Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարություն էր տարածել և ընդդիմադիր պատգամավորներին կոչ արել վայր դնել իրենց մանդատները: Armlur.am-ն այս հայտարարության առնչությամբ զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
Վերջինս այն տեսակետն արտահայտեց, որ Շուշանյանն այս հայտարարությամբ, ըստ էության, քաղաքականացնում է իրենց շարժումը: «Որքան հիշում եմ, իրենք կոչ էին անում չքաղաքականացնել շարժումը: Հիմա կոչ անելով վայր դնել մանդատները` ըստ էության շաժումը քաղաքականացնելու կոչ են անում: Այնպես որ, կարծում եմ՝ երիտասարդը կամ իր համախոհները պետք է կողմնորոշվեն իրենց կոչերում, իրենց օրակարգում, նոր միայն ինչ-ինչ կոչերով դիմեն քաղաքական ուժերին», – հավելեց նա:
Մեր այն հարցին` պատրա՞ստ եք ձեր մանդատը վայր դնել, Զոհրաբյանը նշեց, թե Շուշանյանի կոչով չէ, որ պետք է առաջնորդվի ԲՀԿ-ն իր օրակարգը ձևավորելիս:
«Խորհդրանաում լինելը մեզ համար ինքնանպատակ չէ: ԲՀԿ-ն գտնում է, որ Ազգային ժողովի ամբիոնը շատ կարևոր ամբիոն է և այն օգտագործում է խիստ արդյունավետ՝ օգուտ ՀՀ քաղաքացու շահերի: Այստեղ մանդատ պահել-չպահելու հարցը չէ, այստեղ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ճիշտ և արդյունավետ օգտագործելու հարցն է: ԲՀԿ-ն առավելագույնս արդյունավետությամբ օգտագործում է պատգամավորական իր հնարավորությունները՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Իսկ երիտասարդին խորհուրդ կտամ իր համախոհների հետ ճշտել իրենց միասնական օրակարգը, և, երբ հասկանան թե վերջապես ինչ են իրենք ուզում, նոր միայն կոչերով հանդես գան»: