ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի երեք խնդրահարույց պոչամբարներում` Ողջիում, Փխրուտում եւ Արծվանիկում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Սակայն երեկ ԱԺ-ում մի քանի պատգամավորներ հայտարարեցին, որ հրատապ կարգով անհնար է նման կարեւոր նախագիծ քննարկել: Ավելին՝ նրանք կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության՝ «Ալյոտիգ»-ի գործունեության արդյունավետությունը: Սակայն «Ալյոտիգ» ընկերության գլխավոր տնօրեն Մանվել Ոսկանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը պոչամբարների վերամշակման ուղղությամբ փորձարկումներ է իրականացրել Չինաստանում եւ Նովոսիբիրսկում, եւ, առհասարակ, իրենք այս ոլորտում լուրջ փորձառություն ունեն:
Նշենք, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է վերամշակել Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաեւ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետեւանքով առաջացած արտադրական լցակույտերը: Այս մասին նախագիծը Ազգային ժողով է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:
Ըստ նախագծի` առաջին փուլում նախատեսվում է 330 միլիոն դոլարի ներդրում անել: Փոխնախարարի խոսքերով՝ ծրագրով հետաքրքրված է ՀՀ-ում գրանցված միայն մեկ կազմակերպություն, որն էլ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում կարող է արտադրական լցակույտերից արտադրանք ստանալ: Օրենքով պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն: Ծրագրին ֆինանսական աջակցություն է տրամադրելու մետալուրգիայով զբաղվող միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը: Իսկ «Ալյոտիգ» ընկերությունը խոստանում է, որ պոչամբարների վերամշակման արդյունքում դրանց ռիսկայնությունը կնվազի, կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցեր: Բացի այս՝ նրանք խոստանում են, որ այս ամենի արդյունքում Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ կբացվի:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ամենախոշորը պոչամբարը Արծվանիկն է` 310 մլն խմ տարողունակությամբ: Ողջին կոնսերվացված պոչամբար է, որտեղ կուտակված թափոնները 30 մլն խմ են, իսկ Փխրուտը համեմատաբար փոքր է` 3.2 մլն խմ: Վերջին երկուսը 100 տոկոսով լցված են եւ գոյացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գործունեության արդյունքում:
Երեկ ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով փոխնախարար Արեգ Գալստյանից հետաքրքրվեց՝ արդյոք Կառավարությունը տեղյակ է, թե տվյալ ընկերությունն ինչ տեխնոլոգիաներով պետք է իրականացնի պոչամբարների վերամշակումը, եթե դրա փորձը չունի: Պատգամավորի հետաքրքրությանն ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ բոլոր տեխնոլոգիական մանրամասներին գործադիրը կծանոթանա, երբ ընկերությունը դրանք մաստեր պլանով ներկայացնի:
««Ալյոտիգ» ՍՊԸ-ի անունը ոչինչ չի ասում՝ այն ունի՞ արտադրական թափոններ եւ պոչամբարներ մշակելու փորձ, թե՞ ոչ: Իսկ մյուս կազմակերպությունը, որը հանդիսանում է գումար տրամադրողը VSEI ձեռնարկությունների խումբը, որպես կողմ` անուն, ազգանուն նշված է Եվգենի Գիներ: Այս կազմակերպության գործունեության ուղղություններն են անշարժ գույքի առքուվաճառքը, հյուրանոցային բիզնեսը, տարբեր ոլորտներ, որոնք ընդհանրապես կապ չունեն գիտության եւ հանքարդյունաբերության հետ: Ու՞մ ենք մենք տրամադրում այսպիսի մոնոպոլիա»,- վրդովված հարցրեց Փոստանջյանը` հավելելով. «Այդ ընկերությունը, որը պետք է ներդրում կատարի, ռուսական է եւ այն պատժամիջոցների տակ է գտնվում: Իհարկե, գաղափարը ողջունելի է, բայց ես առաջարկում եմ, որ գործադիրը հետ վերցնի նախագիծը, քանի որ լսումների եւ լուրջ ուսումնասիրությունների կարիք կա»,- հայտարարեց Փոստանջյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ դա բավականին դրական նախագիծ է, բայց մի փոքր ուշացած: Պատգամավորի մոտ եւս բազմաթիվ հարցեր են առաջացել. «Անհասկանալի է, թե ինչ կերպ է վերամշակվելու պոչամբարը, եւ արդյոք դրա արդյունքում չի ստեղծվելու մի նոր պոչամբար: Կամ վերամշակման ընթացքում ի՞նչ արտանետումներ են լինելու, եւ դրա արդյունքում արդյոք նոր հիվանդություններ ի հայտ չեն գալու: Չէ որ բոլորիս է հայտնի, որ առողջական խնդիրները հանքարդյունաբերական շրջաններում սուր են»,- հետաքրքրվեց Լ. Սարգսյանը:
Սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը կոնկրետ քննարկվող նախագծի հետ կապված հավաստիացրեց, որ բնապահպանական որեւէ արտոնություն այս ընկերությանը չի տրամադրվում: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ տվյալ ընկերությունը պոչամբարի վերամշակման ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ տրամադրի իր կատարած աշխատանքների վերաբերյալ:
Իրականում գրեթե բոլոր պատգամավորներին հետաքրքրում էր, թե ով է «Ալյոտիգ» ընկերության սեփականատերը, եւ որքանով է VSEI ձեռնարկությունների խումբը վստահելի ներդրող: Նախ՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ալյոտիգ» ընկերությունը գրանցված չէ ՀՀ պետռեգիստրում, ապա՝ կապ հաստատեցինք ընկերության գլխավոր տնօրեն Մանվել Ոսկանյանի հետ, ով ասաց. «Ի՞նչ եք կարծում, եթե ես այդ գործի մասնագետն եմ, փորձ ունե՞մ, թե՞ ոչ: Կամ ընկերությունն ի՞նչ կապ ունի, եթե կա փորձ ունեցող մասնագետ: Ես աշխատել եմ այս գործով, ե՛ւ Չինաստանում, ե՛ւ Նովոսիբիրսկում նման փորձարկումներ ենք իրականացրել»: «Ժողովուրդ»-ը Ոսկանյանից հետաքրքրվեց նաեւ ներդրող ընկերության մասին` մեջբերելով որոշ պատգամավորների` Աժ ամբիոնից հնչեցրած կասկածները ընկերության ծագման եւ սեփականատերերի շուրջ: «Զարուհի Փոստանջյանը, եթե մի բան մինչեւ վերջ չի իմանում, թող նման եզրակացություններ չանի, որովհետեւ այդ ընկերությունը, իր ասելով, զբաղված է առեւտրով, բայց այն այսօրվա դրությամբ մեծ փորձ ունի մետալուրգիայի ոլորտում»,- ներկայացրեց Ոսկանյանը: Տեղեկացնենք, որ նախագծի քվեարկությունը կկայանա այսօր:
«ԱՌԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԳՈՅԱՏԵՎԵԼ»
Վերջին շրջանում կաթնամթերքի ոլորտում մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված մեծ քանակությամբ ներմուծված կաթի փոշու հետ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արագածոտնի մարզում գործող «Ապարանի կաթ»-ի գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր ընկերությունը կաթնամթերք կաթի փոշիո՞վ է արտադրում:
-Մենք ընդհանրապես կաթի փոշով կաթնամթերք չենք արտադրում: Մեր արտադրածը բնական հումքից է, եւ ոչ մի գրամ կաթի փոշի չենք օգտագործում:
-Իսկ գյուղացիներից կաթ մթերո՞ւմ եք:
-Իհարկե, խնդիրներ լինում են: Բայց գյուղացիներից մեծ քանակությամբ կաթ չենք կարողանում մթերել, որովհետեւ վաճառք չկա: Առեւտուրը թույլ է: Ունենք նաեւ մեծ քանակությամբ պանրի ավելցուկ: Այս ամիսներին պանիր լավ չի վաճառվում:
-Որքանո՞վ եք կաթ մթերում:
-120-130 դրամով: Մենք կաթ մթերելու մասով պայմանագրեր ունենք կնքած գյուղացիական տնտեսությունների հետ:
-Կանխի՞կ եք վճարում, թե՞ ապառիկ:
-Մենք 15 օրը մեկ ենք վճարում: Ճիշտ է, նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին, երբ դոլարի ու եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացավ, վարկ վերցրեցինք ու տուժեցինք: Հիմա մենք այն մարելու դեպքում ավելի շատ ենք տուժում:
-Իսկ ընկերությունը պանիր արտահանո՞ւմ է, թե՞ ոչ:
-ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հատուկ մասնագետներ եկան մեր արտադրամաս, ուսումնասիրեցին եւ հայտարարեցին, որ մեր ունեցած տեխնոլոգիաները համապատասխանում են իրենց պահանջներին: Եւ առաջիկայում հույս ունենք, որ կարտահանենք: Մենք երբեւէ չենք արտահանել, թեեւ 20 տարի է, ինչ գործում ենք:
-Պարո՛ն Հովհաննիսյան, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա: Այն ի՞նչ ազդեցութուն կթողնի Ձեր ընկերության գործունեության վրա:
-Մեր արտադրամասում բոլոր շարժիչները, սառնարանները աշխատում են էլեկտրաէներգիայով: Մեծ քանակությամբ էլէներգիա ենք սպառում:
-Հնարավո՞ր է՝ այս ամենի արդյունքում արտադրանքի գինը բարձրացնեք:
-Այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել: Բայց միեւնույն է՝ առանց արտադրանք թանկացնելու չենք կարող գոյատեւել:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՉՄՏԱԾՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ
«Ժողովուրդ»-ը մայիսի 23-ի համարում «Պատգամավորին 50 հազար դրամի համար դատի են տվել» հրապարակումով տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի դեմ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել 50 հզ. դրամ:
Ունենալով բացառապես պաշտոնական տեղեկություն՝ մենք գրել էինք, որ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ճանապարհային կանոնների խախտում է կատարել, որի համար տուգանվել է 50 հազար դրամով, ապա այն չի վճարել եւ ՃՈ-ն ստիպված է եղել դատական հայց ներկայացնել պատգամավորի դեմ՝ պահանջելով վճարել գումարը: Բնականաբար, հարց էինք ուղղել նաեւ Ս. Ավետիսյանին՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը խուսափում տուգանքի վճարումից, սակայն օրինապահ պատգամավորը «չոր ատկազ» էր արել, թե ինքը չի տուգանվել ու դատական հայց չկա, սուտ է: Բայց քանի որ մենք մեր ձեռքի տակ ունենք դատական հայցն ու դատավճիռը, ուստի հրապարակեցինք նյութը:
Եւ, ահա, հրապարակումից հետո Սուքիաս Ավետիսյանը մեզ մի գրություն է ուղարկել՝ հայտնելով, թե ««բացահայտումները» բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը եւ շաղախված են զրպարտչությամբ: «Տրանսպորտային միջոցը, որի շուրջ կառուցվել է Ձեր «բացահայտումը» տիրապետման, տնօրինման եւ օգտագործման իրավունքով շահագործվել է այլ քաղաքացու կողմից, որի համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն է կրում հենց նա, ուստի խնդրում եմ, որպեսզի առաջիկա համարում տպագրեք հերքում եւ ներողություն խնդրեք հոդվածում տեղ գտած ոչ տեղին դատողությունների համար»:
Պատգամավորի այս գրությանը մենք կարող էինք երկու ձեւով արձագանքել.
1. չհրապարակել այն՝ տեղավորելով թերթի արխիվային փաստաթղթերի տրցակում եւ վերջ,
2. արձագանքել՝ պատգամավորին եւս մեկ անգամ բացատրելու համար, որ խոսելուց, առավել եւս՝ որեւէ ինֆորմացիա հերքելուց առաջ անհրաժեշտ է մի փոքր մտածել, մտաբերել ու ճշտումներ անել:
Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը, քանի որ ՀՀ ԱԺ պատգամավորի հեղինակությունը՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցչի, մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար շատ կարեւոր է: Եւ այստեղ մի շատ տրամաբանական հարց է առաջանում. հարգելի՛ պարոն Սուքիաս Ավետիսյան, եթե Դուք Ձեր մեքենան վարձույթով կամ անվարձահատույց կերպով տվել եք որեւէ մեկին՝ «տիրապետման, տնօրինման եւ օգտագործման իրավունքով», ապա բարի լինեիք այդ մասին ասել այն ժամանակ, երբ մենք, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, զանգահարել էինք Ձեզ՝ ճշտելու, թե ինչու չեք վճարել Ձեր անունով եկած տուգանքը, եւ ինչո՞ւ է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Ձեզ դատի տվել: Դուք առանց խնդրի մեջ խորանալու, առանց ճշտելու, առանց մտածելու, սովորույթի ուժով հերքեցիք տեղեկությունը: Ու երբ մենք հրապարակեցինք անհերքելի փաստեր՝ դրանք համեմելով Ձեր հասցեին քննադատությամբ (քանի որ ԱԺ պատգամավորի շուրթերից սուտ լսելը ամենեւին գեղեցիկ բան չէ), Դուք արթնացաք թմբիրից եւ որոշեցիք բացատրել, որ մեքենան Դուք չեք տնօրինում: Բա ժամանակին ասեիք, ամեն ինչ այլ կլիներ. Դուք սուտ չէիք խոսի, մեզ էլ գրությամբ ներողության պարտադրանք չէիք ուղարկի: Միեւնույն է՝ ներողություն չենք խնդրելու. մեր գործն արդար է:
Ք. Մ.