«Կարող եք մտածել, որ մի փոքր խախտել եմ հավասարությունը». Արմեն Աշոտյանը պատասխանում է ՀԱԿ-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայ Ազգային կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ օրերս եթեր հեռարձակված «Եռանկյունի» հաղորդաշարի մասին, որի հաղորդավարը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր:

Եվ ահա, քիչ առաջ Արմեն Աշոտյանը համացանցի իր էջում պատասխանել է ՀԱԿ-ին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը:

Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար: Հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումը ապահովելու նպատակով: Սահմանադրության քարոզչության համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:

Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրներին՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:

Կարող եք մտածել, որ առաջին հաղորդման ընթացքում ես մի փոքր խախտել եմ հավասարությունը, բայց ընդունեք նաև, որ այդ դեպքում ՈՉ-ի ճակատի ներկայացուցիչը ավելի երկար եթերաժամանակ ունեցավ:

Իդեպ, հաղորդման մասնակցության հրավերներ ուղղվելու են տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին: Անհամբեր կսպասեմ ՀԱԿ-ի ղեկավարներին մեր տաղավարում, կտամ ուղիղ հարցեր և կլսեմ իրենց տեսակետները:

Նորից շնորհակալ եմ այս համակ ուշադրության համար:

Մնացեք մեզ հետ»:

Ստորև ներկայացնում ենք հաղորդումը.




Լրահոս