Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՃՈ արդեն նախկին պետը առողջական խնդիրներ ուներ: Մոտ 6 ամիս է, ինչ ՃՈ պետի պաշտոնակատար էր նշանակվել նրա տեղակալ Եգոր Կարապետյանը:
Armlur.am-ի հետ զրույցում Արտակ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց իր որոշման և առողջական վիճակի մասին: «Ես ժամանակ առաջ պարանոցի տրավմա եմ տարել, հիմա գլուխ է բարձրացրել, ներգանգային ճնշում, աչքի հետ խնդիրներ և այլն: Պիտի գնամ բուժումների, աշխատանքի հետ համատեղել արդեն հնարավոր չէ: Այլ բան չկա, միայն առողջական վիճակս է որոշման պատճառը»,- մանրամասնեց նա: Վերջինս արտերկրում է բուժումը ստանալու, սակայն կոնկրետ որ երկրում, դեռ հայտնի չէ:
Հարությունյանը խնդրեց չշահարկել թեման, քանի որ իր որոշման պատճառը միմիայն առողջական խնդիրներն են. «Ես երկար ժամանակ հիվանդ եմ եղել, չէի կարողանում ո´չ կարդալ, ո´չ կանգնել, վիրահատության խնդիր կա»:
Իսկ թե հնարավոր է արտերկրում բուժում ստանալուց հետո վերադառնա նորից հին պաշտոնին, Արտակ Հարությունյանը նշեց. «Տեսնենք ոնց կլինի բուժման ընթացքը, ախտորոշումը»: