Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների 13-րդ ամենամյա համաժողովը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաժողովին մասնակցում են նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը և Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, երկրներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման նոր մոտեցումները, իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից ներկայացվելու է նաև 2016-2020 թվականների տուբերկուլոզի հաղթահարման նոր ռազմավարությունը:
Համաժողովում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում հակատուբերկուլոզային ծառայության ստացիոնար և ամբուլատոր օղակներում 2014 թվականից ներդրված ֆինանսավորման նոր մեխանիզմները: