Երեկ ՀՀ Կառավարության կազմակերպած «Տնտեսական օրակարգ» համաժողովին ներկա էր Հովիկ Աբրահամյանի՝ գրեթե ողջ կաբինետը` իր իսկ գլխավորությամբ: Համաժողովին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ու այդ հարցով միջազգային աուդիտ անցկացնելուն, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրեց մեր ակտիվիստներին մեր քայլերի մասին, եւ կարծում եմ՝ իրենք պետք է լինեն բավարարված եւ բավարարված են: Լուծումը շատ ճիշտ էր, եւ այն անվստահությունը ընկերության նկատմամբ եւ հանձնաժողովի նկատմամբ մենք ապագայում կփորձենք փարատել, խորհրդատվական ընկերությունների, աուդիտների միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել եւ հետամուտ կլինենք, որ դա իրականացվի: Ես կարծում եմ, որ դրանից հետո մենք կխոսենք մեր հանրության, մեր հասարակության հետ»:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով է հայրենի Կառավարությունը փոխհատուցելու ՀԷՑ-ին մինչեւ աուդիտի ավարտը, վարչապետը պատասխանեց. «Ոչ բյուջեի միջոցների հաշվին: Իսկ թե ինչ արտաբյուջետային միջոցների հաշվին, հավելյալ կտեղեկացնենք: Կսպասենք ստուգումների արդյունքին եւ մենք մեր քայլը, մեր խոսքը անպայման կասենք»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի առաջարկը` միջազգային աուդիտ անցկացնելու մասին, լավագույն լուծումն էր այս իրավիճակում:
-Պարո՛ն Զախարյան, արդեն իններորդ օրն է` Երեւանի Բաղրամյան պողոտայում ՀՀ քաղաքացիները պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Դուք, որպես էներգետիկայի նախարար, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում եւ ինչո՞ւ որեւէ քայլ չեք անում հարցի լուծման ուղղությամբ:
-Ինձ թվում է՝ աուդիտը բոլոր հարցերի պատասխանները կտա, ու հանրապետության նախագահի կողմից այդ հարցը, որը դրվեց, ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ մոտեցումն էր:
-Բայց Բաղրամյան պողոտայում պայքարող ժողովրդին այդ որոշումը չի բավարարում, նրանք պահանջում են թանկացման որոշման չեղարկում: Դուք կողմնակի՞ց եք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:
-Գիտեք ինչ, թող չթվա, որ ես անձամբ… մենք էլ ենք դեմ թանկացմանը, ես անձամբ դեմ եմ թանկացմանը, հասկանո՞ւմ եք: Բայց իմ ու Ձեր տարբերությունն այն է, որ Դուք կարող եք ասել, որ դեմ եք թանկացմանը եւ պահանջել չեղարկում, իսկ ես չեմ կարող դա ասել: Որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք պարտավոր ենք տալ որպես Կառավարություն, որպես իշխանություն: Դա համակարգի կայուն պահպանումն է, էլեկտրոէներգիայի անվտանգ, հուսալի մատակարարումն է, ամբողջ համակարգի զարգացումն է: Եւ այդ խնդիրների պատասխանը մենք՝ Կառավարությունը, իշխանությունները պետք է տանք: Այսինքն՝ մենք դեմ լինելով հանդերձ էլեկտրոէներգիայի թանկացմանը՝ ուզում ենք տալ հենց այդ խնդիրների պատասխանները: Կա ժողովրդի մեջ, այսպես ասած, անվստահություն, միգուցե ինչ-որ մի տեղ հիմնավորված անվստահություն է դա: Ժողովրդի մոտ կան նաեւ վերապահումներ՝ սակագնի ձեւավորման հետ կապված, դրանց հիմնավորումների հետ կապված: Ու շատ ճիշտ լուծում էր, երբ տրամադրվեց ժամանակ, որպեսզի այդ ընթացքում կատարվի աուդիտ, եւ այդ բոլոր հարցերին պատասխան տրվի: Այս ամենից հետո արդեն հստակ որոշումը կլինի, այն կներկայացվի հասարակության ուշադրությանը, ես կարծում եմ, որ սա ճիշտ լուծում էր: Բոլոր պատասխանները կտրվեն աուդիտից հետո:
-Բայց ցուցարարները եւ նաեւ մասնագետները պնդում են, որ նման աուդիտներ ՀԷՑ-ում պարբերաբար անցկացվել են, սակայն դրանց ընթացքում ինչ-ինչ ձեւերով վիճահարույց հարցերը «փակվել են»: Հանրության մոտ չկա վստահություն, որ այս անգամ նույնը չի լինի, եւ անցկացվելիք աուդիտը կլինի իրապես թափանցիկ եւ անաչառ:
-Ես այդ հարցին չեմ պատասխանի, նախ դա դեռեւս ձեւավորված չէ, թե ինչպես է լինելու աուդիտը, ինչպես է կազմակերպվելու, բայց արդեն տարբեր հայտարարություններ են հնչում: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի, ծավալներից է կախված, թե երբ է ավարտվելու աուդիտը, ու ինչպես է որոշվելու հարցը: Պետք է սպասել՝ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:
ԻՆՉՈ՞Ւ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՊՏՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե լրագրողները ճիշտ կանեն` չխանգարեն իրենց աշխատանքին: Պարզվում է` պարոն նախարարը տքնաջան աշխատում է, իսկ լրագրողները նրան խանգարում են:
-Պարո՛ն Գրիգորյան, մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք շատ կոպիտ եք խոսում Ձեր ղեկավարած գերատեսչության աշխատակիցների հետ, նրանց տեղի ու անտեղի վիրավորում եք: Ինչո՞ւ եք Ձեր ենթակաների հետ խոսում նման տոնով:
-Ես կխնդրեի Ձեզ, որ Դուք գնաք ու իմ աշխատակիցների հետ առանձին-առանձին բոլորի հետ զրույց ուենանք, եթե որեւիցե մի աշխատակից կպնդի դա, ապա Դուք կարող եք դա ազատ ներկայացնել: Դա Ձեր կարծիքն է, որ իմ ղեկավարած գերատեսչությունում նման բան կա:
-Բայց մենք բողոք ենք ստացել բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից, ովքեր պնդում են, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դուք նրանց հետ խոսում եք վիրավորական բառերով ու արհամարհական տոնով:
-Դե, ես կխնդրեի, որպեսզի որեւէ աշխատակցի անուն ներկայացնեիք, ես էլ կպատասխանեի, Դուք որեւէ մեկի անունը չեք հնչեցնում: Եթե անգամ աշխատակից կա, որը դժգոհ է, թող ներկայացնի, թե ինչից է դժգոհ, որն է նրա դժգոհության առիթը: Մեզ մոտ ձեւավորված է թիմ, ու թիմային ձեւով մենք շարունակում ենք աշխատել, ոնց որ բոլոր նախարարություններում:
-Իսկ Դուք ինքներդ գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից, ի՞նչ խնդիրներ եք կարողացել լուծել Ձեր պաշտոնավարման ընթացքում:
-Դուք Ձեր կարծիքն եք ներկայացնում մեր աշխատանքի վերաբերյալ, ոլորտում բոլոր խնդիրները տեսանելի են, շոշափելի են ե՛ւ բնակչության կողմից, ե՛ւ լրագրողների կողմից, ե՛ւ մեր կողմից: Իսկ մենք հերթականությամբ մեր խնդիրները իրականացնում ենք, մեր առջեւ դրված հարցերը լուծելով՝ շարժվում ենք առաջ, կարող եք` մեզ օգնեք, չեք կարող, մի՛ խանգարեք:
-Ինչո՞վ ենք խանգարում: Արդյոք մենք ենք խանգարում Ձեզ՝ լուծելու բնապահպանական այն բազում խնդիրները, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում են թե՛ քաղաքացիները, թե՛ բնապահպանները, ու որոնց լուծման ուղղությամբ Ձեր պաշտոնավարման ընթացքում որեւէ տեսանելի քայլ չի արվել: Կարող եք նշել որեւէ ծրագիր, որն իրականացվել է Ձեր օրոք` ի նպաստ մեր երկրի բնապահպանության: Ի վերջո, շատերն են նշում, որ Դուք Ձեր «տեղում» չեք ու Ձեր առջեւ դրված խնդիրները չեք կարողանում իրագործել:
-Շնորհակալություն: Դա Ձեր տպավորությունն է, Ձեր տպավորությունները մի՛ խառնեք հասարակության տպավորության հետ ու յուրաքանչյուր լրագրող, եթե կարողանար, նորից եմ կրկնում, ինքը օգներ ու ոչ թե խանգարեր, շատ ավելի լավ կլիներ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԲԻԲԻՆ-2
Մինչ Բաղրամյան պողոտան շարունակում է արտահայտել համայն հայության կուտակված բողոքը, Հայաստանում գործունեություն ծավալող գործարարները ծածուկ հարստանում են: Ընդ որում, հարստանում են՝ մտնելով մեր բոլորի գրպանները: Երեկ Հայաստանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով բարձրացել էր: Սակայն պետական որեւէ գերատեսչություն, մասնավոր որեւէ ընկերություն հարկ չհամարեց պարզաբանել, թե ինչու է թանկացել բենզինը:
Տեղեկացնենք, որ Հայաստանում բենզինի ներկրմամբ զբաղվում են շատ կոնկրետ մարդիկ, որոնք վայելում են բացառապես Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Ամենախոշոր ներկրողները երկուսն են՝ «SPS օյլ» եւ «Ֆլեշ» ընկերությունները: Վերջինը՝ «Ֆլեշ»-ը, պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, որը Սերժ Սարգսյանի հետ խաչքավոր է եւ մշտապես մասնակցում է Սերժ Սարգսյանի ծննդյան արարողություններին, որոնք նա անցկացնում է բավականին նեղ շրջապատով: Ու դժվար թե բենզինի շուկայի թելադրողը՝ Բարսեղ Բեգլարյանը, առանց քավորի հետ խորհրդակցելու համարձակվեր այս թեժ օրերին բարձրացնել բենզինի գինը, ինչ «միջազգային հիմնավորումներ» էլ որ լինեին: Ի դեպ, Հայաստանում հետաքրքիր տենդենց կա. միջազգային շուկայում տեղի ունեցող վայրիվերումները մշտապես բացասական իմաստով են ազդում բենզինի ու դիզվառելիքի գնի վրա, դեռ չի եղել իրավիճակ, որ «դրսում» բենզինի գինն իջնի, Հայաստանում էլ՝ իջեցնեն: Հակառակը մշտապես է գրանցվում:
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ
Երեկ ՀՀ Կառավարության կազմակերպված «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին հիմնականում մասնակցում էին իշխանական գործիչները, այդ թվում նաեւ ՀՀ Կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Միակ ընդդիմադիր գործիչը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր: Ի դեպ, նա տեղ էր զբաղեցրել առաջին շարքերում՝ Կառավարության ներկայացուցիչների կողքին: Նկատենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարության ղեկավարի պաշտոնի նշանակումից հետո Հրանտ Բագրատյանը դարարել է քննադատել Կառավարության գործունեությունը: Սա այն դեպքում, երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Կառավարության գործունեության տարիներին նա գործադիրին քննադատելու ոչ մի առիթը բաց չէր թողնում: