ՄՏՑՐԵԼ ԵՆ ԲԵՌՆԱԽՑԻԿԸ ԵՎ ՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 6-ին Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց ավտովթար է տեղի ունեցել, որից հետո   «Ջիփ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Մերսեդես»-ի վարորդին բռնությամբ մտցրել է  մեքենայի բեռնախցիկը եւ տարել:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Գեւորգ եւ Էդուարդ Մարտիրոսյանները, որոնք հայր եւ որդի են, մարտի 6-ին, ժամը 9:00-ի սահմաններում, ծեծի են ենթարկել Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Արայիկ Շառոյանին, կոտրել նրան պատկանող «Մերսեդես» մակնիշի 27 ՕՕ 616 համարանիշի ավտոմեքենան, այնուհետեւ բռնի ուժով նրան գցել «Գրանդ Շերոկի» մակնիշի 77 ՍԼ 888 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը եւ տարել անհայտ ուղղությամբ: Իսկ ավելի ուշ  նույն թաղամասի բնակիչ 24-ամյա Տիգրան Բաբլոյանը դիմել է ոստիկանություն եւ պատմել, որ մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենայով 2-3 անգամ հարվածել են իր «Մերսեդես» մակնիշի 27 ՕՕ 616 համարանիշի ավտոմեքենային, ինքը փորձել է դիմել փախուստի, սակայն «Գրանդ Շերոկի»-ի վարորդը վազել, բռնել է իրեն եւ իր կամքին հակառակ՝ բռնությամբ խցկել «Գրանդ Շերոկի»-ի բեռնախցիկի մեջ եւ առեւանգել:
Նշենք, որ Գեւորգ Մարտիրոսյանը ՌԴ զինված ուժերի X բազայի տեսչության պետ, կոչումով փոխգնդապետ է, իսկ նրա տղան՝ Էդուարդը, «Հյուսիսային աստղ» ինտելեկտուալ տուրիզմի կենտրոնի տնօրենն է:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գեւորգ Մարտիրոսյանի հետ: Վերջինիս խոսքով` այս սադրանքը արել է Արայիկ Շառոյանը: 
«Արայիկ  Շառոյանն ինձ գումար է պարտք: Ես նրանից մեքենա էի գնել, որը արժեր 44 հազար դոլար: Ավելի ուշ հաղորդում էր տրվել այն մասին, որ ինքը իրավունք չուներ վաճառել այն: Արայիկի պապիկն էլ ինձանից պահանջել էր մեքենան, իսկ ես էլ պահանջել էի, որ տրամադրեն մեր գումարը, որից հետո ես կվերադարձնեմ մեքենան: Արդյունքում այս ամենը հասավ դատարան, խնդիրը դեռեւս չի կարգավորվել, ու դատարանը ոչ տրամաբանական որոշում է կայացրել, թե իբր ես եմ իրենց պարտք»,-պատմեց Գեւորգ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` վերջին 10-15 օրվա ընթացքում իր բնակարանի մոտ ինքը նկատել է մի խումբ չսափրված, տարօրինակ արտաքինով տղաների: «Մարտի 6-ին ես եւ տղաս` Էդուարդը, տանից դուրս գալիս նկատեցինք, որ մեզ «Մերսեդես» մեքենայով  հետեւում են, ու հասկացա, որ իմ դեմ սադրանք է սարքված: Մի քանի անգամ մեքենայովս շրջադարձ կատարեցի, որ ճանապարհային ոստիկանությունը, տեսախցիկները նկատեն իմ խախտումը, որ հետագայում հասկանալի լինի, որ ինձ հետապնդում են եւ այնպես ստացվեց, որ  «Մերսեդես»-ը հետ ընկավ եւ ես սկսեցի հետեւել նրան: Այդ ընթացքում «Մերսեդես»-ի վարորդը երեք անգամ կտրուկ արգելակում արեց, եւ իմ մեքենան հարվածեց նրա մեքենային, բայց «Մերսեդես»-ի վարորդը կանգ չառավ ու էլի շարժվեց տեղից, եւ այդ ժամանակ ես համոզվեցի, որ իմ դեմ իսկապես սադրանք  են սարքել, ու շարունակեցի գնալ նրա հետեւից»:
Մարտիրոսյանի պարզաբանմամբ, երբ «Մերսեդես»-ի վարորդը կանգնել է, մեքենայից դուրս է եկել եւ անմիջապես փախուստի դիմել. «Վազեցի իր հետեւից, ու նա ընկավ եւ անգամ ընկած տեղից  փորձեց հարվածել ինձ: Ես կարողացա մի կերպ հետ քաշվել նրանից եւ բռնելով ձեռքը՝ ասացի, թե դու Արայիկ Շառոյանի ուղարկած մա՞րդն ես»: 
Ըստ Գեւորգ Մարտիրոսյանի`  ինքը  առաջարկել  է  նստել իր մեքենան եւ իր հետ միասին  գնալ ոստիկանություն: Մեքենայի մեջ Տիգրանը խոստովանել  է, որ Ա. Շառոյանի ուղարկած մարդն է, եւ Արայիկը խնդրել է իրեն, որ հետապնդեն նրանց: «Արայիկ  Շառոյանի քունը չի տանում, որ ինչ-որ մի ձեւ ինձ վնասի»,-ասաց Գեւորգը` պնդելով, որ այն, ինչ տարածվել է մամուլով, թե իբր իրենք ծեծել են Ա. Շառոյանին եւ հետո էլ ավելի ուշ Տիգրանին մտցրել են իրենց մեքենայի բեռնախցիկը եւ տարել անհայտ ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում. «Կրկնում եմ՝ այս ամենն աբսուրդ է եւ սադրանք իմ ընտանիքի նկատմամբ»:
Զրուցեցինք նաեւ Ա. Շառոյանի հետ: Վերջինս էլ իր հերթին սկսեց մեղադրանքներ ներկայացնել Գ. Մարտիրոսյանի դեմ. «Ես ոչ մի կերպ չեմ կարողանում իրենից ստանալ իմ մեքենան, եւ հարկադիր կատարումը ինձ ասել է, թե որտեղ իրեն տեսնես՝ ինձ ասա, գամ, իրենից վերցնեմ մեքենադ: Ես եմ պահանջատերը, այլ ոչ թե ինքը»: Նրա խոսքով` ինքը Տիգրանին ասել է՝ արի՛ գնանք տեսենք, թե Գեւորգը տանն է, հարկադիրին կանչենք, որ մեր մեքենան վերցնենք: «Մի խոսքով, իր տղան ու ինքը Տիգրանին մեքենայից հանել են ու տարել անհայտ ուղղությամբ, ու երբ ոստիկանությունը խառնվել է իրար, ինքը նոր Տիգրանին տարել է ոստիկանություն, թե իբր բերել է հանձնելու»,-նշեց Արայիկը: Վերջինս նաեւ հավելեց, թե 2005թ. Գ. Մարտիրոսյանը այլ քայլի է դիմել. «Զինվորական ծառայության եմ եղել, այնտեղ Գ.Մարտիրոսյանը իր մատը խառնել է:  Ինքը սիրում է բողոքել եւ անիմաստ իմ հետեւից է ընկել»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն: ՊՆ քննչական ծառայությունից, սակայն,  տեղեկացանք, որ նյութերը դեռեւս իրենց չեն հասել: Հուսանք, որ դրանք  ճանապարհին չեն կորչի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս