Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ամենապակասը 12 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Ըստ տեղական լրատվամիջոցների, ևս տասը մարդ համարվում է անհետ կորած, այժմ ընթանում են նրանց որոնողական աշխատանքները: Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ջրհեղեղի զոհերի թիվը կարող է ավելանալ: Աղետի հետևանքով զոհվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու երեք աշխատակից:
Մի քանի ժամ տևած ջրհեղեղը ողողել է քաղաքի ծայրամասային և կենտրոնական հատվածներում գտնվող հազարավոր տների առաջին հարկերը, ինչպես նաև վնասել է մի քանի ավտոճանապարհներ: Նախնական տեղեկություններով, աղետի հասցրած վնասի չափը հասնում է տասնյակն միլիոն դոլարների:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ջրհեղեղի զոհերի հիշատակին հունիսի 15-ը սգո օր է հայտարարել: