Ազգային ժողովի այսօրվա նիստում կրկին քննարկման դրվեց “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պատգամավորների ելույթներից հետո ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
“Մենք բոլորս խոսում ենք նվազագույն աշխատաավարձի մասին, մենք բոլորս խոսում ենք պրոբլեմների մասին, բայց ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտի ժողովրդի խնդիրները, 1999 թվականից այս կողմ ո՞վ է բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, ո՞վ է անկեղծ եղել ժողովրդի հետ, ո՞վ է մտել ժողովրդի մեջ և յուրաքանչյուր հարցերին պատասխան տվել, ո՞վ ժողովրդին հենց այնպես չի ասել տաս-քսան անգամ կբարձրացնեմ աշխատավարձը, բայց բյուջեն դիֆիցիտից բերել է ավելցուկի, ո՞վ է լուծել սոցիալական պրոբլեմները, ո՞վ է կրճատել աղքատությունը, ո՞վ է լուծել տնտեսական բարեփոխումներ: ՀՀԿ-ն։ Եվ այստեղ խոսել նրա մասին, որ ՀՀԿ-ն չի ուզում, նման բան չկա”,-իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովի խոսքերով՝ իրենք շատ լավ հասկանում են, որ 35000 դրամը բավարար չէ: “Մենք շատ լավ հասկանում ենք, որ դրանով հնարավոր չէ լուծել այն բազմաթիվ պրոբլեմները, որոնք կան, բայց հնարավորոթյունը սա է, և մենք շարունակական ենք լինելու տարեցտարի ավելացնելու թե՛ նվազագույն աշխատավարձը և թե՛, ինչու չէ, մեր քաղաքացիների սոցիալական դրությունը: Եվս մեկ անգամ ասում եմ՝ կարիք չկա, սիրելինե՛րս, ընտրությունների նախաշեմին այս քաղաքական ամբիոնը դարձնել շահարկման առարկա: ՀՀ հասարակությունը, ժողովրդի մեծամասնությունը ընտրությունից ընտրություն ապացուցել է, որ իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ, և ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը միշտ ազնիվ է եղել իր հասարակության հետ և ազնիվ շիտակ, առանց բարձր հայտարարություններ անելու է իր աշխատանքը ՀՀ նախագահի գլխավորությամբե,-ասաց ՀՀԿ խոսնակը: