ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՌԴ առողջապահության նախարարության միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սերգեյ Մուրավյովին:
Հյուրը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի անցկացման մանրամասները:
Լայնամասշտաբ միջոցառումը երկրորդ անգամ կմիավորի բարեկամ երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուներին` այս անգամ շեշտադրելով ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, բուժօգնության որակի, ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը, ինչպես նաև կքննարկվեն օրակարգային այլ հարցեր:
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովն անցկացվել է 2014 թվականի նոյեմբերին Երևանում, որի շրջանակում մեր երկիր էր ժամանել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: