Մանկական մահացությունը համարվում է առաջնային խնդիր ամբողջ աշխարհում: Բարեբախտաբար, մեր հանրապետությունում վերջին տարիներին գրանցվել է մանկական մահացության դեպքերի թվի նվազում: Շիրակի մարզում 2014 թվականին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների մահացության 32 դեպք, որից 30-ը՝ ստացիոնար, 2-ը՝ տնային պայմաններում:
Իսկ 0-28 օրական նորածինների մահացության դեպքերը եղել են 27, մեռելածնության դեպքերը՝ 73: Ինչպես նշում է Գյումրու «Մոր ու մանկան» Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, խորհրդային տարիներին մանկական մահացության դեպքերը բավական շատ էին, ըստ նրա` դրանք նվազել են արդեն անկախության տարիներից հետո, երբ հիվանդանոցների հիգիենան բարձրացվել է: Հիվանդանոցի տնօրենի ներկայացմամբ առավել տարածված է նորածնային մահացությունը, որը հիմնականում կապվում է ներարգանդային հիվանդությունների հետ:
Քիչ չեն նաեւ տրավմատիկ երույթներով պայմանավորված մանկական մահացության դեպքերը, որոնք արդեն գրանցվում են 1-5 տարեկան երեխաների մոտ: Բժիշկ Կուրղինյանի խոսքով՝ այս վերջին դեպքում պատճառը հանդիսանում է այն, որ 1-5 տարեկան երեխաները ակտիվ շփվող են ու իրենց համար բացահայտում են աշխարհը, հետեւաբար ենթակա են տրավմաներ ստանալու վտանգին:
Նշենք, որ Շիրակի մարզում առկա են նաեւ մեռելածնության դեպքեր, որոնք արդեն կապվում են գրագետ հղիության կանոնների խախտման հետ: Այստեղ մասնագետները կարեւորում են հատկապես մարզային ու քաղաքային հիվանդանոցներին կից հղիների համար նախատեսված մայրության դպրոցների դերը, որոնց շնորհիվ կբարձրացվի հղիության վերաբերյալ կանանց գրագիտությունը:
Արման Գրիգորյան
Գյումրի