ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ով կարող է լինել անհատ ձեռնարկատեր: Եվ խնդրում եմ ասել նաեւ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար:
Գնել Պողոսյան (49 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ նշենք, որ անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, եւ պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:
Իսկ ինչ վերաբերում է պետական հաշվառմանը, ապա ավելացնենք, որ անհատ ձեռնարկատերը գործակալություն պետք է ներկայացնի`
– անձնագիր (անձնագիրն անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) եւ պատճենը,
– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում եւ այլն):
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները եւ փաստաթղթերը: Նշենք, որ եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա էլ համարենք ինֆորմացիոն խրախուսանքի ձեւ՝ ուղղված փոքր բիզնեսի զարգացմանը:




Լրահոս