Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն օրերս վստահվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Խամաճիկների պետական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանին: «Ժողովուրդ»-ը թատրոնի նոր ղեկավարի հետ զրուցել է առաջիկա անելիքների եւ հնարավոր փոփոխությունների մասին:
-Պարո՛ն Էլբակյան, Մայր թատրոնն այսօր ամենաշատն ինչի՞ կարիք ունի:
-Շատ բաների կարիք ունի: Նախ` շենքը վերանորոգելու անհրաժեշտություն կա, արդեն, ինչպես գիտեք, այն վերանորոգելու որոշումը կայացվել է: Բացի այդ` մենք ժամանակակից լուսային եւ ձայնային տեխնիկայի կարիք ունենք: Ընթացիկ աշխատանքների միջոցով մյուս կարիքներն էլ պետք է հոգանք:
-Իսկ նոր գաղափարի, նոր ռեժիսորների, նոր շնչի կարիք չկա՞: Ըստ որոշ ռեժիսորների ու բեմադրիչների` Մայր թատրոնում անընդմեջ նույն ներկայացումներն են բեմադրվում, եւ նոր ասելիքի պակաս կա: Դուք ի՞նչ կասեք:
-Անպայման զբաղվելու ենք խաղացանկային քաղաքականությամբ: Պետք է ծրագիր կազմվի, որ սկսենք այդ ուղղությամբ աշխատել: Դե, նոր ռեժիսորների կարիք էլ կլինի: Եթե մեզ դիմեն մասնագետներ, որոնց մտածողությունը կհամապատասխանի թատրոնի ծրագրին, մենք կողջունենք նրանց միտքը: Բայց դա չի նշանակում, որ մենք թատրոնի դռները բացելու ենք, բոլորին ասենք` շուտ-շուտ եկեք, բեմադրություն արեք: Մենք կընտրենք լավագույն մտահղացմամբ մասնագետներին: Իսկ թատրոնում նոր գաղափարի առկայությունը մեծապես կախված է դրամատուրգից: Պետք է ստեղծվի համապատասխան դրամատուրգիա, գրականությունն էլ պետք է ժամանակի հետ քայլի: Գրողները պետք է ժամանակից առաջ ընկնեն: Ի դեպ, տեղեկացնեմ, որ մենք մտադիր ենք հայտարարել մրցույթ եւ ընտրել դրամատուրգների: Իսկ նոր ներկայացում բեմադրելն այնքան էլ հեշտ բան չէ, դա մի օրվա գործ չէ, ժամանակատար աշխատանք է: Ներկայացումները չեն կարող արագ-արագ իրար հաջորդել:Հիմա խաղացանկում նոր հեղինակների անուններ էլ կան, հներինն էլ կան: Մեր ժամանակներում ինչպիսի՞ն պետք է լինի խաղացանկը. սրա մասին պետք է մտածենք:
-Ի՞նչ պետք է անել, որպեսզի Մայր թատրոնը, մնալով իր դիրքերում, միեւնույն ժամանակ կարողանա ժամանակին համընթաց քայլել, երիտասարդների հետաքրքրությունը շահել:
-Իսկ Դուք ի՞նչ նկատի ունեք երիտասարդություն ասելով: Երիտասարդությունը բազմաշերտ է: Թատրոնը պահածոյի տարա չէ, որ բոլորի ցանկությունը բավարարի: Այն բարձրացնում է խնդիրներ, որոնք ներկայացնում են իրականության հոգսերը, ազգային նկարագիրը, մտածողությունը: Թատրոնը պարտավոր չէ բոլորի ցանկությունները բավարարել:
-Այո՛, բայց այս դաշտում էլ առկա է մրցակցություն, հանդիսատես գրավելու խնդիր կա:
-Ընդհանրապես, արվեստը «կրոցի» չէ. այն ո՛չ շախմատ է, ո՛չ նարդի: Արվեստն ունի իր ճանապարհը, իր գեղագիտությունը: Ինքս, մեկ այլ թատրոնում տեսնելով լավ ներկայացում, այնպես եմ ուրախանում, կարծես մեր տանը երեխա է ծնվել: Յուրաքանչյուր թատրոն ունի իր տեսակը եւ դրա մեջ պետք է աշխատի: Մայր թատրոնը, օրինակ, պետք է իր ակադեմիական տեսակի մեջ մնա, աշխատի պահպանել ազգային մտածողությունը, էմոցիան:
-Վերջին շրջանում Սունդուկյանի անվան թատրոնում ազատ տեղերն առավել տեսանելի են, ըստ Ձեզ՝ որտեղի՞ց է գալիս այս խնդիրը:
-Ես չեմ կարող ասել, թե բոլոր թատրոնները լեփ-լեցուն են, եւ հենց Սունդուկյանի թատրոնում են ազատ տեղերը շատ: Դրա պատճառներից մեկն այն է, որ Մայր թատրոնի դահլիճը մեծ է, այն հեշտ չէ լցնել: Թատրոնի լեցուն լինելու հանգամանքը կախված է նաեւ այն բանից, թե որքանով են ժամանակները թատերային: Հիմա, ցավոք, ժամանակները թատերային չեն, կյանքը շատ արագ է թռչում, իսկ թատրոնի միակ ուժը կենդանի շփումն է: Եվ հետո, եթե թատրոնը լեցուն չէ, դա դեռ չի նշանակում, թե ներկայացումը լավը չէ: Ես տեսել եմ լեցուն հանդիսատեսով դահլիճներում սարսափելի բաներ, որոնք ներկայացում են անվանում եւ տխրել եմ հանդիսատեսի համար:
-Եվ վերջում` առաջին բանը, որ մտադիր եք փոխել Մայր թատրոնում, ի՞նչն է:
-Բոլոր թատրոններում միշտ նույն բանն եմ ուզեցել փոխել, ձգտել եմ այնպես անել, որ մարդիկ իրար սիրեն: Եթե այդ սերը լինի, կծնվի նաեւ այն ստեղծագործությունը, որի միջոցով այդ սերը կփոխանցվի նաեւ հանդիսատեսին: Դրանով պետք է զբաղվեմ: Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես ամենեւին կոտորածների կողմնակից չեմ, բարության կողմնակից եմ: Միեւնույն ժամանակ, ընկերությունը` ընկերություն, գործը` գործ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՆՈՐ ԱԼԻՔ»-Ի ՆԵՐՔԻՆ ԽՈՀԱՆՈՑԻՆ ՏԵՂՅԱԿ
Յուրմալա քաղաքում տարիներ շարունակ անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցչի անունը հայտնի է: Այս տարի արդեն Սոչիում օգոստոսի 25-30-ը կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մրցակցությունը բավական ուժեղ է եղել. «Կիսաեզրափակչում հայտնվել էին, օրինակ, «Ռուսաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչներ Սամվել Վարդանյանն ու Արծվիկ Հարությունյանը: Ըստ իս, նրանք հաղթելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունեին, քան ես, քանի որ այդ երգիչներն ավելի ճանաչված էին ժյուրիի կողմից: Բայց արի ու տես, որ անցա ես»,-անկեղծացավ Գրիգորը:
Մեր այն դիտարկմանը, թե «Նոր ալիք»-ում հայաստանյան մասնակիցները հաճախ կրկնում են նույն երգերը, եւ արդյոք իրենից նոր երգ, նոր կատարում կարող ենք ակնկալել, Գրիգորը պատասխանեց. «Այս պարագայում խնդիրն արտիստների մեջ չէ, այլ կազմակերպիչների. հենց նրանք են հաստատում երգերը: Օրինակ` Սոնան կամ Էրիկը կատարել են այն երգը, որն ընտրել է ժյուրին: Ի դեպ, այս տարի ազգային հիթի փոխարեն մասնակիցները կատարելու են ժյուրիի ընտրած երգերը»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք Գրիգորը մտավախություն չունի այն տարածված կարծիքի առնչությամբ, որ «Նոր ալիք»-ում անարդարությունն ու խտրականությունը գերիշխող են, երգիչը պատասխանեց. «Անարդարություն ասվածը հարաբերական է, իսկ այդ խոսակցությունները երբեմն դեմագոգիայի են վերածվում: Ինքս ներքին խոհանոցին լավ ծանոթ եմ, պայմանագիր եմ ստորագրել, որի կետերից մեկի համաձայն, օրինակ, իրենք կարող են վերջին օրը փոխել իմ երգը: Գուցե ինձ դնեն մի իրադրության մեջ, որ ես գրավեմ վերջին տեղը, ես դա գիտակցում եմ… Խնդիրն այն է, թե երգիչն ինչպես դուրս կգա ստեղծված իրավիճակից»:
Մեր այն դիտարկմանը, որ հայ երգիչները հիմնականում միջազգային մրցույթներից ցանկանում են մասնակցել միայն «Եվրատեսիլ»-ին եւ «Նոր ալիք»-ին, Գրիգոր Կյոկչյանը պատասխանեց. «Ինքս այս տարի վաստակել եմ նաեւ «Սլավյանսկի բազար» մրցույթին մասնակցելու իրավունք, սակայն երկու մրցույթներից ընտրել եմ «Նոր ալիք»-ը, քանի որ վերջինիս վարկանիշը բարձր է, եւ այն հնարավորություն է ընձեռում դուրս գալ ռուսական շուկա»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ