«Միսիս Գլոբ»-ում մեր մասնակցի հաղթելու շանսերը շատ մեծ են» (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ «Միսիս գլոբ» ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնելու է մոդել Աննա Դեմիրխանյանը: Մրցույթը տեղի է ունենալու Չինաստանի Շենժեն քաղաքում, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը: Աննա Դեմիրխանյանի մասնակցությունը մրցույթին հաստատվել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած քաստինգի արդյունքում:

«Միսիս գլոբ»-ին այս տարի մասնակցում են 60 երկրների գեղեցկուհիներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է Աշոտ Խաչատրյանի հետ մեր մասնակցի հաղթելու շանսերի շուրջ:

12233336_1007823389274561_290704584_n

-Պարո՛ն Խաչատրյան, «Միսիս Գլոբ» մրցույթին ներկայանալու համար հայ կանայք ի՞նչպիսի ակտիվություն են ցուցաբերում: Մենք հիշում ենք, օրինակ, Գոհար Հարությունյանի մասնակցությունն այս մրցույթում:

-Մենք էլի ենք ունեցել մասնակիցներ, օրինակ` նախորդ տարվա մեր ներկայացուցիչը մրցույթում տաղանդավոր Վիկտորիա Մանուչարյանն էր: Պարզապես նախորդ մասնակիցներին լրատվամիջոցները շատ չանդրադարձան: Աննայի դեպքում արձագանքները, կարծես, մեծ են:

-Մասնակցությունը «Միսիս Գլոբ»-ին մեր երկրին ի՞նչ կտա:

-Նախ` ճանաչում: Մրցույթում կան մասնակիցներ, որ չգիտեն անգամ Հայաստանի տեղը, մեր երկիրը շփոթում են Ռումինիայի, Ալբանիայի հետ: Արտասահմանում, օրինակ, մեծ տեղ են տալիս մոդելինգին, գեղեցկության մրցույթներին, քանի որ դրանք իրենց երկրներին, ինչպես նշեցի, ճանաչում են բերում: Եվ հետո սա շատ հզոր մրցույթ է` կազմակերպված բարձր մակարդակով: Ես վստահ եմ, որ ղեկավարները կլինեն օբյեկտիվ ու անաչառ:

12248828_1007822852607948_835153038_n

-Կարծես թե հայերիս շրջանում գեղեցկության մրցույթների նկատմամբ հետաքրքրության նոր ալիք է բարձրացել, այո՞: Օրինակ` «Միսիս Գլոբ»-ին մասնակցելու համար շա՞տ հայ կանայք էին դիմել:

-Հայերի հետաքրքրության շրջանակը նախկինում սահմանափակվում էր միայն Լուսինե Թովմասյանով եւ Գոհար Հարությունյանով: Վերջինս, օրինակ, ժամանակին մասնակցել է «Միսս ԱՊՀ»-ին, որն, ի դեպ, այսպես ասած` «одноразовый» մրցույթ էր: Բայց մենք անընդհատ դա ենք հիշում: Այնինչ՝ մենք ունենք մեծ թվով գեղեցկուհիներ, որոնք մասնակցել են տասնյակ անգամ ավելի հեղինակավոր մրցույթների եւ հաջողություններ գրանցել: Ինչ վերաբերում է քասթինգին, ապա՝ այո, մեզ դիմել էին մի քանի տասնյակ կանայք, որոնցից ընտրվել է Աննան: Ես զգում եմ, որ մասնակիցների շրջանում մեր նկատմամբ վստահությունը մեծացել է, իսկ մեզ համար ամենակարեւորը նրանց անվտանգությունն ապահովելն է:

12233029_1007822849274615_538076759_n

Այսօր շատ մարդիկ «արկածախնդրությամբ» են զբաղվում, անօրինական կերպով մրցույթներ են կազմակերպում, մրցանակային գումարներ են խոստանում, իսկ մասնակիցները հաճախ դառնում են թրաֆիքինգի զոհ: Ուստի գեղեցկության մրցույթների մասնակցել ցանկացողներին խնդրում ենք կարդալ կազմակերպիչների, նրանց գործունեության մասին եւ զգուշանալ, քանի որ համացացը ողողված է «վտանգավոր մրցույթների» մասին տեղեկատվությամբ:

-Պարո՛ն Խաչատրյան, իսկ Աննա Դեմիրխանյանի հաղթանակը «Միսիս Գլոբ»-ում որքանո՞վ եք հավանական համարում:

-Աննան, միանշանակ, մրցույթի հիմնական լիդերներից է, վստահ եմ, որ առաջնակարգ տեղ պետք է գրավի, նրա հաղթելու շանսերը շատ մեծ են: Մեր մասնակիցն ունի մեծ հնարավորություններ՝ առնվազն թոփ հնգյակում ընդգրկվելու համար: Աննան արտակարգ գեղեցիկ է, ունի յուրահատուկ խարիզմա: Բացի արտաքին տվյալները` նա շատ մարդամոտ է, սիրալիր, ընկերական, ինչը կարեւոր նախապայման է:

Շատ եմ գնահատում նաեւ նրա պարտաճանաչությունն ու պատասխանատվությունը իր աշխատանքի նկատմամբ: Աննայի հետ լավ թիմ է աշխատում, արդեն պատրաստ է նաեւ մեր մասնակցի մրցութային տեսահոլովակը, որտեղ նա շատ անկեղծ է, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանը ներկայացնող մեծահարուստ մասնակցի:

Մեր մասնակիցն ունի նաեւ լավ ընտանիք, փոքրիկ աղջիկ, նա հրաշալի մայր է: Ես մեծ հույսեր եմ կապում Աննայի հետ եւ խորհուրդ եմ տվել լինել ինքնավստահ: Ի դեպ, ես մտածում եմ, որ նա լավ թեկնածու է նաեւ առաջիկայում կայանալիք «Միսիս աշխարհ» մրցույթի համար:

-«Միսիս Գլոբ»-ի շրջանակում, թերեւս, կլինի նաեւ տաղանդի մրցույթ: Այդ առումով Աննան որքանո՞վ է պատրաստված:

-Նա որոշել է հայկական պար ներկայացնել: Բայց մենք շեշտը դրել ենք ոչ թե տաղանդն ի ցույց դնելու, այլ հաղթելու վրա, որպեսզի նա հայտնվի առնվազն թոփ հնգյակում:

-Իսկ հայաստանցիներս մրցույթը դիտելու հնարավորություն կունենա՞նք:

-Այն մեզ մոտ չի հեռարձակվելու, բայց Չինաստանում` անպայման: Երեւի հետագայում տեսանկարահանումը կբերենք, կառաջարկենք մեր հեռուստաընկերություններին:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ն առաջիկայում կփորձի զրուցել նաեւ մեր գեղեցկուհու` Աննա Դեմիրխանյանի հետ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս