ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՐ Է ՓՆՏՐՈՒՄ, ԳՏԵԼ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին՝ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, գլխի հատվածին տարբեր վնասվածքներով եւ անգիտակից վիճակում Կապանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել  Կապանի բնակիչ 43-ամյա Արմեն Վարդանյանը: Տեղեկություններ տարածվեցին, որ նրան ծեծի է ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
Ըստ լուրերի՝ ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ գիշերային ակումբի մոտ Նիկողոսյանին ու նրա ընկերոջը մոտեցել են մի քանի խմած տղաներ ու սկսել հարցեր տալ՝ հետաքրքրվելով, թե ինչ է նրանց անունը: Զարզանդի ներկայանալուց հետո տղաները սկսել են ծիծաղել նրա անվան վրա ՝«Տարզան» անվանելով, ինչի պատճառով էլ ծեծկռտուք է սկսվել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Զարզանդ Նիկողոսյանի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել պատճառը, որ վերջինս ծեծի է ենթարկել Կապանի բնակչին:
-Ի՞նչն է եղել Ձեր եւ Արմեն Վարդանյանի միջեւ ծագած վեճի պատճառը:
-Ի՞նչ միջադեպ, ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել, մարդը խմած դուրս ա եկել, աստիճաններից գլորվել-ընկել ա:
-Իսկ Դուք որտե՞ղ էիք, ու ինչո՞ւ է Ձեր անունը շոշափվում ու նշվում, որ Դուք եք ծեծել նրան:
-Ես դուրսը կանգնած եմ եղել, մենք օգնել ենք այդ մարդուն, սառը ջուր ենք շփել երեսին, նստեցրել ենք մեքենան, ուղարկել ենք: Ինչ որ մեզանից հասնում էր, արել ենք:
-Ոստիկանություն ինքնակա՞մ եք ներկայացել:
-Իհարկե ինքնակամ եմ գնացել, բացատրություն եմ ներկայացրել՝ ոնց է եղել, ինչ է եղել: Ես ոստիկանությունում ընդամենը 30 րոպե եմ մնացել:
-Մեր տեղեկություններով՝ Ձեր անվան հետ կապված կատակներ են արել, ինչի պատճառով էլ ծեծել եք Ա. Վարդանյանին:
-Չէ՛, չէ՛, ցավդ տանեմ, ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել, ոչ մեկն էլ ինձ չի կարա ձեռ առնի: Բոլորն էլ ինձ ճանաչում են, մի քաղաքի մարդիկ ենք, ո՞նց կարան ինձ չճանաչեն ու ձեռ առնեն:
-Քանի որ Դուք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապա՞հն ե…
-Սյունիքի մարզպետի հետ ոչ մի բան մի՛ կապեք, ես այդ մարդու հետ մինչեւ 2011 թվականն եմ աշխատել, հիմա հո ինքը կրակի մեջ չի՞ ընկել, որ իր մոտ եմ աշխատել: Ինչ լինի, իր անվան հետ են կապում: Ես գործնական ոչ մի հարաբերություններ չունեմ նրա հետ: Ես նրա մոտ աշխատել եմ 2005-2011թթ.: Սխալ են անում, գլուխները քարով են տալիս, ինչո՞ւ են էդ մարդու անունը խառնում:
-Ոստիկանությունը հայտնել է, թե Ձեզ է փնտրում:
-Դավիթ Բարխուդարյանն իմ ընկերն է, ու նշվում է, թե ինձ ու իրեն փնտրում են, բայց մեզ ոչ մեկն էլ չի փնտրում: Ուղղակի Դավիթն էդ ժամանակ իմ կողքին է կանգնած եղել:
Հ.Գ. Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը թիկնապահ չունի եւ չի ունեցել, իսկ նման դեպքը Ս. Խաչատրյանի անվան հետ կապելը տեղին չէ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս