ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԱՆՎՏԱՆԳ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանում գործող գազալցակայանների մոտ կանգնելը, մեքենան լիցքավորելը եւ անգամ գազալցակայանի կողքով անցնելը վտանգավոր է: Հաշվի առնելով այն, թե ինչպես է վերահսկվում դրանց տեխնիկական անվտանգությունը, կարելի է ասել, որ գազալցակայանից օգտվելը յուրաքանչյուրի համար կարող է ճակատագրական լինել: Նախօրեին դա ճակատագրական եղավ Գառնիի 24-ամյա բնակիչ Ռոման Սիմոնյանի համար, ով աշխատում էր Գառնիի մոտակայքում գործող գազալցակայանում:

Նախ նշենք, որ դեռեւս մայիսի 12-ին, Երեւանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի արդյունքում վնասվել էր գազալցակայանի տանիքը: Բարեբախտաբար ոչ ոք չէր տուժել: Սակայն երկու օր անց՝ մայիսի 14-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի ունեցած պայթյունն արդեն մարդկային կյանք խլեց. գազալցակայանի երիտասարդ աշխատակիցը տեղում մահացավ, իսկ մի վարորդ էլ մարմնական վնասվածք ստացավ: Նշենք, որ գազալցակայաններում պայթյուններ եղել են նաեւ նախորդ տարվա ընթացքում, ընդ որում` դարձյալ մարդկային զոհերով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գառնի գյուղի մոտակայքում գործող գազալցակայանը պատկանում է Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, իսկ ՍՊԸ-ի տնօրենն է Արտաշես Մկրտչյանը, ով գյուղապետի ազգականն է: Պարզեցինք, որ նախքան այս դեպքն արդեն Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը այս գազալցակայանի հետ կապված հասցրել է հայտնվել իրավապահների տեսադաշտում: Նա տեղական տուրքերը, վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողություն չի իրականացրել՝ դրսեւորելով անգործություն: Մասնավրապես՝ նա միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:
2014 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը երեք քրեական գործ էր հարուցել՝ համայնքին պատճառած վնասի, դիտավորության, խաբեությամբ զգալի չափերի գումար վերցնելու եւ հափշտակելու հատկանիշներով: Հարուցված երեք քրեական գործերը միացվել էին մեկ վարույթում, իսկ Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը գործում ներգրավվել էր որպես մեղադրյալ: Սակայն, զարմանալիորեն, հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել էին: Հիմա էլ գյուղապետը հայտնվել է հերթական սկանդալի մեջ. նրան պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է նույն գյուղի 24-ամյա բնակիչ, ով աշխատում էր գազալցակայնում:
Մասնագետների պնդմամբ՝ գազալցակայաններում պայթյունները հիմնականում լինում են ճնշումը գերազանցելու եւ տեխնիկական անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով: Ընդ որում, եղել են դեպքեր, երբ որոշ տնտեսվարողներ սեփական բիզնես շահերից ելնելով` նման պայթյունները կոծկել են եւ արել ամեն ինչ, որպեսզի տեղի ունեցածի մասին ոչ ոք չիմանա:
Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության ապահովման վերահսկողությունը պետք է իրականացնի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական ազգային անվտանգության կենտրոնի պետ Վլադիմիր Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ բոլոր գազալցակայանները պարտադիր կարգով պետք է տարեկան տեխնիկական փորձաքննություն անցնեն: Իսկ այդ գործառույթն իրականացվում է ՏԿԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից: Նաեւ կան հավատարմագրված կազմակերպություններ, ՍՊԸ-ներ, որոնք նույնպես իրականացնում են այդ փորձաքննությունը: «Գառնիի դեպքի հետ կապված փորձաքննությունն իրականացնում է «Դամի» տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ-ն: Իսկ մենք դժբախտ դեպքի հետ կապված այժմ իրականացնում ենք տեխնիկական քննություն, որպեսզի պարզենք, ուսումնասիրենք պատճառները, թե ովքեր են մեղավոր այստեղ: Այս պահի դրությամբ, նախնական տվյալներով, կարող եմ ասել, որ գազալցակայանը կառուցվել եւ շահագործվում է անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ»,- ներկայացրեց Վլադիմիր Հովսեփյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Դամի» ընկերության փորձագետ Վարդուհի Սարգսյանի հետ, ով նախորդ տարվա հունիսին անձամբ է փորձաքննություն իրականցրել այդ գազալցակայանում:
«Նախ բալոնն է պայթել, այլ ոչ թե գազալցակայանը: Բալոնի լցավորման համար կա հրահանգ, հաստատված կանոններ: Փորձարկում չանցած բալոնն իրավունք չկա լցավորելու: Վարորդը պարտադիր իր մոտ պետք է ունենա փորձարկումը հաստատող փաստաթուղթ եւ վարորդը պետք է ունենա վկայական, որ ինքը տեղյակ է շահագործումից: Միայն այս երկուսի առկայության, այդ բալոնի տեխնիկական սարքին վիճակի դեպքում ինքը իրավունք ունի լցավորել այդ բալոնը: Ես դեռ պետք է գնամ ու տեղում ուսումնասիրեմ, որպեսզի հասկանամ, թե իրականում ինչ է եղել: Առանց փորձարկման բալոնը իրավունք չունեն լցավորելու, պետք է իրենք փորձարկման ակտը պահանջեին»,- նշեց փորձագետը:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ գյուղապետ Ա. Վարդանյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Տեղեկացնենք, որ Հայաստանում գործում է ավելի քան 303 կազմակերպություն, որոնք զբաղվում են գազալցակայանային բիզնեսով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության տվյալներով՝ 2013 թվականի դրությամբ գրանցված 303 կազմակերպություններում արդեն իսկ տեղադրվել են բաշխիչ աշտարակներ: Տեսչության պետ Լեւոն Խալիկյանի խոսքերով, երբ բացակայում է բաշխիչ աշտարակը, ապա լիցքավորում են ավելի մեծ ճնշումով, ինչն էլ կարող է գազի բալոնի պայթյունի պատճառ դառնալ: Նշենք, որ այս համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի արդյունքում այն ապահովում է նաեւ լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը՝ միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը: Ի դեպ, այս գազալցակայանը նույնպես ունեցել է բաշխիչ աշտարակ: Սակայն, չնայած բաշխիչ աշտարակների, վերահսկողության եւ անվտանգության չափանիշների բարձրացման մասին պաշտոնյաների հավաստիացումներին, գազալցակայաններում պայթյունների դեպքերը չեն վերանում:
Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն առաջացրել է տուժողի մահը:

 

 

 

 

 

ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ԲԱՐՁԵՐՈՎ ԷԻՆ ԵԿԵԼ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ

Երեկ ՀՀ Կառավարության շենքի մոտ մեկնարկեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների նստացույցը: Նաիրիտցիները նստացույցի էին եկել բարձերով ու աթոռներով: Նշենք, որ նրանք երկօրյա նստացույց են անցկացնելու Կառավարության շենքի դիմաց երկու պահանջով` աշխատավարձերի մարում եւ գործարանի վերագործարկում:

Տեղեկացնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները բողոքի ակցիաներն արդեն վեց ամիս է, ինչ շարունակում են` պահանջելով իրենց աշխատավարձի պարտքերի մարում եւ «Նաիրիտի» վերագործարկում: Սակայն անարդյունք: Երեկ ողջ օրվա ընթացքում Կառավարությունից եւ ոչ մի պաշտոնյա չհանդիպեց նաիրիտցիների հետ:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի շուրջ 1700 աշխատակից այսօր պատրաստվում է ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնել: Մոտ օրերս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար անհրաժեշտ է 250-350 մլն դոլար, սակայն դրա հետ մեկտեղ վերջնական համոզվածություն չկա` արտադրանքը կլինի՞ մրցունակ, թե՞ ոչ: Ըստ նրա` առաջիկա օրերին «Նաիրիտ»-ի գույքի գրավի հարցը կլուծվի, եւ այն գրավից կհանվի ու կսկսեն աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը, որը ենթադրում են, որ կավարտվի միայն տարվա վերջին: Սակայն նախարարի այս խոստումներին նաիրիտցիները այլեւս չեն հավատում:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼՈՒ
Մայիսի 17-ին համայնքների խոշորացման հարցով հանրաքվե կանցկացվի Դիլիջան քաղաքում, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Հովք, Աղավնավանք գյուղերում: Որքան մոտենում է տեղական հանրաքվեի օրը, այնքան այդ համայնքներում ավելի շատ հանդիպումներ եւ քննարկումներ են կայանում:
Մայիսի 11-ին Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր գումարել Հաղարծնի մշակույթի տանը: Մասնակցում էին հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Արայիկ Աղաբաբյանը եւ Մնացական Մնացականյանը: Նիստին ներկա էին մարզի համայնքների ղեկավարներ եւ բնակիչներ, քննարկվեցին համայնքների խոշորացման հետ կապված հարցեր: Ստեփան Մարգարյանը հայտարարեց, թե չնայած տեղական հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա, այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ գյուղացիները ակտիվորեն մասնակցեն առաջիկա հանրաքվեին:
Պատգամավորի խոսքով` հանրաքվեին մասնակցելով՝ համայնքների բնակիչները հարցի վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն, որը հետագայում, երբ խորհրդարանում կներկայացվի Կառավարության համապատասխան նախագիծը, պատգամավորներին կօգնի հարցի քվեարկության ժամանակ կողմնորոշվել: Թե Հայաստանի խորհրդարանում պատագամավորները քվեարկությունների ժամանակ որքանո՞վ են առաջնորդվում, բնակիչների կարծիքով, բոլորին է հայտնի, ուստի Մարգարյանի ներկայացրած հիմնավորումը բավականին թույլ էր: Դիլիջանից 10 կմ հեռավորությամբ գտնվող Հաղարծին համայնքի ղեկավար Սարգիս Պողոսյանը նիստի ընթացքում ասաց, որ շատ վաղ է համայնքների խոշորացումը սկսելը, երբ հայտնի չէ, թե դրա արդյունքում որ համայնքներում որքան ֆինանսական ներդրումներ են կատարվելու:
Ս. Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում էլ հայտարարել է, որ ինքն այլեւս չի առաջադրվելու որպես համայնքի ղեկավարի թեկնածու, ուստի համայնքների խոշորացման վերաբերյալ իր դիրքորոշումը կապ չունի այդ հարցի հետ:
Նկատենք, որ խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեին մի քանի օր է մնում, սակայն շատ հարցեր դեռեւս պարզ չեն, օրինակ՝ համայնքների ունեցվածքի խնդիրը: Նշված նիստում խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շեշտեց, որ յուրաքանչյուր համայնք շարունակելու է տիրապետել իր ունեցվածքին, սակայն թե դա ինչ սկզբունքով կիրականացվի, դեռ քննարկման փուլում է:
Հավելենք, որ համայնքների խոշորացմանը առավել հոռետեսական են վերաբերում հին տարեգրություն ունեցող գյուղերի՝ Հաղարծնի, Գոշի, Թեղուտի բնակիչները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս