«Զվյոզդը լրիվ տարել է». քառակուսի արդարացումներ Արմեն Աշոտյանի «Եռանկյունու» առնչությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար, հետն էլ ՀՀԿ փոխնախագահ ու պարապ ժամերին երգեր գրող Արմեն Աշոտյանին կարծես չի բավարարում ֆեյսբուքյան աստղ լինելը։ Նա հեռուստատեսային փառքի է ձգտում, որ ոչ թե լրագրողների հույսին մնա՝  հեռուստացույցով երեւալու հարցում, այլ սեփական հաղորդումն ունենա, որպես հեռուստաաստղ ինքնուրույն կայանա։ Ֆեյսբուքից բացի, նաեւ Բաղրամյանի ցույցերում եւ ՀՀԿ-ի հայտնի նիստում իր «աստղային» հայտնիության չափաբաժինը կտրուկ ավելացրած Աշոտյանը հիմա էլ որոշել է Հ1-ով հանդես գալ։ Ոչինչ, որ երկրում ոչ նորմալ կրթություն կա, ոչ էլ, առավել եւս, գիտություն, որով կարող էր զբաղվել նա՝ որպես ԿԳ նախարար։ Կարեւորը՝ հետ չմնանք արեւմտյան քաղաքական գործիչներից ու կրկնօրինակենք նրանց։ Թերեւս հենց դա է պատճառը, որ Աշոտյանը բանուգործը թողել, մտել է եթեր ու քաղաքական շոու է վարում, անունն էլ՝ «Եռանկյունի»։

Կանչում է քաղաքական տարբեր ուժերի կամ հասարակական սեկտորի ներկայացուցիչներին ու «անաչառ» բանավեճ «հրահրում»։ Բանը հասել է այնտեղ, որ ՀԱԿ-ը հատուկ հայտարարություն արեց այս հաղորդման մասին։ Իսկ Արամ Մանուկյանն էլ երեկ ամբիոնից հայտարարեց, որ դա օրենքի կոպիտ խախտում է։ Առաջին հաղորդումը եթեր գնաց մի քանի օր առաջ՝ սահմանադրական փոփոխությունների թեմայով։ Այնպիսի տպավորություն էր, որ հաղորդումն «այո»-ի քարոզարշավի շրջանակներում է։ Ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին լավ նեղեցին, ձայնն ամենակարեւոր հատվածներում լռեցրին, չարախնդացին, թե ընդդիմություն չկա, փոշիացել է, իսկ լսարանը հստակ պրոիշխանական էր եւ ծափահարում էր հիմնականում Աշոտյանի խոսքի ժամանակ։

Աշոտյանի ՀՀԿ-ական գործընկերներն այս ամենը «չեն նկատել»։ Թեպետ նրանցից ոմանք, էթիկայից ելնելով հրաժարվեցին նույնիսկ կարծիք հայտնել, բայց առանց ձայնագրիչի խոստովանում էին՝ «որպես ի՞նչ է գնացել մտել եթեր, զվյոզդը լրիվ տարել է», կամ՝ «դե, նա շատ է սիրում եթերով երեւալ, փոխանակ իր գործով զբաղվի», կամ էլ անկեղծանում էին, որ իսկապես քարոզարշավի էր նման, որն անընդունելի է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս