրոնի բնակիչներից՝ պետական կարիքի անվան տակ խլված Հյուսիսային պողոտայի սկզբնամասում: Սա այն գործարարն է, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իր օբյեկտի վրա Սերժ Սարգսյանի պատկերով մեծ պաստառ էր փակցրել եւ առիթը չէր կորցնում հայտարարելու համար, որ ինքը «գժվում» է Սերժ Սարգսյանի համար:
Իսկ վերջին տարիներին նա արդարություն է փնտրում Հայաստանում, որովհետեւ, ըստ իրեն, ինչ-որ մարդիկ ցանկանում են իրենից խլել իր «օբյեկտը»: Թատերական ներկայացում կազմակերպելով, երեւի, կարծում է՝ ՀՀ ղեկավարության գութը կշարժի, դե մարդիկ կասեն՝ տեսեք էս ինչ հայրենասեր տղա է, մենք ո՞ւր ենք նրա գույքը խլում: Մարդիկ ուրիշի քանդած տան տեղը տուն սարքելով, ընտրություն կեղծողին մեծարելով, ազգի սրբությունը ծաղրածուության վերածելով՝ ապրում են եւ զարմանում են, երբ տեսնում են, որ իրենց հետ կատարվող գործընթացը ոչ մեկին չի հուզում:
Վահագն Հովակիմյան