Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը երեկ Հունաստանում հանդիպում է ունեցել նախագահ Պրոպոկիս Պավլոպուլոսի հետ:
Այս մասին հայտնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Վեհափառ Հայրապետին ընկերակցրել են Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը և ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյանը:
Նորին Սրբությունը նախ ողջունել է Հունաստանի պետության կազմակերպած «Կրոնների և մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» խորագրով համագումարը: Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Հունաստանի պետական անձանց հետ տեսակցության ընթացքում առաջարկ էր ներկայացվել, որ Հունաստանը նման նախաձեռնություն իրականացնի` շեշտելով արևելքն արևմուտքին կամրջող Հունաստանի կարևոր տեղն ու դերը:
Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Հունաստանի նախագահին, ով քաղաքական կյանք մուտք գործելուց ի վեր նեցուկ է կանգնել Հայ դատին և այսօր որպես նախագահ շարունակում է դրսևորել նույն կեցվածքը:
Նախագահ Պավլոպուլոսը հայտնել է, որ հարգում է հայ ժողովրդին ու նրա արդար դատը և վստահեցրել է, որ կշարունակի աջակցել Հայ դատին: Նախագահը դրվատանքով խոսել է Հունաստանի հայ գաղութի մասին, որն իր կարևոր ներդրումն ունի երկրի բարգավաճման ու զարգացման գործում: