Կանանց մեջ մրցակցությունը միշտ էլ ավելի շատ է եղել, քան տղամարդկանց: Բացառություն չեն կազմում նաեւ մեր երգչուհիները, որոնցից յուրաքանչյուրն ավելի շատ կցանկանար արժանանալ «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգին: Այդ անվանակարգը միշտ մի տեսակ լարվածություն է ստեղծել երգչուհիների միջեւ: Ըստ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կանոնների, «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգին արժանանում է ընդամենը մեկ երգչուհի, բայց եղել է տարի, երբ այդ տիտղոսին արժանացել են միանգամից 2 երգչուհի` Հասմիկ Կարապետյանն ու Էմմին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց: Շատերը չէին հասկանում, այդ ինչպե՞ս ստացվեց, որ «Տարվա լավագույն երգիչը» մեկն է, բայց երգչուհին` երկուսը: Մի խոսքով, դա անցած-գնացած պատմություն է: Չնայած, անցած տարի էլ այդ անվանակարգը խոսակցությունների առիթ տվեց:Երբ մրցանակաբաշխության ընթացքում ետնաբեմում հարցում էինք կատարում, թե ո՞վ կարժանանա «Տարվա լավագույն երգչուհի» տիտղոսին, մի քանիսը տվեցին Սոֆի Մխեյանի անունը, մյուսներն էլ, չցանկանալով «թարսվել» իրենց կոլեգաների հետ, տվեցին մոտավորապես այս կարգի պատասխան. «Դե ժյուրին ավելի լավ գիտի, թող հաղթի լավագույնը»: Բոլորը շունչները պահած սպասում էին այն պահին, թե երբ է հրապարակվելու տարվա լավագույն երգչուհու անունը: Մեկ էլ… Զարմանք շատ ու շատ մարդկանց մոտ: «Տարվա լավագույն երգչուհի» կոչմանն արժանացավ Լիլիթ Հովհաննիսյանը, ով, շատերի պնդմամբ, տարվա ընթացքում բավականաչափ գործ չէր արել: Ոմանք զարմացած էին, ոմանք էլ` զայրացած, որ իրենց սիրելի Սոֆի Մխեյանը չստացավ այդ մրցանակը:Լիլիթը բավականին հուզված բարձրացավ բեմ եւ հայտարարեց, որ չգիտի ինչ ասի, քանի որ չի համարում, թե ինքը այս տարի բավականին աշխատել է, որ արժանանար նման կոչման: Իսկ մրցանակը մեծ սիրով կփոխանցեր Սոֆի Մխեյանին: Ասաց ու կրակն ընկավ: Այս արտահայտությունից հետո շատերն էին համամիտ Լիլիթի հետ: Նույնիսկ Սոֆին «Դարի գիշերը» հաղորդման շրջանակներում, ասաց, որ ինչպես եւ ինքը, այնպես էլ իր երկրպագուները չհասկացան, թե ինչո՞ւ այդպես ստացվեց:Լիլիթը բեմից խոստացավ, որ մրցանակը խթան կլինի իր համար, եւ ինքը տարվա ընթացքում կապացուցի, որ արժանի էր այդ կոչմանը: Խոստումը կատարեց. մի տարվա մեջ նկարահանեց 2 տեսահոլովակ, ձայնագրեց երգեր, դուետներ` Վահրամ Պետրոսյանի եւ Ռազմիկ Ամյանի հետ:Լիլիթը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ համար այնքան էլ հաճելի բան չէր, երբ մարդիկ ասում էին, որ մրցանակն ինձ հենց էնպես է տրվել: Չնայած հիմա մտածում եմ, որ մրցանակը տրվել է նրան, ով արժանի է եղել դրան: Հո հենց էնպես չի եղել, որ չեն տվել, ուրեմն ինչ-որ պատճառ եղել ա չէ, որ ինքը դրան չի համապատասխանում: Թող դա էլ ինքը մտածի, ուրիշ բան չեմ կարող ասել: Մտածում եմ, ինչ լինում է, լինում է ճիշտ, Աստված տենց ա կամենում, թող տենց էլ լինի: Ու եթե տրվել ա մեկին ու չի տրվել մյուսին, թող էդ մյուսը մտածի, թե իրեն ինչի համար չի տրվել, ուրեմն իրա մեջ ինչ-որ բան պակաս ա: Էդքան բան»: Լիլիթն անկեղծացավ եւ ասաց, որ ընդունում է իր սխալը, պետք չէր հրապարակավ ասել, որ մրցանակը կփոխանցի մեկ ուրիշի: «Իմ սխալը նրանում էր, որ ես հուզված բարձրացա բեմ ու էդպիսի բան ասացի: Ու հետո էլ իմ խոսքը սկսեցին իմ դեմ օգտագործել, ինչը շատ վատ արարք եմ համարում, – նշեց երգչուհին, ապա ավելացրեց, – եթե ես լինեի այդ խոսացողների տեղը, ես կհարգեի այն մարդուն, ով այդքան շփոթված ու խառնված անկեղծացել ա, հաստատ էտ տեսակ բաներ չէի ասի»: Իսկ մրցանակը պարտադրեց Լիլիթին ավելի շատ աշխատել իր հանդիսատեսի համար: «Ես չեմ հերքում` մրցանակն ինձ մեծ ուժ տվեց, որ ես պիտի գործ անեմ, որ այդ մարդիկ խոսելու տեղ չունենան: Այ, տենց ես աշխատել եմ այս տարի: Կարծում եմ, ինչ հասնում էր տարվա լավագույն երգչուհուց, ես իմ անելիքն արել եմ: Հիմա տեսնենք, մյուս տարի ում եմ հանձնելու այդ մրցանակը: Ես կուզենամ հանձնեմ արժանավոր մեկին, բայց ամենակարեւորը լավ ձայնային տվյալներով երգչուհու, ոչ թե ինչ-որ գումարների արդյունքում շատ աշխատանք արած երգչուհու: Չեմ ցանկանա մրցանակը փոխանցել մի երգչուհու, ով ուղղակի փող ունի, ունի հազար հատ տեսահոլովակ ու մենահամերգ», – նշեց Լիլիթը: Այն հարցին, թե, ո՞ւմ է տեսնում այս տարի «Տարվա լավագույն երգչուհի» կոչմանը արժանի, նա պատասխանեց. «Շատերին եմ տեսնում, բայց անուններ չեմ տա: Հենց որ անուն եմ նշում, հետո դա իմ դեմ ա օգտագործվում: Դառնում եմ ավելի խոցելի: Ամեն դեպքում, ես իմ մտքում ունեմ անուններ, ում արժանի եմ համարում»: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԽՈՍՔԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՑԻՆ ԻՐ ԴԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ