«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններին վերջնականապես հաջողվել է հարթել մի քանի օր առաջ ծագած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը, որի պատճառը դարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը անցած շաբաթվա վերջին խորհրդարանում ընդունել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Վերջինս էլ վերադառնալով Օսիա՝ հայտարարել էր, թե իբր իր այցը եղել է աշխատանքային, եւ ինքը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արդյունքում պաշտոնական Թբիլիսին պարզաբանում էր պահանջել հայ գործընկերներից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին հաջողվել է Վրաստանի ղեկավարությանը համոզել, որ 67-ամյա Գալուստ Սահակյանը, երբ համաձայնել է ընդունել Անատոլի Բիբլիովին, չի գիտակցել իր քայլի հետեւանքները, քանի որ տարիքն առած, սրտաբաց մարդ է, քաղաքական եւ դիվանագիտական նրբություններից բան չի հասկանում: Վրաստանի ղեկավարությունը, որի մեծ մասը Գալուստ Սահակյանի հետ հանդիպելու առիթ ունեցել է, հայկական կողմի բացատրություններն ընդունել է:
Հ.Գ. Ի դեպ, Գալուստ Սահակյանը, պարզվում է, շատ վատ է տիրապետում ռուսերենին ու ստիպված է եղել ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովին կանչել, որպեսզի նա թարգմանի զրույցը: Հանդիպումն էլ շատ կարճ է տեւել. Գալուստ Սահակյանը եւ նրա՝ Օսիայից եկած հյուրը մի-մի բաժակ սուրճ են խմել ու «մի քիչ» էլ կոնյակ:
Ինչպես նախկին հրապարակումներում նշել էինք՝ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում, որն ավարտվելու է այսօր, նույնիսկ միջին մակարդակի հանդիպում նախատեսված չէ ԱՄՆ պաշտոնյաների հետ: Վերջին երկու օրերին ԱՄՆ-ից ստացվող պաշտոնական հաղորդագրությունները հաստատեցին այդ լուրերը: Բայց ՀՀ իշխանություններին այսօր այդ փաստը կարծես թե չի էլ անհանգստացնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանական վերնախավի ունեցած ակնկալիքներն այս այցից բոլորովին այլ բնույթ ունեն: Այս այցի արդյունքում որոշվելու է՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա տարվա վերջին խուսափել տնտեսական խորը ճգնաժամից, թե ոչ: Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ փորձել ամերիկահայերին համոզել, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանի տնտեսությունում, այդ իսկ պատճառով վճռել է դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչներից անձամբ լսել սփյուռքահայերի պահանջները, որպեսզի գոնե դրանց մի մասին ընդառաջելու գնով հնարավոր լինի գումար «ներարկել» Հայաստանի տնտեսության մեջ:
«Սեւանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված: «Սեւան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, եւ այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, մարդիկ անցել են տնային հացաթխման: Նույն պատկերը նկատում եմ նաեւ Երեւան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»,- ասել է Աշոտ Ավետիսյանը: Նա նաեւ ասել է, որ մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում: Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության շրջանում տնային պայմաններում հացթխումը առավել տարածված էր արցախյան պատերազմի տարիներին՝ 1992-1993 թվականներին: Կարծում ենք՝ այս փաստն ինքնին խոսուն է եւ մեկնաբանման կարիք չունի:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 185 հազար 790 դոլար եւ 5 մլն դրամ: Հայաստանի ամենակոռումպացված մարմնի համարում ունեցող Վճռաբեկ դատարանի նախագահը, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական փաստաթղթերում լրացրել է, որ ունի եկամտի ընդամենը 4 աղբյուր: Եվ ըստ այդ փաստաթղթերի՝ Մկրտումյանի նախորդ տարվա եկամտի աղբյուրներից երեքը եղել է նրա աշխատավարձը կամ դրան հավասարեցված եկամուտը, 6 միլիոն էլ ստացել է պարտքով տված գումարների տոկոսներից: Որպես 2014թ. ձեռքբերում՝ Մկրտումյանը նշել է 1 մլն 200 հազ. դրամով գնված մի հողամաս: Թե որ հատվածում է այդ փոքր գումարով հողամաս գնել Հայաստանի արդարադատության թիվ մեկ պատասխանատուն, պարզ չէ: Տեղեկացնենք, որ Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանն էլ պակաս հարստության տեր չէ. նա 2014-ին 29 մլն 166 հազար դրամով ձեռք է բերել բնակելի տուն, իսկ 4 մլն 800 հազար դրամով էլ հողամաս է օտարել: Բացի այդ՝ նա ունի 30 հազար դոլար, թե որտեղից, դարձյալ չի նշվում:
ԴԻՎԱՆ-ԱՆԳԵՏՆԵՐՈՎ
Հատկապես ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մի շարք երկրների չափազանց համեստ ներկայացվածությունն ու առավել եւս բացակայությունը մենք ազգովի կապեցինք ամեն ինչի, բայց ոչ այդ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների վատ աշխատանքի հետ: Սակայն եթե դիտարկենք այն երկրների ցուցակը, որոնք որոշակի` քաղաքական, տնտեսական եւ պատմական կապերով պայմանավորված, պարտավոր էին ներկա լինել Ծիծեռնակաբերդում, սակայն, ըստ պատշաճի, չեղան, ապա կտեսնենք, որ գրեթե բոլոր այդ երկրներում էլ մենք ունենք ոչ պրոֆեսիոնալ դեսպաններ, որոնց այդ պատասխանատու պաշտոններում ներկա եւ նախկին նախագահները նշանակել են՝ բացառապես անձնական նախասիրությունից ելնելով:
Այս առումով ամենացցուն օրինակը Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն է, որի գործունեությանն արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու: Եվ այն, որ Հայոց ցեղասպանության հարցում Վրաստանն իրեն նման խայտառակ ձեւով պահեց, մեծապես պայմանավորված էր նաեւ ՀՀ դեսպանի գործունեությամբ, ավելի ճիշտ` դրա բացակայությամբ (խոսքը ոչ միայն Հայաստան ուղարկած պատվիրակության կազմի մասին է, այլեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վրաց խորհրդարանականների պահվածքի): Այնինչ՝ Վրաստանը մեզ համար այնպիսի կարեւորություն եւ այնքան խնդիրներ ունեցող երկիր է, որտեղ ՀՀ շահերի պաշտպանությունը պետք է վստահվեր մեր ամենահմուտ եւ փորձառու դիվանագետներից մեկին:
Հայաստանի դեսպանի գոյության փաստը վաղուց արդեն վիճելի է Բելառուսի պարագայում: Այստեղ «պատվավոր թոշակի» գնացած Արմեն Խաչատրյանը, ով հանրության հիշողության մեջ մնացել է առավելապես հյուրանոցի խալաթի հետ կապված միջադեպով եւ իր սրամիտ բաժակաճառերով, վերջերս իր մասին հիշեցրել է միայն մեկ անգամ, այն էլ դարձյալ իրեն խիստ հոգեհարազատ` խնջույքային թեմատիկայով` տեղի լրատվամիջոցների առջեւ ի ցույց դնելով իր խոհարարական տաղանդը: Իսկ թե ինչպիսի միջոցառումներ էր կազմակերպել ՀՀ դեսպանը ապրիլի 24-ին Մինսկում կամ ինչպիսի ջանքեր էր գործադրել, որպեսզի Բելառուսի նախագահն այդքան ակնհայտ կերպով չարհամարհեր ԵՏՄ-ում դաշնակից Հայաստանին, հայտնի չէ:
Նույնը` Ղազախստանում, Ուկրաինայում, Թուրքմենիայում եւ այն բոլոր երկրներում, որտեղ գործող ոչ դիվանագետ դեսպաններն իրենց կարգավիճակն ընկալում են որպես սեփական բիզնեսը ծաղկեցնելու միջոց, այլ ոչ թե ՀՀ շահերին ծառայելու պարտավորություն: Եվ դժվար է ասել, թե ինչու են նրանք այդքան վստահ, որ իրենց «խաթրին» ոչ ոք չի կպչի եւ իրենցից ոչ ոք հաշվետվություն չի պահանջի չկատարած աշխատանքի համար: Հավանաբար նրանց այդ վստահությունն ունի շատ կոնկրետ ֆինանսական հիմքեր, հակառակ դեպքում առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը պարտավոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի աշխատանքներում ձախողված դեսպաններից հատ առ հատ հաշվետվություն պահանջել: