Այսօր տեղի է ունեցել կառավարությանը հերթական նիստը: Հիմք ընդունելով Երևան քաղաքի հատակագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի երկու տրանշներով նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:
Որոշմամբ սահմանվում է Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով հանրային մասնակցության և փաստաթղթերի բացահայտման կարգը: Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում, ներկայացվել են սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու ընդունման կարգը, միաժամանակ, տեղեկությունը տրամադրվել է նաև հեռախոսով:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին, որի համաձայն ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագրի նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ աշխատանքն ավարտելով 2018թ. երկրորդ եռամսյակում: