Քաղաքացիական շարժումը վերածվում է ընդդիմադիր ամբոխի. իշխանությանը հաջողվեց պառակտել ցուցարարներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս առաջ` հունիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում պայքարող երիտասարդները բաժանվեցին տարբեր թեւերի. ՀԷՑ-ում աուդիտի անցկացման առաջարկը ընդունելի համարելով` «Ոչ թալանին» նախաձեռնությունը հեռացավ Բաղրամյանից, իսկ մնացածների մի մասն էլ շուրջ 9 օր ոչինչ չձեռնարկելուց հետո, ի վերջո, հեռացվեց, եւ ձեւավորեց «Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնությունը, որը համակարգում են Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը: Առաջինը, հիշեցնենք, տակավին վերջերս զբաղված էր ԼՂ-ում նոր կուսակցություն ստեղծելով, սակայն ըստ ամենայնի` հասկանալով, որ Ղարաբաղում իր քաղաքական հավակնությունների համար պարարտ հող չկա, վերադարձավ Հայաստան եւ պահը չկորցնելով` «իրենով արեց» Բաղրամյանի երիտասարդ ակտիվիստների մի մասին: Դե, իսկ Դ. Սանասարյանն էլ, ինչպես հայտնի է, «Ժառանգության» մամուլի խոսնակն է:

Իսկ, ահա, մյուս խմբում հավաքված են բացառապես քաղաքացիական պայքարի փորձ ունեցող երիտասարդներ, ովքեր հունիսի 23-ին իրենց վրա զգացին ջրցանի շիթերի եւ ոստիկանական մահակների ուժը, սակայն չընկրկեցին: Ի դեպ, նրանք դաժանաբար ծեծվել էին դեռ նախորդ տարի՝ հունիսի 23-ին` դարձյալ էլէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքելու համար: Եւ թվում էր, որ հենց այս խումբը չպետք է ընկրկեր սակագնի թանկացումը չեղարկելու իր գերնպատակից եւ կենտրոնանար այլ խնդիրների վրա:

Մինչդեռ ներկայումս «Ոչ թալանին»-ի առաջադրած պահանջներին առավել հետամուտ է «Ոտքի, Հայաստա՛նը», իսկ իրենք` «Ոչ թալանին»-ի անդամները, կարծես թե փորձում են ներգրավվել այլ` քաղաքական խնդիրների լուծմանը: Համենայն դեպս, երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստա՛նի»-ի սկսած նստացույցի եւ հետագա ակտիվ գործողությունների թիվ մեկ թիրախը հենց էլէներգիայի թանկացման որոշման չեղարկումն է, իսկ, ահա, «Ոչ թալանին»-ի անդամներից ընդամենը 1-2 էին երեկ Հանրապետության հրապարակում: Պարզվում է` նրանք պատրաստվում են Ազատության հրապարակում սեփական հավաքը նախաձեռնել հուլիսի 31-ին, սակայն ոչ թե էլէներգիայի թանկացման, այլ արդեն Սահմանադրության փոփոխությունների դեմ:

Այսպիսով` ստացվում է, որ իշխանություններին հաջողվեց պառակտել եւ նաեւ գաղափարական խառնաշփոթ մտցնել Բաղրամյանում պայքարող ցուցարարների կորիզի մեջ: Եւ նաեւ այդ պատճառով է, որ աուդիտի առաջարկից մեկ ամիս անց իշխանությունները հարկ չեն համարում հանրությանն իրազեկել, թե ինչ միջոցներով են փոխհատուցելու թանկացման դիմաց: Եվ նման պահվածքը միանգամայն բնական է. եթե պահանջ հնչեցնողը մինչեւ վերջ հետամուտ չի լինում, այլ կուլ տալով նետված խայծը, մի հարցը չլուծած` ձեռնամուխ է լինում նոր հարցի լուծմանը, ապա այլեւս մտահոգվելու կարիք չկա. քաղաքացիական այդ շարժումը վերածվում է պարզապես ընդդիմադիր մի ամբոխի, որի ձայնը հետզհետե սկսում է հոգնեցնել նաեւ հանրությանը:




Լրահոս