Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն կարծիքին է, որ թեեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կարեւոր էին եւ լավ էին կազմակերպված, այդուհանդերձ, մենք պետք է մտածենք ոչ թե ակցիաների ու միջոցառումների, այլ առավել հիմնավոր բաների մասին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է տարելիցից հետո կատարելիք անհրաժեշտ քայլերի մասին: Ժիրայր Դադասյանն անդրադարձել է նաեւ թատրոնի առջեւ ծառացած խնդիրներին եւ դրանք լուծելու մեխանիզմներին:
-Պարո՛ն Դադասյան, օրեր առաջ համայն հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչ տպավորություններ ունեք տարելիցին նվիրված միջոցառումներից: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը տարելիցից հետո:
-100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, իհարկե, հրաշալի էին կազմակերպված, բայց ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է մտածենք ոչ թե ակցիաների ու միջոցառումների, այլ առավել հիմնավոր բաների մասին: Ամեն մեկս մեր տեղում պետք է ազնվորեն աշխատենք: Ես Դրամատիկական թատրոնում դիտեցի Հայոց ցեղասպանության թեմայով Պերճ Զեյթունցյանի նոր պիեսի հիման վրա մի ներկայացում, եւ այն ինձ վրա խորը տպավորություն գործեց: Ցավոք, ոչ մի տեղ այդ մասին չխոսվեց, փոխարենը, ֆունդամենտալ գործերը թողած` Ցեղասպանության թեմայով տարօրինակ տեսահոլովակներ էին պրոպագանդում: Իսկ ինչ վերաբերում է տարելիցից հետո մեր կատարելիք հաջորդ քայլին, անշուշտ, դա պետք է արվի իրավական դաշտում փորձագետների միջոցով: Մենք պետք է ունենանք հստակ ձեւակերպված գաղափարախոսություն եւ աշխատենք դրա ուղղությամբ:
-Այս շրջանում շատ խոսվեց դրսի հետ ունեցած մեր հարաբերությունների մասին, իսկ ներսում ի՞նչ խնդիրներ ունենք լուծելու:
-Մենք մի շատ լուրջ խնդիր ունենք, որը կապված է քաղաքակրթվածության հետ: Այդ առումով 80-ականներից հետո մենք հետընթաց ունեցանք: Այսօր մենք շատ ենք հեռու գնացել քաղաքակրթական մշակույթից: Հաջորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմի պակասն է ցանկացած ոլորտում: Որ ասում են` ճաշակին ընկեր չկա, սխալ է, լավ էլ կա: Պրոֆեսիոնալ մոտեցումը ցանկացած հարցում կարող է տալ իր գնահատականը: Օրինակ` պաշտոնյան չպետք է իրեն զգա ոլորտի դիրեկտոր, ասի` էս բանը լավ է, էն բանը վատ է. դա նույնիսկ մարդիկ չպետք է անեն, այլ միայն` մասնագետները:
-Մնջախաղի թատրոնն այն եզակիներից է, որ դրսում ներկայացնում է հայկական մշակույթը` ներսում չունենալով ոչինչ, անգամ շենքային պայմաններ: Ինչպե՞ս եք ֆինանսական սուղ միջոցներով հոգում Ձեր առջեւ ծառացած խնդիրները:
-Ինչ վերաբերում է սուղ պայմաններին, ապա հարկ է նկատել, որ պետության տրամադրած գումարը երբեք չի բավարարում թատրոնի ծախսերը հոգալուն: Եթե Խորհրդային միության տարիներին թատրոններին անհրաժեշտ ամբողջ գումարը փակում էր պետությունը, ապա հիմա մեզ ասում են` կարող եք տոմսեր վաճառել եւ եկամուտ ունենալ: Մենք, իհարկե, եկամուտ ունենում ենք, բայց դա չի կարող համեմատվել այն ծախսերի հետ, որ պահանջում է թատրոնը: Աշխարհում չկա մի թատրոն, որ կարողանա ինքն իրեն պահել, ինքն իր ծախսերը փակել: Եվրոպայում կան հատուկ ֆոնդեր, որոնք օժանդակում են թատրոնին, եւ որոնց տրամադրած գումարները տասն անգամ գերազանցում են պետության կողմից մեր թատրոններին տրամադրած բյուջեն: Ուստի պետք է մշակվեն թատրոնների ֆինանսավորման հստակ մեխանիզմներ: Եվ բացի այդ` տեսեք` մնջախաղը ազգային թատերական եզակի ժանր է, սկսած միջնադարից մեր ազգային ժանրն է եղել, սակայն ուշադրություն դարձրեք, թե որքան քիչ է պրոպագանդվում: Ուստի առաջնային անհրաժեշտություն եմ համարում նախ` թատրոնի ֆինանսավորման հստակ մեխանիզմների մշակումը եւ ապա՝ թատրոնի տարած աշխատանքի պրոպագանդումը:
Ինչ վերաբերում է թատրոնի շենքի խնդրին, ապա պետք է նկատենք, որ մեզ Սունդուկյանի կամ Պարոնյանի թատրոնի չափով տարածք հարկավոր չէ, այլ, գուցե, դրանց 1/10-ը: Մշակույթի նախարարության` տարբեր միջոցառումների վրա ծախսելիք մեկ տարվա գումարը կբավականեցներ մեզ համար նոր շենք կառուցելուն: Ես այն գիտեմ, որ երբ որ լինում է ցանկություն, միջոցներ անպայման գտնվում են: Այդուհանդերձ, հույսը չենք կորցնում:
ՍԱՐՈՅԱՆԻ ՏՈՒՆՆ ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում աճուրդի կհանվի հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը: Ինչպես տեղեկացնում է Fresno Bee-ն, 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տանը Սարոյանն ապրել է 17 տարի: Նրա մահից հետո տունը եւս 3 տեր է ունեցել, ապա վարձով է տրվել: Տունը կառուցվել է 1964-ին, ունի 3 ննջարան եւ մեկ լոգարան, պտղատու ծառեր: Աճուրդը նախատեսված է մայիսին:
Հայ հանրության արձագանքը Վ. Սարոյանի տան` աճուրդի հանվելու լուրին բուռն է: Սոցցանցերի հայկական տիրույթում հայ օգտատերերը մեծ մասամբ նույն միտքն են արտահայտում. Սարոյանի տունը գնելը մեր ազգային արժանապատվության հարցն է:
Գրող Հրաչյա Սարիբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կոչ արեց մեր Կառավարությանը եւ ամերիկահայ համայնքին ոտքի կանգնել եւ գնել Սարոյանի տունը. «Ինձ թվում է` այդ աճուրդին պետք է միայն հայեր մասնակցեն: Սարոյանի տունը հայերս պետք է գնենք, ոչ թե այլազգի մեկը, ով բիզնես-շահեր է հետապնդում: Եթե մենք գնենք Սարոյանի տունը, կարող ենք վերածել այն տուն-թանգարանի: Դա նաեւ Սարոյանին որպես հայ գրող ներկայացնելու եւս մեկ առիթ կլինի, այս պարագայում պրոպագանդայի խնդիր էլ կա»:
Հրաչյա Սարիբեկյանի խոսքով` Սարոյանի տունը, թերեւս, հնարավոր կլինի գնել ամերիկահայ համայնքի միջոցով. «Ամոթալի երեւույթ է, տարիներ առաջ նշեցինք Սարոյանի 100-ամյակը, մի գրողի, ով 50 հատորով գրական ժառանգություն ունի, այնինչ մենք մինչեւ այժմ մի քանի հատորն ենք հայերեն թարգմանել: Այնպես որ, Կառավարությունից ոչինչ էլ սպասելի չէ»,-ասաց նա:
Իսկ, ահա, գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանն այն համոզման է, որ այս հարցի լուծումը պետք չէ «գցել» սփյուռքի վրա. «Ինչպես երեւում է՝ օլիգարխների, եկեղեցի կառուցողների գործողություններից, մեր ազգն ահագին հնարավորություններ ունի, նրանք շատ հանգիստ կարող են այդ ազգային հարստությունը գնել: Մնում է միայն շնորհք ցուցաբերեն, բայց ես չգիտեմ՝ այդ շնորհքը կա, թե չկա»,- մեզ հետ զրույցում նկատեց Ռ.Հովսեփյանը` հավելելով, որ եկեղեցի կառուցելու փոխարեն կարելի է գնել Սարոյանի տունը, վերածել թանգարանի, այդ դեպքում զբոսաշրջիկներ կարող են գնալ այնտեղ, եւ հնարավոր կլինի նաեւ գումար աշխատել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ՈՍԿԵ ՌԵՄՄԻ» ԵՆ ՇԱՀԵԼ
Հյուսթոնի միջազգային 48-րդ կինոփառատոնում կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմմի» մրցանակին (Golden Remmi Award) լավագույն դրամայի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ֆիլմի հեղինակները, փառատոնն անցկացվել է ապրիլի 10-19-ը: Հյուսթոնի միջազգային 48-րդ կինոփառատոնը, որը հիմնադրվել է 1961-ին, համարվում է Միացյալ Նահանգների երեք խոշոր փառատոններից մեկը: Ժյուրիի ու փառատոնի կազմում բացառապես կինոռեժիսորներ են: Փառատոնին ժամանակին մասնակցել են եւ արժանացել նույն մրցանակին Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը, Քոին եղբայրները, Էնգ Լին, Դեյվիդ Լինչը եւ այլ ճանաչված կինոռեժիսորներ: «Ապակե կախազարդ»-ը մինչ այս մասնակցել էր Բուսանի, Կալկաթայի, Մոսկվայի, Մոնրեալի եւ այլ միջազգային կինոփառատոններին:
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՑ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով Հայաստանում եզակի ելույթով հանդես կգա ամերիկյան լեգենդար «Քրոնոս» քառյակը: Հատուկ այս համերգի համար քառյակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մերի Գույումճյանին: Ջութակահար Դեյվիդ Հարինգթոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ երաժիշտներն արդեն եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ տպավորված են այդ այցից: «Ես իմ կյանքի ամենահզոր զգացմունքներն եմ ապրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Իսկապես ազդված եմ»,-նշել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ «Քրոնոս» լարային քառյակի համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐՆ ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ ԿԱՆԱՆՑ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ
FHM ամսագիրը հայտարարել է ամենասեքսուալ կանանց անունները: Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Միշել Կիգանը: Երկրորդ հորիզոնականում Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն է` Քենդալ Ջեները: Քարդաշյան քույրերից Քիմը աղյուսակում զբաղեցրել է 13-րդ տեղը, Քլոեն` 50-րդ, Քորթնին` 62-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակում է Ջենիֆեր Լոուրենսը: Աղյուսակում ընդգրկվել են նաեւ Անջելինա Ջոլին, Ժիզել Բունդհենը, Նիկոլ Շերզինգերը, Ռիհանան: