ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ ընդհանրապես մասնակի սուբսիդավորման ծրագրով գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են տարեկան 4% դրույքաչափով, սակայն որոշ համայնքներում այն 6% է կազմում: Ինչո՞վ է պայմանավորված տոկոսադրույքի չափի տարբերությունը, եւ ի՞նչ սկզբունքով է դա որոշվում:
Գրիշա Համբարձումյան
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նպատակով ՀՀ կառավարության կողմից 31.03.2011թ. ընդունվել է «ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N1748-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշումը:
Նույն որոշմամբ հաստատվել է «Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգ»-ը, որի 3-րդ հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքի 4 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ հանրապետության առավել կարիքավոր համայնքների վարկառուների վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):
Ցուցակում ներառված 225 վարկառուների համար, որպես ընտրության չափանիշ, հաշվի է առնվել նրանց աղքատության մակարդակը, ինչպես նաեւ հեռավոր ու սահմանամերձ գոտիներում գտնվելու հանգամանքը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ վարկի չափը որոշողը շարունակում է մնալ մասնավոր բանկը: Կառավարությունն ընդամենը 4%-ը վճարելու պատասխանատվություն է վերցնում՝ աննկարագրելիորեն բարձր տոկոս-վճարաչափը թողնելով մասնավոր բանկի հայեցողությանը: Արդյունքում գյուղացիական վարկերից օգտվող տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք չեն կարողացել մարել բանկի չափազանց բարձր տոկոսագումարները, հայտնվել են սնանկացման եւ իրենց գրավադրված բնակարանները կորցնելու վտանգի առաջ: