ՄԻՆՉԵՎ Ո՞ՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Oրինաց երկիր» կուսակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի  հեղինակած «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որով  նախատեսվում էին բազմապիսի օգնություններ այն ընտանիքներին, որտեղ 4 եւ ավելի երեխա կա: Այդ թվում` կոմունալ ծախսերի զեղչ 50%-ով, դեղերի անվճար տրամադրում, նպաստներ, նաեւ`  ձրի բնակարանով ապահովում, գյուղերում  ձրի հողատարածքի տրամադրում  եւ այլն: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ  այդ  առաջարկները չեն բխում հասցեական սոցիալական օգնություն տրամադրելու ռազմավարությունից: Սա ավելի քան անհեթեթ հիմնավորում  է, հատկապես երբ խոսքը ընդամենը 15 հազար  բազմազավակ ընտանիքների մասին է, որոնցից ներկայում նպաստներ է ստանում ընդամենը 8 հազարը: Իսկ «հասցեական սոցիալական օգնության ռազմավարություն» ասվածը մոտ կես տարի առաջ շրջանառության մեջ դրված հերթական բլեֆն է, որով այս կառավարությունը փորձ է անում քողարկել իր խայտառակ սոցիալական քաղաքականությունը: Բայց եթե  այլ սոցիալական խմբերին հատկացվող նպաստների դեպքում կարելի էր ինչ-որ տեղ  քննարկել կառավարության այդ մոտեցումը, ապա բազմազավակ ընտանիքների դեպքում դա ուղղակի անընդունելի մոտեցում է, քանի որ գրեթե ժողովրդագրական աղետի եզրին հասցված մեր երկրում կարեւոր է յուրաքանչյուր երեխայի ծնունդը: Ծնելիության աճի խթանումն այսօր արդեն ազգային անվտանգության խնդիր է, եւ պատահական չէ, որ այն  արձանագրված է ՀՀ կառավարության ինչպես նախորդ, այնպես էլ գործող հնգամյա ծրագրերում` որպես առաջնահերթություն: Վերջինում մասնավորապես ասված է. «Ժողովրդագրական  իրավիճակի բարելավման  ուղղությամբ իրականացվող ծրագրերը կառուցվելու են  երեք կարեւորագույն հենքերի վրա` երիտասարդ ընտանիքներին աջակցություն, ծնելիության խթանում եւ երեխաների առողջություն»: Նույնի մասին հիշատակված է նաեւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, որում մասնավորապես ասված է. «Մեր ջանքերը ուղղելու ենք ապահով Հայաստանի ընկալման ձեւավորմանը, որտեղ մայրանում են իրենց մանկան ապագայի նկատմամբ ունեցած վստահությամբ: Բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես ապահով հասարակության կարեւորագույն օղակ»: Սակայն կառավարության կողմից վերը հիշատակված օրենսդրական նախաձեռնության մերժումն ավելորդ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունների խոստումներն ու ծրագրերը ոչինչ չարժեն, դրանք ընդամենը գեղեցիկ ձեւակերպված դատարկաբանություններ են, որոնք հնչեցնելուց  անմիջապես հետո մոռացվում են   հեղինակների կողմից: Իսկ  բազմազավակ եւ ոչ բազմազավակ ընտանիքներն իրենց խնդիրները լուծում են արտագաղթելով: 




Լրահոս