Այն, որ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական իրավիճակը բավականին մտահոգիչ է, հայտնի փաստ է: Առկա թերի օրենսդրական դաշտից օգտվելով` հայրենի օլիգարխները շարունակում են չնչին վարձավճարներով մի քանի տասնյակ տարիներով «իրենցով անել» Հայաստանի անխտիր բոլոր քիչ թե շատ շահութաբեր հանքերը, զուգահեռաբար` նաեւ միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին ջանքեր գործադրելով նոր հանքավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Ի պաշտոնե երկրի բնության պահպանությանը կոչված պաշտոնյաների կողմից բնաքանդության եւ հայրենի ընդերքի թալանի աղաղակող դեպքերը բազմաթիվ են: Հենց միայն նախկին բնապահպանության նախարար, ներկայում ԱԺ պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հերիք է` որպես ասվածի հավաքական օրինակ: Բոլորին քաջ հայտնի է, որ հանքարդյունաբերության ոլորտում հսկայական մասնաբաժիններ ունեն ինչպես ներկայիս իշխանության` Հայաստանի հանրապետական կուսակցության, այնպես էլ իրեն այլընտրանք հայտարարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարները: Նաեւ գաղտնիք չէ, որ նախկին իշխանության` ՀՀՇ-ի եւ ՀՀՇ-ամերձ շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, իրենց իշխանության տարիներից սկսած, եւս անմասն չեն հայրենի ընդերքի բարիքներից: Իսկ այն համեմատաբար նորաստեղծ քաղաքական ուժերի ղեկավարները, որոնք չունեն համապատասխան հզորություն, բավարարվում են փոքր ՀԷԿ-երի բիզնեսով, ինչպես օրինակ` «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը: Սակայն դա ամենեւին էլ չի խանգարում, որպեսզի ՀՀԿ-ից բացի, բոլոր քաղաքական ուժերը` մեկը մյուսից բարձր կուրծք ծեծեն եւ աղաղակեն իշխանության վարած վանդալային բնապահպանական քաղաքականության, մասնավորապես` հանքարդյունաբերության ոլորտում ահռելի չափերի հասնող թալանի մասին: Հատկապես ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը նախորդ խորհրդարանական ընտրություններում իրենց նախընտրական ծրագրի մի զգալի հատվածը հատկացրել էին այս խնդիրներին եւ ոչ քիչ թվով քվեներ ստացան նաեւ հենց այդ ոլորտում հնչեցրած մտահոգությունների հաշվին: Եվ ահա, ընդամենը վեց ամիս անց՝ երեկ, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային լրջագույն գիտաժողով, որին մասնակցում են տարբեր երկրների հեղինակավոր մասնագետներ: Եվ երբ կազմակերպիչները հարցրել են` կա արդյոք դահլիճում հայաստանյան որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, հետեւել է քար լռություն: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբ չկա բնապահպանական խնդիրները քաղաքական դեմագոգիայի նպատակներով օգտագործելու հնարավորություն, հենց այդպիսին է խնդրով «շահագրգիռ» քաղաքական ուժերի վերաբերմունքը:
ԻՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ