ՀԱՅԱՍՏԱՆԻ 4-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ` ԿԱՅՈՒՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ծրագրվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրապետության նախագահի կարգավիճակը հիմնովին փոխվում է: Նոր նախագծով պետության գլուխը լինելով հանդերձ՝ նախագահն այլեւս չի ունենալու այն ազդեցությունը, ինչ ներկայումս՝ անկախ այդ պաշտոնը զբաղեցնողի անձից: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են արվել հանրապետության նախագահի ընտրության կարգում, եւ որքանով են դրանք համապատասխանում հայաստանյան ավանդույթներին ու իրական կյանքին: Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել խորհրդարանական կառավարմամբ երկու այլ հանրապետությունների՝ Իտալիայի եւ Գերմանիայի օրինակներին, որոնցից էլ հիմնականում օգտվել են մասնագիտական հանձնաժողովի անդամները:

Այսպես՝ Սերժ Սարգսյանի ստեղծած հանձնաժողովի կողմից հրապարկված նախագծի 123-րդ հոդվածով նախանշվում է, որ հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է ու առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով, ինչպես նաեւ իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների շեփորահարը հանդիսացող «Հայեցակարգում» խոսվում էր հստակ երաշխիքների մասին, որոնք պիտի ազդեին նախագահի՝ բացառապես ազգային շահերով առաջնորդվելու վրա: Նկատենք, որ գործող Սահմանադրության 49-րդ հոդվածով էլ է նախագահը պարտավոր հետեւել Սահմանադրության պահպանմանը, ապահովել իշխանության տարանջատումը, գործադիր, օրենսդիր ու դատական թեւերի միջեւ հավասարակշռությունն ու դրանց անկախությունը: Մի կողմ թողնելով առաջին եւ երկրորդ նախագահների դեպքերը՝ այս համատեքստում դիտարկենք Սերժ Սարգսյանի գործունեությունը: Կարո՞ղ ենք հիշել գեթ մեկ դեպք, երբ Սերժ Սարգսյանը իր շահերին հակառակ հարգել է ՀՀ Սահմանադրությունը: Ավելին՝ կա արդյո՞ք նման նախադեպ, երբ նա զերծ է մնացել իր ընդդիմախոսների նկատմամբ ընտրողական արդարադատության կիրառումից կամ էլ հրաժարվել է օգնել իր թիմակիցներին կրիմինալ արկածներից անվնաս դուրս պրծնելու գործում: Իհարկե ոչ, բայց չէ որ այստեղ Սահմանադրությունը մեղավորություն չունի, քանզի այս ամենն արվում է Սահմանադրության հանդեպ ընդգծված արհամարհանքի պայմաններում: Երբ մեկ գիշերում Սարգսյանը կայացրեց ԵՏՄ-ին միանալու որոշումը, ի՞նչ է, դա պայմանավորված էր Հայաստանի ազգայի՞ն, թե՞ սեփական իշխանությունը չկորցնելու շահերով: Ամերիկյան դիվանագիտական արխիվի փաստաթղթերից տեղեկացել ենք, որ Սարգսյանն անձամբ էր վերահսկում Մարտի 1-ին հաջորդած դատական գործերը եւ կանխավ արդեն իսկ բոլոր ձերբակալվածներին մեղավոր էր հռչակել: Այս ամենը հաշվի առնելով՝ ո՞ր միամիտը կհավատա, որ հանրապետության նախագահը կաշկանդված է լինելու Սահմանադրության մեջ արձանագրված դատարկ ու ձեւական դրույթներով: Հանուն արդարության հարկ է նկատել, որ այս նոր նախագծի ընդունման դեպքում ցանկացած նախագահ հարկադրված է լինելու գործել անասելի սահմանափակ լիազորություններով՝ Սահմանադրության մեջ գրվածից անկախ, քանզի մեծամասնության «վոժդին» առարկելիս մտքում հիշելու է, որ ԱԺ առաջիկա քառօրյայում ինքը կարող է հապճեպորեն իմպիչմենտի ենթարկվել բազմաչարչար եւ կայուն մեծամասնության ձեռամբ:
Իսկ, ահա, նախագծի 124-րդ հոդվածով նախատեսվում է, որ նույն անձը հանրապետության նախագահ կարող է դառնալ միայն մեկ անգամ՝ 7 տարի ժամկետով: Նախագահի պաշտոնին հավակնելու իրավունք ունի 40 տարին լրացած, վերջին 7 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող, ընտրական իրավունքով օժտված ցանկացած ոք: Գործող Սահմանադրության համաձայն՝ այդ պաշտոնին կարող է հավակնել 35 տարին լրացած, 10 տարվա քաղաքացիություն ունեցող եւ այդքան էլ մշտական բնակություն ունեցող անձը: Ըստ էության, Սերժ Սարգսյանի իրավաբանները բարձրացրել են տարիքային ցենզը, փոխարենը իջեցրել ՀՀ քաղաքացի լինելու ու ՀՀ-ում բնակվելու շեմերը: Իրականում սրանք պարզագույն ձեւականություններ են, քանզի 1998թ. ՀՀ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, որը ո՛չ 7, ո՛չ էլ 10 տարի ՀՀ քաղաքացի չէր եղել եւ մշտական բնակություն չէր ունեցել այստեղ: Սակայն այսօր Սահմանադրության փոփոխության մեջ մեր ազգային իղձերի իրականացումը տեսնող Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական բախտախնդիրները ոչնչով կաշկանդված չէին Քոչարյանին ծառայելու հարցում՝ միահամուռ կերպով մոռացած լինելով սահմանադրական այդ կարեւորագույն դրույթի խախտման փաստը:
Դիտարկելով արեւմտաեվրոպական փորձը, մասնավորապես իտալական ու գերմանական մոդելները՝ տեսնում ենք, թե ինչպես են Սարգսյանի հանձնաժողովականները կատարել իրենց՝ իբրեւ տնային աշխատանք հանձնարարված արտագրության վարժությունը: Այսպես, ըստ Գերմանիայի Սահմանադրության՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Կառավարության կամ օրենսդիր մարմնի անդամ չհանդիսացող գործիչը: Այս երկրում նույն անձը կարող է նախագահ ընտրվել միայն 2 անգամ: Ինչ վերաբերում է Իտալիայի օրինակին, ապա այստեղ նախագահ է ընտրվում 50 տարին լրացած, քաղաքական ու քաղաքացիական իրավունքներ ունեցող անձը: Այս երկրում նույն անձը նախագահ կարող է դառնալ միայն մեկ անգամ՝ 7 տարի ժամկետով:
Օտար սահմանադրությունների՝ իրենց անձնական քիմքին հաճելի դրույթները մեկտեղելուց եւ հրապարակելուց առաջ հանձնաժողովականները պիտի բարի լինեին ուսումնասիրել Հայաստանի պետականության փորձն ու ավանդույթները եւ ապա որոշեին, թե որքանով են այդ դրույթները համապատասխանում մեր իրականությանը: Իսկ, ահա, այսպիսի փնթի աշխատանքի արդյունքը պիտի զարկ տար նոր պարադոքսների: Արդ, այն իշխանությունը, որ շարունակ խոսում է քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին, հակառակ դրան նախագահ դառնալու տարիքը էլ ավելի է բարձրացնում, շարունակաբար ճամարտակելով իշխանավարության պրոֆեսիոնալիզմի մասին՝ նախագահի կառավարման ժամկետը կարճացնելու փոխարեն ավելացնում է եւ այլն: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարման մոդելը որոշելիս Սերժ Սարգսյանի ենթակաները վերցրել են մի շարք երկրների սահմանադրությունները եւ առանձին-առանձին դրույթների ծաղկաքաղ անելով՝ ստեղծել են հակասական եւ կառավարման ճգնաժամերի ռիսկերով լի մի փաստաթուղթ:

Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՌԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
Հայաստանի համայնքների ավագանու անդամների վարձատրության հարցը մնում է օրակարգային խնդիր: Այս հարցը մշտապես բարձր ատյաններում քննարկվում է, սակայն այդպես էլ լուծում չի ստանում: Բանն այն է, որ չորս տարին մեկ ընտրվող ավագանու անդամները չեն վարձատրվում, եւ դրա արդյունքում հատկապես գյուղական շատ համայնքներում ավագանու անդամները մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի` համայնքային գործունեությունը կիսատ թողնելով: Ավելի քան մեկ տարի առաջ նման իրավիճակ ստեղծվեց նաեւ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում:
Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղապետարանի աշխատանքներն ավելի քան մեկ տարի պարալիզացված էին, քանի որ ավագանու 5 անդամներից երեքը Հայաստանից մեկնել էին Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Այս առիթով 2014 թվականի հունվարի 14-ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու երկու անդամներ՝ Արտյոմ Դանիելյանի եւ Վահան Սարգսյանի լիազորությունները: Իսկ այս տարվա հունիսի 6-ին վաղաժամկետ դադարեցվեցին նաեւ ավագանու մյուս անդամ Վիգեն Հարությունյանի լիազորությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս նույնպես մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի նպատակով: Արդյունքում` այս կիրակի Աղավնաձորում անցկացվեցին ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
«Ժողովուրդ»-ը Աղավնաձորի գյուղապետի աշխատակազմի ղեկավար Մակիչ Դանիելյանից տեղեկացավ, որ ավագանու անդամների ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության: «Ի՞նչ ունեն իրար հետ կիսելու: Չէ՞ որ ավագանու անդամը չի վարձատրվում»,- լրացրեց Դանիելյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընտրված ավագանու անդամներից չորսը ՀՀԿ-ական են, մեկը՝ անկուսակցական: Այս կապակցությամբ Մակիչ Դանիելյանը նկատեց, որ անցած տարիներին էլ որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ երբեւէ չի առաջադրել իր թեկնածությունը:
Թեեւ Աղավնաձորն արդեն ունի ավագանի, այնուամենայնիվ, գյուղապետարանի աշխատակազմում մտավախություն կա, որ նորընտիր ավագանու անդամները եւս կմեկնեն ՌԴ՝ արտագնա աշխատանքի: «Պետք է որ չգնան: Մենք նախապես զգուշացրել ենք իրենց, որ եթե երկրից գնալու մտադրություն ունեն, ապա թող չառաջադրվեն: Ուղղակի չես կարող իրենց ոչ մի բանում պարտադրել, որովհետեւ ավագանու անդամը չի վարձատրվում: Այս պատճառով էլ աշխատում ենք իրենց հետ ավելի մեղմ խոսել, որովհետեւ ավագանու անդամ դառնալու ցանկություն գյուղում գրեթե ոչ ոք չունի»,- նկատեց Մակիչ Դանիելյանը:
Ի դեպ, այս կիրակի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացվեցին Տավուշի մարզի Խաշթառակ եւ Շիրակի մարզի Սալուտ գյուղերում. Խաշթառակի գյուղապետը իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, իսկ Սալուտինը՝ մահացել: Հաղթած թեկնածուները չունեին մրցակիցներ եւ առաջադրվել էին ՀՀԿ-ի կողմից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ԽԱՂՈՂԸ ՀԱՆՁՆԵԼԸ` ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում արդեն 10 օր է` սկսվել է խաղողի մթերումը: Մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կիլոգրամը 140 դրամով արդեն ընդունել են 1600 տոննա խաղող: Նրա հավաստմամբ` խաղողի մթերումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 5-6-ը:

Ներկայումս ԵԿԳ Բերդի մասնաճյուղում ընդունվում է միայն «Ռիկածիթելի» եւ «Բանաց» սորտերի խաղող: Մասնաճյուղի կառավարչից հետաքրքրվեցինք` Բերդի տարածաշրջանի խաղողագործների մի մասը Բերդի մասնաճյուղի հետ խաղողի ընդունման պայմանագիր չունի, արդյո՞ք այդ մարդկանց աճեցրած խաղողն իրենք ընդունում են: Նա հայտնեց, որ հնարավորության սահմաններում որակյալ խաղողն իրենք ընդունում են` չմասնավորեցնելով, թե որոնք են այդ «հնարավորության սահմանները»: Գ. Վարդանյանն ասաց, որ իրենք, բացի Բերդի տարածաշրջանի խաղողից, ընդունում են նաեւ Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր եւ Այգեհովիտ գյուղերի խաղողագործների աճեցրած բերքը: Նրա խոսքերով՝ իրենք ընդունած խաղողի գումարը վճարում են ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի` բանկային 10 օրվա ընթացքում: Այդ պատճառով Այգեհովտի եւ Աչաջրի խաղողագործներին ավելի ձեռնտու է խաղողը հանձնել Բերդի մասնաճյուղին, քան թե Իջեւանի գինու գործարանին. վերջինում մթերած խաղողի դիմաց վճարումները ձգձգվում են մինչեւ նոր տարի: Նշենք, որ Աչաջուր գյուղից մինչեւ Բերդ քաղաք ավելի քան 50 կմ է, եւ աչաջրեցին բերքը Բերդ հասցնելու եւ այնտեղից վերադառնալու համար անցնում է մոտ 100 կմ, ինչը հավելյալ ծախս է պահանջում: Բացի այդ` Բերդ տանող ճանապարհը ձգվում է լեռնային ոլորաններով, Վազաշենի մոտակայքում ավտոճանապարհն անցնում է սահմանի երկայնքով՝ ադրբեջանական հենակետերից ոչ հեռու: Չնայած սրան` աչաջրեցիներն իրենց խաղողը գերադասում են հասցնել Բերդ: ՀՀ Կառավարությունը, հատկապես գյուղնախարար Սերգո Կարապետյանը բազում անգամ հավաստիացրել են, որ այս տարի խաղողագործներն իրենց բերքը իրացնելու հարցում խնդիրներ չեն ունենա, սակայն աչաջրեցի, այգեհովտցի խաղողագործների համար բերքը Բերդ քաղաք հասցնելն արդեն փորձություն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս