Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում՝ ցույց տալու, թե ՀՀ նախագահական այս ընտրությունները մրցակցային են, ավելին` բավական լուրջ գաղափարական պայքար է ընթանում: Այս միտքը նա կրկնում է ամեն քայլափոխի` գրեթե բոլոր նախընտրական հանդիպումներում: Իսկ պատճառը պարզ է` երեք հիմնական քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի չմասնակցելն այս ընտրություններին մտահոգել է Ս.Սարգսյանին, ու հիմա նա հատկապես միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ հակառակը:
Մինչեւ հիմա նախագահական ընտրությունների քարոզարշավը մեկ ուշագրավ առանձնահատկություն ուներ. քարոզարշավն անցնում էր համեմատաբար հանգիստ, առանց լարվածության, եւ թեկնածուները միմյանց հասցեին առանձնապես սուր քննադատություններով հանդես չեն եկել: Ու հիմա Սերժ Սարգսյանը, որ ամեն ինչ անում է՝ ցույց տալու, թե այս ընտրությունները մրցակցային են, փորձում է իր կողմից սրություն մտցնել: Պատահական չէ, որ երեկվա հանդիպման ժամանակ նա առանց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տալու ասել է. «Երեկ թեկնածուներից մեկը, ձայնին խրոխտ արտահայտություն տված, արտահայտեց, թե սա բարու եւ չարի պայքար է։ Տեղ հասանք, ինչպես ասում են, որովհետեւ գոնե մինչեւ հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում: Մեկը լինի հարցնի, էլի սկսեցի՞ք, մերոնք, ձերոնք, նորից սկսեց սեւ սպիտակի բաժանելը։ Վարակված են այս մարդիկ, այս մարդիկ վարակված են բաժանարար գծերով։ Ես չեմ հասկանում, թե էս մարդիկ երբ են հասկանալու, որ մեր երկիրը մեղք է այս բոլոր մասնատումների ձեռքին, հո կրակը չի՞ ընկել մի քանի մարդկանց ձեռքը: Ե՞րբ են ասում՝ սա բարու եւ չարի պայքար է, հետաքրքիր է կարո՞ղ են ասել՝ որն է չարը, ըստ իրենց, եւ որը՝ բարին: Կամ մեծ հաշվով ի՞նքն է որոշողը՝ որն է բարին, եւ հարց է առաջանում՝ այդ մարդիկ կյանքում լուրջ որոշում կայացրել են, թե ոչ։ Նրանք հասկանո՞ւմ են, թե ինչ է նշանակում, երբ ընկերոջդ ուղարկում ես կրակի բերան, երբ լուրջ պաշտոնի ես ուղարկում»։
Թեեւ նախագահի ընտրություններում քաղաքական մրցակցություն որպես այդպիսին չկա, փոխարենը կա մեկ այլ ասպարեզ, որտեղ ընթանում է թեժ մրցակցություն. խոսքը ընտրական պրոցեսը զավեշտի վերածելու մասին է: Տպավորություն է՝ թեկնածուներից յուրաքանչյուրը ջանք չի խնայում զավեշտի հասցնել ընտրությունները: Եթե քարոզարշավի սկզբում այս առումով առաջին հորիզոնականում էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ճանապարհին հանդիպող մարդկանց բոլորին անխտիր ձեռքով բարեւելու իր սովորությամբ, հետո շուկաներում շրջելով, անծանոթ վարսավիրանոց մտնելով եւ մազերը կտրելով, կարկանդակներ գնելով եւ մարդկանց բաժանելով, ապա հիմա նրա փառքը խլում է Պարույր Հայրիկյանը:
Նախագահի այս թեկնածուի դեմ մահափորձից հետո 11 օր շարունակ քաղաքական դաշտում ամենաքննարկվող թեման էր՝ կդիմի արդյոք Հայրիկյանը ՍԴ՝ նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով, թե ոչ: Հայրիկյանը մի քանի օր շարունակ մտածում էր այս հարցով, հետո որոշեց դիմել: Մի քանի ժամ անց արդեն հարցազրույցներում ասում էր, որ նման մտադրություն ունի, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել: Անցավ եւս մի քանի օր, ու պարզվեց՝ այնուամենայնիվ, Հայրիկյանը դիմելու է ՍԴ, փետրվարի 10-ին էլ պաշտոնապես ներկայացրեց դիմումը: Բայց, ինչպես ասում են, «երջանկությունը կարճ տեւեց». երեկ նա փաստաբանի միջոցով ՍԴ-ից հետ է վերցրել դիմումը:
Ընդ որում, պարզվում է, որ մինչեւ ՍԴ դիմելը Հայրիկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, ավելի ճիշտ՝ վերջինս է այցելել նրան: Երեկ արդեն շատերն էին կարծիք հայտնում, որ այս որոշումը հետեւանք է իշխանության հետ գործարքի, այլապես անհասկանալի է ՍԴ դիմելն ու մեկ օր չանցած դիմումը հետ վերցնելը: Բնականաբար, Պ.Հայրիկյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ ՍԴ դիմումը հետ վերցնելու հարցում Ս.Սարգսյանն իր վրա չի ազդել, ավելին՝ ժամանակին իր վրա չի ազդել ո՛չ խորհրդային ԿԳԲ-ն, ո՛չ էլ որեւէ մեկը: Իսկ թե ինչու է նա, այնուամենայնիվ, հետ վերցրել դիմումը, Հայրիկյանը մեկնաբանել է, թե իր դեմ մահափորձ կատարելով՝ փորձ է արվել խախտել ժողովրդի ընտրելու իրավունքը, բայց ինքը որոշել է թույլ չտալ ահաբեկիչներին հասնել իրենց նպատակին: Ուստի, հանուն ժողովրդի ընտրության իրավունքի իրացման՝ հետ է վերցնում դիմումը: «Մենք ամսի 18-ին կունենանք ընտրություններ: Որեւէ ստահակ, որեւէ ահաբեկիչ չպետք է ի վիճակի լինի փոխել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, դա իմ ելակետային դիրքորոշումն էր»,-ասել է երեկ արդեն հիվանդանոցից դուրս գրված Հայրիկյանը: Թե որքանով կարելի է լուրջ ընդունել այս հայտարարությունները, եւ արդյոք Հայրիկյանն իր այս քայլն անում է ժողովրդի ընտրական իրավունքի, թե Սերժ Սարգսյանի ընտրվելու իրավունքի համար, թողնում ենք ընթերցողների ենթադրությանը: