Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ աշխատանքի կապակցությամբ, որ երկու կառույցներն իրականացնում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում:
Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է հասնել գործընկերության ավելի բարձր մակարդակի, ինչը թույլ կտա հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օլեգ Կոնովալովը ներկայացրեց Բյուրոյի գործունեության առանցքային ուղղություններում նախաձեռնված փոփոխությունները, մասնավորապես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդիականացման, տեղեկատվական բազաների թարմացման և մի շարք այլ ոլորտներում:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ նշեց, որ ծրագրի երկրորդ փուլում առաջնահերթություն է հենց գիտատեխնիկական զարգացումը, և համոզմունք հայտնեց, որ արդիական մոտեցումները կառույցների համագործակցությունը համատեղ աշխատանքի փոխարկելու հիմք կդառնան:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: