Բաղրամյանի բարիկադ-աղբամանների գործը կարճվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող շուրջ 40 աղբամաններ՝ այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)։

Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան 8 հասցեի դիմացի ճանապարհահատվածից առգրավվել են «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող աղբամանները, նշանակվել դատաապրանքագիտական փորձաքննություն։

Քննությամբ պարզվել է, որ աղբամանները վնասվել են մասամբ եւ ընկերությանը պատճառված վնասը կազմել է 25.400 դրամ։ Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ընկերությունն այլեւս որեւէ բողոք-պահանջ չունի։ Նախաքննության արդյունքներով՝ քննիչը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը։




Լրահոս