ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարվել է քննել Աժ նախկին պատգամավորի, բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի դեմ հարուցված քրեական գործը. ինչ է ասել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել
Աժ նախկին պատգամավորի, բռնցքամարտիկ եւ եւս այլ մի քանի անձանց նկատմամբ հարուցված քրեական գործով: Դատավորը իր ինքնաբացարկում նշել է, որ. «ԵԴ/1648/01/21 գործով նախաքննության ընթացքում մեղադրյալ Արշակ Ալյոշայի Զաքարյանի պաշտպան է ներգրավվել փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով այս պահին ևս այս գործով հանդիսանում է Ա.Զաքարյանի պաշտպանը: Տ.Աթանեսյանն իմ ընկերն է, ում հետ գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, նրա հետ 1992-1997թթ-ին սովորել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին, հանդիսանում եմ վերջինիս կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Տ.Աթանեսյանի հետ հաճախակի հանդիպում ենք, շփվում նաև ընտանիքներով:
Բացի այդ, Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է նաև ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, ով, նույնպես հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ միասին աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում:

Այս պարագայում, գտնում եմ, որ վերը նշված հանգամանքը լուրջ կասկածի տակ է դնում նախագահող դատավորիս անաչառությունն ու անկողմնակալությունն այս քրեական գործի քննությունն իրականացնելիս օբյեկտիվ լինելու տեսանկյունից, որն, ինչ խոսք, բխում է Տ.Աթանեսյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների փաստից, հատկապես այն պայմաններում, երբ գործով անցնող բոլոր մեղադրյալներին մեղսագրված են միևնույն արարքները:

Ընդհանրացնելով վերը շարադրվածը, հարկ եմ համարում արձանագրել, որ Տ.Աթանեսյանի հետ բավականին երկար ժամանակահատվածում ունեցած մտերիմ հարաբերություններն ու նրա որդու կնքահայրը լինելն իրենց բարոյական առումով չեն կարող չանդրադառնալ անձիս՝ որպես դատավորի կողմից քրեական գործի նկատմամբ ունեցած օբյեկտիվության վրա, հետևաբար, այդ պատճառով, ինչպես նաև ելնելով արդարադատության շահերից ` գտնում եմ, որ իմ կողմից վարույթ ընդունված թիվ ԵԴ/1648/01/21 գործով պետք է հայտնել ինքնաբացարկ»:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով օրերս կոմիտե էին հրավիրվել Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը ու անակնկալի եկել Քննչական կոմիտեի որոշումից:

Բանն այն է, որ հունվարի 28-ին մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։

Նախաքննական մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել էին հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ փաստաբանների բողոքը բավարարվել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։ Եվ ահա ամիսներ անց Կոմիտեն որոշել է ավելի խիստ գտնվել եւ նրանց մեղադրանք ավելի է խստացրել: Արդյունքում ,նախաքննական մարմինը մեղադրանքը խստացնելուց հետո նախաքննության ավարտ է հայտարարել քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան: Արագած Ախոյանին, Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք փորձել են իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Ք.Մ




Լրահոս