Այս պահին Բաղրամյան պողոտայում ցուցարարների մոտ է ՀՀ Ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինիս տրամադրությունը բավական բարձր է: «Մարդիկ, հայրիկներ, եղբայրներ, կողքից նայեք խմած մարդիկ չլինեն, կպատժեմ ցանկացած խմածի: Էս երեխու կողքին հարբած, մոլորված հորթի չտեսնեմ: Շնորհքի մեջ եղեք»,- ցույց տալով այնտեղ կանգնած երեխաներից մեկին` հավաքվածներին ասաց Վլադիմիր Գասպարյանը և շարունակեց.
«Քաղաքացուն մեզանից պաշտպանել պետք չէ, մենք ենք պաշտպանում քաղաքացուն: Ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս հարցին, մարդիկ եկել են իրենց սոցիալական հարցն են բարձրացնում, մենք խնդիր չենք տեսնում: Բայց երբ այս ամենի տակ խաժամուժ է լինում, ապա դա վտանգավոր է: Ես ոչ միայն քարից, այլ գնդակից անցած մարդ եմ: Ես ռիսկային մարդ եմ և պատրաստ եմ, բայց արդյո՞ք ժողովուրդը պարզ է: Էստեղ հավաքված երիտասարդներին չպետք է պղծեն այն մարդիկ, ովքեր չեն սիրում Երևանը»: Գասպարյանի խոսքով` ինքը կողմ է, որ հարցը լուծվի քաղաքակիրթ ձևով: Իսկ հարցին` քննարկվո՞ւմ է Սերժ Սարգսյանի հետ որոշումները, Գասպարյանը դրական պատասխան տվեց:
Նա պաշտոնապես հայտարարեց, որ ոստիկանների մեջ սադրիչներ չկան. «Իսկ եթե քաղաքացիական հագուստով ոստիկանները սխալ են անում, ապա այստեղ շատ կամերաներ կան, ես կգտնեմ նրանց, նրանք ինձանից են դուրս գալիս, ոչ թե ձեզանից»:
Ոստիկանապետը նշեց, որ երեկ իր զայրույթի պատճառն այն էր, որ մարդիկ մեքենաներով ազդանշաններ տալով գնում էին ու փակում Մաշտոցի պողոտան:
Այնտեղ գտնվող տարեց մարդկանցից մեկը հարցրեց Ոստիակնապետին. «Ինչու պիտի այս աստիճան հասներ»: «Հենց պատասխանը գտնեմ, քո հետ կկիսվեմ: Պատասխանը չգիտեմ»,- պատասխանեց Գասպարյանը:
Ոստիկանապետը շրջեց պողոտայով, բարևեց մարդկանց: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչու աղբահանություն չի կատարվում: Երեխաները Գասպարյանին բուլկի և այլ բաներ առաջարկեցին, բայց վերջինս հրաժարվեց. «Առավոտ շուտ չի լինում, հոգիս: Երևանցուն պոնչիկ, պոնչիկ»: