Նալբանդյանը Լիբանանի վարչապետին է ներկայացրել ԼՂ խնդրի լուծմանն ուղղված ՀՀ և ԵԱՀԿ ջանքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր լիբանանցի գործընկերոջ Ջեբրան Բասիլի հրավերով պաշտոնական այց կատարեց Լիբանան:

Այցելությունը մեկնարկեց Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպումով։

Ողջունելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարին` Լիբանանի վարչապետն ասաց, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` վարչապետ Սալամը նշեց, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ և փոխշահավետ հարաբերությունները և պատրաստակամ են հավելյալ ջանքեր գործադրել փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման համար։ Կարևորվեց առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալների ավելացումը։

Հանդիպմանը վարչապետ Սալամն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Երկուստեք կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների, Միջին Արևելքում զարգացումների շուրջ։

Հանդիպմանը արծարծվեց Լիբանանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և դրանց խորհրդին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախտագիտությամբ են հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընդունելությունը լիբանանցիների կողմից:

Նախարար Նալբանդյանը վարչապետ Սալամին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Բեյրութում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Լիբանանի խորհրդարանի նախագահը, բարձր գնահատելով տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը, նշեց, որ ջերմությամբ է հիշում 2011թ. Հայաստան կատարած իր այցելությունը, և խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարությանը։

Զրուցակիցները կարևորեցին միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը, խորհրդարանականների փոխայցելությունների և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Լիբանանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին միջինարևելյան զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նույն օրը տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հանդիպումը, որը մեկնարկեց առանձնազրույցի ձևաչափով, ինչին հաջորդեցին բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասաց, որ երկու պետությունների միջև ձևավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է բարեկամական համագործակցության ամրապնդման երկուստեք ցանկությամբ:

Նախարարները շարունակեցին մեկ ամիս առաջ Երևանում մեկնարկած երկխոսությունը, երբ Ջեբրան Բասիլը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հարցերին, արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, փոխգործակցությանը բազմակողմ ձևաչափերում, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվեց, որ առկա է մեծ ներուժ՝ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, և այս առումով զգալի աշխատանք կա իրականացնելու։

Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` նախարարները նշեցին, որ հայ համայնքը, մեծ դրական դերակատարություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, հուսալի ու ամուր կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև: Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին արտերկրում հայկական և լիբանանյան համայնքային կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։
Հանդիպմանն անդրադարձ արվեց Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը հայտնեց, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը:

Բանակցություններին քննարկվեցին Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, կարևորվեց միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը, անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի, Լիբանանի, Ռուսաստանի և Վատիկանի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, շեշտեցին այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության սերտացման, այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Նախարարական համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Նախարար Նալբանդյանն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։

Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը քննարկումները շարունակեցին ՀՀ արտգործնախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:

Մայիսի 26-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Լիբանանում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպեց Լիբանանի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, պատասխանեց լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Ավարտելով այցելությունը Լիբանան` ՀՀ արտգործնախարարը մեկնեց Դամասկոս։

10402461_1117989441560584_3651716941981955404_n

11265154_1117989914893870_8579696494673860199_n




Լրահոս