Մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել ցածր գին առաջարկողները. Երևանի քաղաքապետարանը պատասխանում է ՏՄՊՊՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովի որոշմամբ, մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվեց վարչական վարույթ:

Երևանի քաղաքապետարանը, անդրադառնալով հանձնաժողովի զեկույցին, Armlur.am-ի հետ զրույցում կատարել է հետևյալ պարզաբանումը. «Երևանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներ իրականացրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի տառին համապատասխան բաց թափանցիկ և հրապարակային: Կազմակերպված գնումների գործընթացում լիարժեք ապահովվել է մրցակցության հիմնարար սկզբունքը, ընդ որում` կախված գնման առարկայի առանձնահատկություններից, կազմակերպված մրցույթների մասնակցության քանակային ցուցանիշները մի շարք դեպքերում եղել են տարբեր, ընդհուպ մասնակիցներ չլինելու պատճառով որոշ մրցույթներ չեն կայացել:

Ավելին, չի սահմանափակվել որևէ կազմակերպության մասնակցությունը հայտարարված մրցույթներին: Քաղաքապետարանի մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել առավել ցածր գին առաջարկած մասնակիցները, որոնց արդյունքները, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հրապարկվում են»:




Լրահոս