Հայաստանի կառավարությունը վերանայել է 2013 թ. պետական բյուջեի որոշ ցուցանիշներ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Վերանայված տարբերակում պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 32 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 152 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 119,8 մլրդ դրամ:
Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացվել են 1,2 մլրդ դրամով:
Ընդհանուր առմամբ՝ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովից ստացել է 406 առաջարկություն՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու համար; Պատգամավորներն առաջարկել են բյուջեի եկամուտներն ավելացնել 137,6 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 411 մլրդ դրամով:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ֆինանսների նախարարը խախտեց ԱԺ կանոնակարգը՝ իր ամփոփիչ ելույթում չներկայացնելով պատգամավորների առաջարկները, թեեւ ուներ մեկ ժամ: Սակայն Վ. Գաբրիելյանը պատասխանեց, որ պարտավոր չէ մեկ առ մեկ անդրադառնալ բոլոր 406 առաջարկություններին, բավարար է դրանք ամփոփ ներկայացնելը:
Պետական բյուջեի եկամուտների ավելացման հիմնական աղբյուրը լինելու են պաշտոնական դրամաշնորհները (արտասահմանից ստացվող անհատույց միջոցները); Դրամաշնորհների ավելացումը պայմանավորված է ինչպես փոխարժեքի ճշգրտմամբ, այնպես էլ նոր դրամաշնորհի ստացմամբ (Եվրոպական հարեւանությամբ ներդրումային ծրագիր):
Ծախսերից ամենամեծ ավելացում՝ 1,5 մլրդ դրամի չափով, նախատեսվում է զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար: Սակայն կատավել է նաեւ 1,3 մլրդ դրամի այլ ծախսերի կրճատում:
Պատգամավորների առաջարկներից մասնակի կամ լրիվ ընդունվել են 67-ը, 132-ը մերժվել են, իսկ 137-ը մերժվել են, մնացած առաջարկներին տրվել են պարզաբանումներ: