Առաքել Մովսիսյանը մեծ հաճույքով կգնա էթիկայի հանձնաժողով` «դատի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին սկսելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումի քննարկումն` ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի:

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսին հարցը ընդգրկվել էր հանձնաժողովի օրակարգ, սակայն հանձնաժողովի նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն երկարաձգվեց, քանի որ հանձնաժողովը նախագահ չուներ:  Ըստ մեր տեղեկությունների արդեն որոշում է կայացվել քննել հարցը՝ երկու կողմերի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր Աժ պատգամավորը:

Նշված հայտարարությունից հետո՝ հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են, այստեղից էլ նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար: ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը: Ա. Սաքունցը դիմել էր նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Ներկայումս ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն է, որին «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել:

-Պարո՛ն Բաբայան, Դուք ղեկավարում եք ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը, որի օրակարգում ընդգրկված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Ի՞նչ որոշում եք կայացրել, արդյո՞ք կողմերը ներկա են լինելու հարցի քննարկմանը:

-Մեր աշխատանքները սկսվել են առաջին իսկ օրվանից, ես այժմ նախապատրաստում եմ մեր նիստը, որտեղ պետք է հրավիրենք երկու կողմերին էլ: Քննվելու է Առաքել Մովսիսյանի դեմ ներկայացված դիմում-բողոքը, նոյմբերի 10-ին տեղի է ունենալու առաջին նիստն՝ իմ նախագահությամբ: Ըստ կանոնակարգի՝ մենք պետք է կողմերին հնարավորություն տանք արտահայտվել, խոսել, ներկայացնել իրենց դիրքորոշումը, որից հետո արդեն էթիկայի հանձնաժողովը կկայացնի իր որոշումը: Ամեն ինչ ընթանում է կանոնակարգի համաձայն, առանց որեւէ բացառությունների:

-Այսինքն՝ Արթուր Սաքունցն ու Առաքել Մեվսիսյանը ներկա՞ են լինելու նիստին:

-Այո՛, նրանք հրավիրվել են, գրություններն արդեն ուղարկվել են, մենք այդ օրն իրենց լսելու ենք:

-Եթե կողմերից մեկը հրաժարվի ներկա գտնվել նիստի ընթացքին, ապա այդ դեպքում ինչպեսի՞ որոշում եք կայացնելու:

-Պատգամավորների վերաբերյալ ուղարկված դիմումները, ըստ կանոնակարգի, քննվում են եւ վարույթ են ընդունվում, որից հետո տվյալ գործի վերաբերյալ լինում է զեկուցող: Իհարկե, հանձնաժողովը, կանոնակարգի համաձայն, պարտավոր է նաեւ հրավերն ուղարկել, բայց կողմերի իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել նիստին: Էթիկայի հանձնաժողովն այդ հարցում պարտադիր սանկցիա չունի: Եթե անհատները ցանկություն չեն հայտնում ներկայանալ, ապա էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացնում հարցն առանց իրենց լսել:

-Այս ժամանակահատվածում արդեն ուսումնասիրել եք գործը, խնդրում եմ՝ նշեք Ձեր դիրքորոշումը, ո՞ր կողմի փաստարկներն են ավելի հիմնավոր:

-Ես՝ որպես ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, այս պահին չեմ կարող տեսակետներ հայտնել, քանի որ նման իրավիճակում անլուրջ կլիներ խոսելը: Հանձնաժողովը որոշում կկայացնի, որի մասին բոլորն էլ կտեղեկանան:

-Նկատենք, որ մինչ այս երբեք նախադեպ չի եղել, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը «պատժի» պատգամավորին իր վարքի համար, Դուք կհամարձակվե՞ք:

-Էթիկայի հանձնաժողովը պատժիչ սանկցիաներ չունի, էթիկայի հանձնաժողովն ընդամենը արձանագրում է, եթե պատգամավորը խախտել է Աժ կանոնակարգի նախատեսված հոդվածները: Վստահ եղեք, որ իմ աշխատանքի ժամանակ անելու ենք ամեն ինչ, որպեսզի էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը որեւէ ձեւով չտուժի. մենք շարժվելու ենք միմիայն օրենքի շրջանակներում: Ես կաշկանդված եմ միայն ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա ներկա է գտնվելու Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստին: Պատգամավորը նախ հայտարարեց, որ ինքը դեռեւս որեւէ նամակ չի ստացել. «Կարող ա՝ ԱԺ-ում ա, ես էլ Աժ չեմ գնացել, դրանից տեղյակ չեմ»: Հարցին՝ եթե ստանա, գնալո՞ւ է, պատասխանեց. «Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ»:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս