«ՆԱ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԲԵՄ ԵՎ ՄԱՏԻՍ ՄԱՏԱՆԻ ԴՐԵՑ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն իր համար գտել է այն ոսկե միջինը, որի շնորհիվ կարողանում է ներկայացնել ժողովրդական երգ՝ հավատարիմ մնալով արմատներին, միեւնույն ժամանակ հետ չմնալով ժամանակից՝ գումար վաստակել: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր առաջիկա ծրագրերի մասին, նաեւ տեղեկացրել է, որ Քարդաշյանների հետ կապը պահպանվում է գործնական ֆոնի վրա:

-Գուրգե՛ն, ի՞նչ նորություններ եք պատրաստում Ձեր հանդիսատեսի համար, այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա աշխատում եմ մի քանի երգերի ձայնագրությունների վրա, դրանցից առաջինն արդեն տեղադրել եմ «Յութուբ»-ում, այն կոչվում է «Ջան Ղարաբաղ», մյուս երգերը եւս շուտով պատրաստ կլինեն: Ծրագրում եմ մի քանի օրից համերգներով հանդես գալ Վրաստանում: Բացի այդ` աշնանը, հավանաբար, էլի կունենամ համերգներ արտերկրում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում:
-Ձեզ համար դժվար չէ՞ հայ երգարվեստի արդի պայմաններում ե՛ւ հավատարիմ մնալով արմատներին` ներկայացնել ժողովրդական երգ, ե՛ւ հետ չմնալով ժամանակից` կարողանալ գումար վաստակել. գտե՞լ եք այդ ոսկե միջինը:
-Այո՛, ես շարունակում եմ երգել ժողովրդական երգեր եւ դրանք մատուցում եմ նորովի: Ինչո՞ւ ոչ. ինձ հաջողվել է գտնել այն միջինը, որի շնորհիվ հնարավոր է լինում համերգներ տալ, երգել միջոցառումների ժամանակ եւ գումար աշխատել:
-Կան կարծիքներ, ըստ որոնց` որքան Դուք մեծացաք, այնքան Ձեր երգացանկում սկսեց գերակշռել ռաբիսը. ի՞նչ կասեք:
-Նման բան չկա. ես հաճախ ժողովրդական երգերը ներկայացնում եմ նոր գործիքավորմամբ, այնպես, որ դրանք ուրախ հնչեն, հասանելի լինեն լայն զանգվածին. դա ամենեւին կապ չունի ռաբիսի հետ: Նման կարծիք հայտնողները կա՛մ երաժշտությունից բան չեն հասկանում, կա՛մ պարզապես նախանձում են, ինչ-որ բան ունեն իմ դեմ: Եթե ես, օրինակ, երգում եմ գուսան Բագրատի երգերը` գործիքավորումը փոխելով, դա հո չի նշանակում, թե ռաբիս եմ երգում: Առհասարակ, ես շատ եմ հանդես գալիս մենահամերգներով եւ պետք է այնպես անեմ, որ ունենամ բազմազան, բազմաբովանդակ երգեր:
-Դուք Ձեր առջեւ ժողովրդական երգը երիտասարդներին տեղ հասցնելու խնդիր դրե՞լ եք:
-Այո՛, չգիտեմ` որքանով է ստացվում, բայց փորձում եմ իմ ներդրումներով, սեփական ուժերով իրականացնել դա. կան շատ լավ արձագանքներ, որոնցից ամեն մեկը շատ է ուրախացնում ինձ:
-Այն բանից հետո, երբ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի շրջանակում հնարավորություն ստացաք Քարդաշյաններին մոտիկից ծանոթացնել հայկական երաժշտությանը, որքանով տեղյակ ենք, Ձեր միջեւ կապը պահպանվում է. այդ մասին կպատմե՞ք:
-Ես չեմ կարող շատ փակագծեր բացել, միայն կասեմ, որ մեր հանդիպման տեսանյութը «Յութուբ»-ում տեղադրելուց հետո ինձ հետ կապ հաստատեց Քարդաշյանի պրոդյուսերը եւ խնդրեց, որ այն ժամանակավորապես արգելափակեմ, քանի որ այդ հանդիպման կադրերը պետք է ներառվեն ռեալիթի շոուի տեսանյութում: Իսկ մեր միջեւ կապը, այո՛, պահպանվում է գործնական ֆոնի վրա. այսքանը:
-Գիտենք, որ դեռ մանկուց երկրպագուների հավատարիմ բանակ ունեք: Հատկապես աղջիկները Ձեզ շատ են սիրում. նրանց հետ կապված հիշարժան դեպքեր եղե՞լ են:
-Այո՛, իսկապես, ունեմ հավատարիմ երկրպագուների մեծ բանակ, նրանք մշտապես իմ կողքին են, սատարում են ինձ դժվար պահերին, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ պատրաստ եմ նրանց համար աշխատել, աշխատել եւ աշխատել: Իսկ երկրպագուների հետ կապված հետաքրքիր դեպքեր շատ են եղել: Օրինակ` հիշում եմ, որ ամերիկյան համերգներից մեկի ժամանակ գլխիս թագ դրեցին, մի անգամ էլ Թեհրանում մի աղջիկ անակնկալի բերեց բոլորիս. նա հանկարծակի բարձրացավ բեմ, մատիս մատանի դրեց, եւ համարյա ամուսնության առաջարկ արեց (ծիծաղում է):
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը, որ Դուք նրա մատին մատանի դնեք:
-Դեռ սիրտս զբաղված չէ, բայց հենց այդ աղջիկը կողքիս լինի, բոլորն էլ կտեսնեն, թե ինչպիսին է նա եւ ինչպես է գերել իմ սիրտը: Միայն կարող եմ ասել, որ իմ կոքին տեղ չունի պատահականորեն ինչ-որ բաներ ձեռք բերած մեկը, ով զրոյական մակարդակից ոչ սեփական ուժերով հասել է բարձունքների: Մնացածն, արդեն, կապրենք, կտեսնենք:

 

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է. ՀՈՒՅՍԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԵՆ

Մոտ մեկ ամիս է` մի խումբ ակտիվիստներ համախմբվել են Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու գաղափարի շուրջ: Բարեգործական ակցիայի շրջանակներում նրանք վաճառում են իրենց ձեռքով պատրաստած բացիկներ` հավաքված գումարը նպատակին ծառայեցնելու համար:

«Ժողովուրդ»-ը նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Սիմոնյանից հարցրեց` ակցիան ինչ հետաքրքրություն է առաջացրել Գյումրիում, ովքեր են միացել նախաձեռնությանը, եւ որոնք են լինելու ակտիվիստների հետագա անելիքները: Նա դժվարացավ հստակ ասել, թե տվյալ պահի դրությամբ որքան բացիկ է վաճառվել. «Նախաձեռնության առաջին փուլի շրջանակում սիմվոլիկ 500 դրամ արժողությամբ բացիկներ գնելով՝ ամեն ոք հնարավորություն ունի իր ներդրումն անել կինոկենտրոնի ստեղծման գործում: Հաջորդ փուլի շրջանակում՝ հունիսի 30-ին, պատրաստվում ենք հեռուստամարաթոն անցկացնել «Ցայգ» հեռուստաընկերության եւ համացանցի միջոցով: Քաղաքացիների ակտիվությունը սպասվածից քիչ է, սակայն նախաձեռնող խումբը պատրաստ է ամեն քայլի դիմել` իր նպատակն իրականություն դարձնելու համար: Հաջորդիվ սպասվում են բարեգործական համերգներ, որոնցից ստացված շահույթը կփոխանցվի կինոկենտրոնի ստեղծման համար նախատեսված բյուջե»,-տեղեկացրեց Տ. Սիմոնյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք նախաձեռնող խմբի անդամները դիմել են Շիրակի մարզպետարան, Գյումրու քաղաքապետարան, նաեւ` քաղաքական գործիչների, բարերարների օգնությանը, Տ. Սիմոնյանը պատասխանեց. «Քաղաքական գործիչներից ակնկալում ենք պատասխան ստանալ հունիսի 30-ի հեռուստամարաթոնի ժամանակ: Իսկ քաղաքապետարանից ստացել ենք մերժողական պատասխան. քաղաքապետը ողջունում է նախաձեռնությունը, սակայն քաղաքի բյուջեն բավականաչափ հնարավորություններ չունի, որպեսզի նախաձեռնությանը գումար հատկացվի: Հեռուստամարաթոնի օրը պարզ կլինի` կստանանք բարերարների օգնությունը, թե ոչ»- ասաց նա:
Արմատներով գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը, ով եւս միացել է նախաձեռնությանը, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ չէր ուզենա` Գյումրին ձեւական կոչեին արվեստների ու արհեստների մայրաքաղաքաք: «Ես գիտեմ, որ Գյումրիում լավ կադրեր ունենք, լավ ֆիլմեր կստեղծվեն: Կան շատ տաղանդավոր մասնագետներ, որոնք Գյումրիից դուրս գործունեություն ծավալելու հնարավորություն չունեն, նրանց հարկավոր է ընձեռել այդ շանսը»,- եզրափակեց դերասանը` բոլորին կոչ անելով սատարել նախաձեռնությանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՃՈՒՐԴԻՑ ՀԱՆՎԵԼ Է
Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը վաճառողի խնդրանքով հանվել է Մեծ Բրիտանիայում անցկացվող Sotheby՚s-ի աճուրդից: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարության ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան հայտել էր, որ ռուսական Ինտերպոլը պահանջել է Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններից Հովհաննես Այվազովսկու հափշտակված նկարը հանել աճուրդից: Նրա խոսքով` կտավը 1997-ին հափշտակվել է մասնավոր հավաքածուից:
Նշենք, որ «Երեկոն Կահիրեում» կտավը խոստանում էր դառնալ աճուրդի ամենաթանկարժեք գործերից մեկը: Դրա նախնական արժեքը գնահատվում էր 1,52 մլն ֆունտ ստեռլինգ: Այն չէր ցուցադրվում 1950 թվականից` այն ժամանակվանից, երբ ցուցադրվեց Տրետյակովյան պատկերասրահում: 1940-ականներին այդ գործն, ըստ ԶԼՄ-ների, պատկանել է Իվան Նոսենկոյի` ԽՍՀՄ տրանսպորտային մեքենաշինության նախարարի, այնուհետեւ` ԽՍՀՄ նավաշինական արդյունաբերության ժողովրդական կոմիսարի ընտանիքին:

 

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մոխրագույնի 50 երանգները» վեպը նոր զարգացում կունենա: Է.Լ.Ջեյմսի 4-րդ վեպը վաճառքում կհայտնվի հունիսի 18-ին: Գիրքը կոչվել է «Գրեյ.Մոխրագույնի 50 երանգները Քրիստիանի աչքերով»: Հեղինակը նշել է, որ Գրեյը բարդ եւ հետաքրքիր կերպար է, ուստի երկրպագուներին դուր կգա իրադարձությունները նրա անունից ներկայացնելը:
Ըստ էության, 4-րդ վեպը չի կարելի համարել բեսթսելերների շարքի շարունակությունը, քանի որ այն կրկնում է «Մոխրագույնի 50 երանգները» վեպի սյուժեն, պարզապես այլ դիտանկյունից: Իսկ եռապատման 2-րդ եւ 3-րդ մասերը կէկրանավորվեն մոտ ապագայում:

 

ՉԵՆ ԲԱԺԱՆՎԻ
Դեռեւս մարտից խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Ժան-Կլոդ Վան Դամը մտադիր է հինգերորդ անգամ ամուսնալուծվել: Դերասանը պատրաստվում էր վերջ տալ իր եւ Գլեդիս Պորտուգեսի հարաբերություններին: Այնինչ այժմ, TMZ-ի փոխանցմամբ, ամուսինները հրաժարվել են այդ մտքից: Վան Դամը հայտարարել է, որ իր եւ կնոջ հարաբերությունները բավական ամուր են, եւ իրենց հաջողվել է պահպանել ընտանիքը. «Ամուսնալուծությունը ծանր է հատկապես երեխաների համար: Այսօր այնքան շատ են բաժանության դեպքերը, որ ես եւ կինս որոշեցինք չավելացնել դրանք եւս մեկով»,-ասել է Վան Դամը:




Լրահոս