ԹԱԳԱՎՈՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԷՐ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին ասորիները նշում են իրենց Նոր տարին: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ասորի հայտնի դերասան, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահ Ռազմիկ Խոսրոեւն է, որը ներկայացրեց ասորական Նոր տարվա խորհուրդն ու ասորահայ համայնքի խնդիրները:
-Նոր տարվա արարողությունը գալիս է դարերի խորքից, այդ մասին նույնիսկ Աշուրբանապալի` ասորի թագավորի կավե թերթիկներն են վկայում: Երբ Եփրատն ու Տիգրիսը դուրս են գալիս ափերից, ամենակարող աստված Մարդսուկը, որն իր հավասարը չուներ աստվածների մեջ, կռվի է ելնում ծովերի ու ջրերի արքայի դեմ եւ հաղթում նրան: Նոր տարվա արարողության ամենակարեւոր պահն այն էր, երբ թագավորը վայր էր դնում մականը, չէին գործում դատարանները, ստրուկներն ազատ էին, երեխաներին չէին պատժում: Մի խոսքով, թագավորը դառնում էր սովորական մարդ, ժողովուրդն ուրախ էր, երգում էր, պարում` փառաբանելով ամենակարող աստծուն: Ի դեպ, աշխարհի առաջին օրենսգրքի` Համմուրաբիի օրենսգրքի յոթերորդ կետը նվիրված է Նոր տարվա արարողությանը, որի առաջ հավասար էին բոլորը եւ հավասար իրավունքներով 13 օր ազատություն էին վայելում: Այդ արարողությունը հետագայում անցավ Հունաստան, իսկ այնտեղից` Եվրոպա:
-Հայաստանում այն ինչպե՞ս է նշվում:
-Հայաստանում ապրիլի 1-ին միջոցառումներ են կազմակերպվում, բեմադրվում են այն տեսարանները, թե ինչպես են թագավորը, թագուհին, ժողովուրդն ընդհանրապես, ուրախանում, երգում, պարում: Իսկ սովորաբար սեղան են գցում, մեկը մյուսին հյուր գնում, շնորհավորում այդ հրաշալի տոնը, երբ արդեն ծաղկում են ծառերը, ծաղիկները, եւ ցանկանում, որ տարին ավելի բերքառատ լինի: Բացի այդ, ամեն մեկը պահում է իր երազանքը: Նույնիսկ հայերի նման գաթա են թխում, մեջը ինչ-որ բան դնում եւ հետեւում, թե այն ում բաժին կհասնի: Մի խոսքով, ավանդական սովորույթներ կան, որոնք արեւելքի համար ընդհանուր են եւ հեթանոսական շրջանից անցել են քրիստոնեությանը:
-Ի՞նչ հիմնախնդիր ունի ասորական համայնքը Հայաստանում:
-Մեր հիմնախնդիրները կրթական, մշակութային են, որոնք գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Դրա ապացույցն այն է, որ բոլոր ասորական գյուղերում կրթական համակարգը պետականորեն հովանավորվում է, ինչը մեզ համար շատ կարեւոր է. մինչեւ հիմա հիմնականում ապրել ենք բանավոր խոսքի շնորհիվ:
-Ցեղասպանության ճանաչման հարցում համագործակցո՞ւմ եք որեւէ մարմնի հետ:
-Ցեղասպանությունը ասորիների համար առանձին, մանավանդ վերջին 15-20 տարիներին, շատ արծարծվող թեմա է, եւ Հայաստանի ազգային ակադեմիան ու  Ասորական համաշխարհային ալյանսն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում այն: Չէ՞ որ մեկուկես միլիոն հայ անմեղ զոհերի կողքին պիտի հաշվեն 850 հազար ասորիների, որոնք ապրել են հայերի հետ Դիարբեքիրում, Անիում, Վանում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս