ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Առավոտյան Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել հայկական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է հանդիպում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում երկու հարևան երկրների միջև համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:

Նույն օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ընդունել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժևորման հարցում, ընգդծելով երկկողմ կապերի ընդլայնման և նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա հունիսի 11-ին:

IMG_0502

IMG_0566

IMG_0556




Լրահոս