ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր դատավորների եւ ճանապարհային ոստիկանության միջեւ առկա դատական քաշքշուկին: Պարզվում է՝ բացի ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից, ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2013թ նոյեմբերի 21-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով դատավոր Արայիկ Մելքումյանից գանձել 50.000 դրամ:
Ինչպես փորձն է ցույց տալիս՝ դատավորը ձեռնունայն չի նստել եւ ի սկզբանե նպատակ է ունեցել չվճարել 50.000 դրամ: Հակընդդեմ հայցով դիմել է դատարան եւ հայտնել, որ տուգանքի գումարն ամբողջությամբ վճարել է, սակայն գործը նախագահող դատավոր Ռաֆիկ Խանդանյանը դատավորի հակընդդեմ հայցը հետ է վերադարձրել եւ 2014թ փետրվարի 13-ին ճանապարհային ոստիկանության պահանջի հիման վրա դատաքննություն նշանակել: Եվ, ահա, 50.000 դրամ տուգանքի շուրջ քննությունը տեւել է շուրջ մեկուկես տարի, որն էլ իր հանգուցալուծումը ստացավ 2015թ մարտի 26-ին: Տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանը պարզել է՝ իրոք, դատավորը վճարել է ՃՈ տուգանքը, եւ, ըստ այդմ, ճանապարհային ոստիկանություն ծառայության հայցն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին մերժել է:
Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արայիկ Մելքումյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի միակ դատավորը չէ, որ ճանապարհային ոստիկանության հետ խնդիրներ է ունեցել:
2014թ հոկտեմբերի 15-ին նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն էլ է դիմել ՀՀ վարչական դատարան` պահանջելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն անվավեր ճանաչել: Ավելին՝ Մեսրոպ Մակյանը միջնորդություն է ներկայացրել արգելել դատարան ԴԱՀԿ ծառայության որոշակի գործողություն կատարումը, սակայն գործը նախագահող դատավոր Հրաչյա Այվազյանը դատավորի միջնորդությունը մերժել է:
Իսկ ինչո՞ւ է դատավորը դիմել դատարան եւ, առհասարակ, ինչ խնդիր է ունեցել, որ գործը հասել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:
Պարզեցինք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը եւս ճանապարհային ոստիկանության հետ տուգանքի հետ կապված խնդիր է ունեցել եւ, ըստ էության, դատավորը չի կատարել իր պարտավորությունը, եւ ԴԱՀԿ ծառայությունը դատավորի գույքի վրա արգելանք է դրել, որպեսզի գանձի տուգանքը:
Եվ, ահա, Մեսրոպ Մակյանն էլ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ԴԱՀԿ-ի բռնագանձումների բաժնի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն անվավեր ճանաչել:
Սակայն երկու ամիս անց ԴԱՀԿ ծայառությունը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայտնելով, որ կատարողական վարույթի ուսումնասիրության արդյունքում պարզել է՝ դատավորի կողմից «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական ակտը ենթակա չէ կատարման, եւ հաշվի առնելով այս հանգամանքը՝ վերացրել են պարտապանի գույքի վրա դրված արգելանքը:
Եվ այս ամենը հիմք է հանդիսացել, որպեսզի ՀՀ վարչական դատարանը Մեսրոպ Մակյանի պահանջը բավարարի եւ ԴԱՀԿ բռնագանձումների բաժնի կողմից կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կարճի:
Ինչպես նկատում ենք՝ բոլոր դեպքերում էլ դատավորները ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված հայցերը «ընկերաբար չեն բավարարել»: Այսինքն՝ ՀՀ ոստիկանությունը մշտապես պարտվել է դատարաններում (գոնե այն դեպքերում, որոնք մենք ուսումնասիրել ենք): Պատկերացնո՞ւմ եք, եթե վերոնշյալ դատավորները լինեին հասարակ քաղաքացիներ: Դժվար թե դատարանում հաղթեին այնպես, ինչպես հիմա` դատավորի կարգավիճակում: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ բոլոր դատավորների դեպքում ՀՀ ՃՈ-ն մշտապես սխալ է գործել: Մինչդեռ ՀՀ շատ քաղաքացիներ իրականում շարունակում են կքել տուգանքների բեռի տակ: Վարորդներ կան, որ արդեն կիլոգրամով են կշռում իրենց ստացած տուգանքների մասին ծանուցումներն ու դատական հայցերը: Նրանք չեն էլ կարողանում ապացուցել իրենց ճշմարտացիությունն ու անմեղությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԴԱՏ՝ ՍԻՍԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ով հովվապետական այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուշադիր հետեւում է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, ով դրական է գնահատել կատարված աշխատանքները: Վեհափառ Հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ ելույթները, կարեւորությամբ շեշտել է աշխատանքները նույն թափով շարունակելու անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվել է Ստամբուլում մայիսին՝ Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, կաթողիկոսարանի դատի վերաբերյալ ասուլիս տալ: Նորին Սրբությունը կապի մեջ է նաեւ հանձնախմբի այլ անդամների հետ եւ ուշադիր հետեւում է միջազգային մամուլին եւ Թուրքիայի հակազդեցություններին:
Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը դատ էր բացել Թուրքիայի սահմանադրական դատարանում` պահանջելով Սիսի իր պատմական կաթողիկոսարանի վերադարձը: Կիլիկիո կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, խորհրդանշական իմաստ ունի Կիլիկիայի ու ողջ հայության համար: Թուրքական կառավարությունը Սիսի կաթողիկոսարանը առգրավել էր Ցեղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ տվեց Սահակ Բ. Խաբայան կաթողիկոսին` կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական եւ մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնեց գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվեց Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում, 1930-ին` Անթիլիասում։

 
ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ
ՀՀ Կառավարությունն առաջիկա նիստում որոշում կընդունի` պետական բյուջեից 160 հազար եվրոյին համարժեք գումար հատկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համար: Մասնավորապես` «Ղարիբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով երկու հայցերի վճռի պահանջը կազմում է 52 հազ. եվրոյին եւ 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, իսկ «Բաղդասարյանը եւ Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջը 44 հազ. եվրոյին համարժեք դրամ է:

 

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՈՒՄ ԵՆՔ
Անդրադառնալով ՀՀ սահմանային պաշտպանության ներկայիս մակարդակին` ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասել է, թե ներկայումս փորձարկված միջոցների կողքին ներդրվում են նոր զինատեսակներ։ Նախարարը նշել է, թե դիտարկման համակարգը գտնվում է բավական բարձր մակարդակի վրա, ստորաբաժանումները հագեցած են գիշերային դիտման եւ ջերմադիտման սարքերով։ Օհանյանի ներկայացմամբ` ՀՀ ԶՈՒ-ն համալրվում է հայրենական եւ օտարերկրյա արտադրության զինատեսակներով, հեռահար եւ ճշգրիտ զենքերով, կապի միջոցներով: «Մենք տեղեկություններ ունենք Բաքվի գնած սպառազինության մասին։ Ի պատասխան՝ շնորհիվ նոր սպառնազինության, բարձր բարոյական ոգու եւ անձնական պատրաստության մենք պահում ենք հավասարակշռությունը»,- հավաստիացրել է նախարարը՝ հավելելով, թե իր ղեկավարած գերատեսչությունն առկա խնդիրները չի կոծկում, այլ ձգտում է դրանց լուծմանը։

 

ՍՏՈՒԳՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Բելառուսի ՊՆ հաղորդմամբ` երեկ մեկնարկել է ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական կոնտինգենտների պատրաստության հանկարծակի ստուգումը: Դրա շրջանակներում ստորաբաժանումները պետք է օդային տրանսպորտով վերախմբավորում իրականացնեն դեպի զորավարժությունների անցկացման վայր (Տաջիկստան), ուր օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի խմբավորման կազմում տեղ գտած մյուս երկրների զինծառայողների հետ միասին մասնակցելու են ուսումնական առաջադրանքների կատարմանը: Բելառուսի զինված ուժերից դրան մասնակցելու է մոտ 100 զինծառայող ու ավելի քան 15 միավոր տեխնիկա:

 

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ
Լեհաստանում մայիսի 24-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ առաջին փուլում թեկնածուներից որեւէ մեկը 50 տոկոսի շեմը չի հաղթահարել։ Գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկը իր հավաքած ձայների քանակով զիջել է ազգայնական ընդդիմության թեկնածու Անջեյ Դուդային։ Նշենք, որ նախագահական ընտրապայքարում ներգրավված է 11 թեկնածու։




Լրահոս