Ես փորձել եմ ՔԿՀ-ի սնունդը, տանելի էր. Հովհաննես Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ Մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մասով հաշվի է առնվում և մանրակրկիտ ուսումնասիրվում, այդուհանդերձ նախարար Հովհաննես Մանուկյանը համաձայն է ոչ բոլոր դրվագների հետ: Այսօր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՄԻՊ զեկույցին, և ինչ քայլեր են ձեռնարկվում թերությունները շտկելու ուղղությամբ, նման կերպ պատասխանեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նշենք, որ ՄԻՊ զեկույցի համաձայն, ԱՆ ՔԿ հիմնարկներում գրանցվել են բազմաթիվ թերություններ և ապօրինություններ, մասնավորապես սննդի որակի, քանակի և ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության մասերով: Այսպես, օրինակ, ըստ զեկույցի «Կոշ» ՔԿՀ-ում ճաշը նախապատրաստվել էր մոտ 470 անձի համար, սակայն համաձայն պահեստից սննդամթերքի դուրսգրման փաստաթղթերի ` սննդամթերքը տրամադրվել էր 739 անձի հաշվարկով: Եվ սա բազմաթիվ օրինակներից միայն մեկն է: Իսկ պատշաճ բժշկական օգնության տրամադրման մասով զեկույցում նշվում է, որ անազատության մեջ գտնվող անձանց տրվող բուժսպասարկումը եղել է ոչ բավարար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձին ազատազրկվածներ ԲԿԱՄ փորձագետներին հայտնել են, որ բժշկի կարիք ունենալու դեպքում վերջինս ժամանում է նման խնդրանք ներկայացնելուց մինչև երեք ժամ ուշացումով:  ՔԿՀ-ն, զեկույցի համաձայն, ունի բժշկական անձնակազմի համալրման կարիք: Խնդրահարույց է նաև ՔԿՀ-ներում հարազատների կողմից բերված դեղորայքի, բժշկական սպասարկման այլ պարագաների հաշվառման և վերահսկման մեխանիզմի բացակայությունը, ինչը խնդիրներ է առաջացնում նաև վարչակազմի համար:

Այս և մի շարք այլ խնդիրների շուրջ ՄԻՊ-ի բարձրաձայնման մասին նախարարը տեղեկացվել է և հայտնեց, որ շտկելու ուղղությամբ հստակ ծրագրեր են առաջ քաշվել. «Այս պահին հարց է բարձրացվում, թե պե՞տք է արդյոք «Դատապարտյլաների հիվանդանոցը» քրեակատարողական հիմնարկ լինի, թե ավելի արդյունավետ կլինի, եթե այն պետպատվերով բուժսպասարկման ծառայություններ մատուցի կամ մեկ այլ ձևով աշխատի: Այստեղ խնդիրն այն է, որ ԴՀ բուժաշխատողները բավականին ցածր աշխատավարձ են ստանում, և հետևաբար ամեն մարդ չէ, որ կցանկանա այստեղ աշխատել և բուժծառայություններ մատուցել: Եվ խնդիրը միայն ֆինանսականը չէ. քրեակատարողական հիմնարկն ինքնին առանձնահատուկ երևույթ է: Ամեն մարդ չէ, որ կցանկանա այդ պատերի ներսում աշխատել»,- պարզաբանեց նախարարը` հավելելով, որ որևէ որակյալ բուժաշխատող ցանկություն չի հայտնում այնտեղ աշխատելու: Այդ պատճառով էլ առաջ է եկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն այլ ձևաչափի տեղափոխելու հարցը:

Ինչ վերաբերում է սննդի որակին և քանակին, Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, թե սննդի հարցը բարդ թեմա է. «Նախորդ տարի ես ՔԿՎ նորանշանակ պետ Արթուր Օսիկյանի հետ անակնկալ այց եմ կատարել ՔԿՀ, սնունդը փորձել ենք, և այն տանելի էր: Դա պարզապես կապված չէ միայն մատուցման ձևի հետ: Այստեղ շահերի բախում է ի հայտ գալիս. արդյոք պե՞տք է մատակարարն ու ընդունողը նույն անձը լինի: Այստեղ նաև կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս: Շահերը պետք է ճիշտ բալանսավորվեն»:

Հովհաննես Մանուկյանը նշեց, որ չի կարող չընդունել` ապօրինություններ համակարգում կան, սակայն շատ հայտարարություններ, ըստ նախարարի, այնքան էլ մոտ չեն իրականությանը: «Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, բարեփոխումներ արվել են»,- ասաց նախարար Հովհաննես Մանուկյանը:




Լրահոս